Հովելի մարգարեության մեկնություն 3:13

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

13-16. Մանգաղները գործի՛ դրեք, որովհետև հունձքը հասունացել է. եկե՛ք, տրորե՛ք, որովհետև հնձանը լեցուն է, և նրա ավազանները զեղվում են, որովհետև բազմացել է նրանց չարությունը։ Ձայներ որոտացին դատաստանի դաշտում, քանզի մոտ է Տիրոջ օրը դատաստանի հովտում։ Արեգակն ու լուսինը պիտի խավարեն, իսկ աստղերը թաքցնեն իրենց փայլը։ Եվ Տերը պիտի աղաղակի Սիոնից և ձայն տա Երուսաղեմից։ Երկինքն ու երկիրը պիտի սասանվեն։
   
    Կարծես շեփորի միջոցով Նա հրամայեց Հուդայի երկրի հարևան ժողովուրդներին՝ հավաքվել Հովսափատի հովտում՝ արաբներին, տյուրոսացիներին, քետացիներին, փղշտացիներին, մովաբացիներին, եդոմացիներին, ամոնացիներին և գերգեսացիներին՝ որպես նրանց, ովքեր անմիջապես պիտի կործանվեն Դատավորի առջև և խիստ պատասխանատվության ենթարկվեն։ Այժմ Նա ոգեշնչում է իսրայելացիներին անխոչընդոտ ձգտումներով և անսասան քաջությամբ և ասես խրախուսում է նրանց հարձակվել հավաքվածների վրա: Ասում է, որ դա պետք է անեն նաև նրանք, ովքեր վախենում են պատերազմի սարսափներից և ընդհանրապես մարտի չեն գնում, այլ մեծ կարևորություն են տալիս փափուկ կյանքին, զվարճանում են և ուրախանում նրանց պես, ովքեր խաղողի առատ բերք են հավաքում: Ահա թե ինչու է նա ասում. «Գործի՛ դրեք մանգաղները, որովհետև խաղողի բերքահավաք կա» («գործի՛ դրեք» նա օգտագործեց «վերցնել» բառի փոխարեն, ինչպես սովորաբար անում են խաղող քաղողները), որովհետև նրանք պետք է լիովին պատրաստ լինեն ոչնչացնելու և կոտորելու: Ասում է՝ թող թշնամին կտրվի, ինչպես խաղողի ողկույզը, թող նա մեծ թվով ոտքի տակ տրվի և ոտնակոխ արվի հնձաններում: «Մտե՛ք,- ասում է նա,- ոտնակո՛խ արեք, որովհետև հնձանը լիքն է», այսինքն բազմաթիվ ազգեր են հավաքված կործանվելու համար, և չկա ոչ մի խոչընդոտ՝ նրանց ձեր ոտքերի տակ հայտնվելու համար։ «Ավազանները զեղվում են»՝ սա մատնանշում է կործանման համար հավաքված բազմաթիվ ազգերին, որովհետև խաղողի առատության պատճառով գինին հաճախ հեղվում է հենց հնձաններից: Այսպիսով «ավազանները զեղվում են» խոսքերը ցույց են տալիս, ոտքի տակ ընկած բազմությանը:
    «Ձայներ որոտացին դատաստանի դաշտում»։ Ի՞նչ է սա նշանակում։ Սովորաբար սուրբ մարգարեները կանխատեսում են ապագան և մտքով տեսնում այն իրադարձությունները, որոնք մի օր տեղի են ունենալու: Այնպես որ թվում է, թե նրանք արդեն տեսնում են այդ իրադարձությունները և լսում են ձայները: Երբ Նաբուգոդոնոսորը մարտի մեջ մտնելով պատրաստվում էր ավերածություններ անել, Երեմիան ասես հոգով տեղափոխվեց՝ տեսնելու պատերազմի սոսկալի տեսարանները և, տեսնելով անթիվ-անհամար մեռելների, ասաց. «Վա՜յ ինձ, որ հոգիս մահու չափ խոցվեց սպանվածների համար» (Երեմ. 4:31): Կարծում եմ, որ նմանատիպ բան զգացել է նաև Հովելը և, հավանաբար, իր լսողությամբ ընկալել աղմուկը, որ լինում է պատերազմի ժամանակ, որի համար ասում է. «Ձայներ որոտացին դատաստանի դաշտում»։ Դատաստանի դաշտը դա մարտի վայրն է, որտեղ ժողովուրդները հավաքվել էին ոչ այլ բանի, այլ միայն դաժան պատիժ ստանալու համար: Ասում է, թե լսվում են ձայներ, և լսվում են այնտեղ ընկածների ճիչեր, որովհետև մարտի ժամանակ պատահում է, որ պարտվողները հառաչանքներ են արձակում, իսկ հաղթողները ցնծության ճիչեր են արձակում ընդդեմ պարտվածների և մեծապես պարծենում նրանց վրա:
    «Արեգակն ու լուսինը,- ասում է նա,- պիտի խավարեն, և աստղերն էլ կթաքցնեն իրենց փայլը» ոչ թե այն պատճառով, որ այդ ժամանակ տարրերը պիտի մատնվեն դրան, այլ որովհետև պատերազմը կարծես խավար կծնի, և կարծես մշուշ կսփռի պարտվածների աչքերին: Քանզի մահվան երկյուղը միշտ խավար է բերում, և անսպասելի աղետի ծանրությունը թուլացնում միտքը ու խավարեցնում հոգին, ինչպես արևը նրանց մեջ, ովքեր ենթարկվում են անասելի տառապանքների: Ասում է, թե Տերը պիտի աղաղակի՝ ասես այնտեղ ներկա լինելով և նրանց հետ մարտնչելով, և իբրև զորավար՝ կոգեշնչի իսրայելացիներին՝ հարձակվելու թշնամիների վրա: Բայց հատկապես տեղին է ասել, որ համընդհանուր հարության ժամանակ Տերը կարծես ձայն կտա Սիոնից, որովհետև ինչպես Պողոսն է ասում. «Տերն Ինքը, ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով և Աստծու շեփորով պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածներն առաջինը հարություն պիտի առնեն» (Ա Թես. 4։15): Դա նախանշել է նաև Մովսեսի օրենքը, որովհետև նա հրամայում էր իսրայելացիներին փող հնչեցնել նորալուսնի օրերին: Իսկ նորալուսնի մեջ կարելի է տեսնել նոր եկող դարաշրջանի շատ հստակ պատկերը, որը հաջորդում է առաջինին: Շեփորը՝ հրեշտակի փողի ամենալուր ձայնի և Աստծուց ուղարկված շեփորի նշանը, արտասովոր բարձր հնչելով արթնացնում է նրանց, ովքեր հանգչում են հողում: Պետք է իմանալ, որ Տերն ևս, Ղազարոսի վրա հրաշագործելով, մտավ գերեզման, և ինչպես պատմում է ավետարանիչը. «Բարձր ձայնով աղաղակեց՝ Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի» (Հովհ. 11:43), թեպետ Նա մարգարեի միջոցով ասում է, թե չի հակառակվի, «չի աղաղակի... և նրա ձայնը ոչ ոք չի լսի» (Եսայի 42:2):
    Այսպիսով, այն, որ Փրկիչը բարձր ձայնով մեռելներից հարություն տվեց Ղազարոսին, ծառայում է որպես նշան փողի և դրանից հնչող ամենալուր ձայնի, որ գալու է երկնքից և պիտի հասնի մինչև երկրի բոլոր ծայրերը:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Գործի դրե՛ք մանգաղը, որովհետև հասել է հունձը, գնացե՛ք, իջե՛ք, քանի որ հնձանը լի է և կարասները հորդում են, քանի որ նրանց չարությունը մեծ է: (Սինոդական թարգ․)[1]3
   
    «Գործի դրե՛ք մանգաղը և այլն» խոսքը Աստծո անունից է և հասցեագրված է հերոսներին, այսինքն՝ հրեշտակներին, որոնց Տերը բերել էր դատաստանի հովիտ: «Գնացե՛ք, իջե՛ք», այսինքն՝ գնացե՛ք Հովսափաթի հովիտը: «Իջե՛ք»−ի փոխարեն սլավոներենում «կոխոտե՛ք» է (πατεῖτε)։ Յոթանասնիցում, համատեքստին համապատասխան,  եբրայերեն «րեդու−реду»−ն բխել է ոչ թե «իջնել» նշանակող «իյարդ−йарад»−ից (ինչպես ռուսերենում է), այլ «րադա−рада»−ից, որը նշանակում է «կոխոտել»: «Քանի որ հնձանը լի է, և կարասները հորդում են». հնձանը (եբրայերեն՝ «գատ−гат») խաղող և ձիթապտուղ քամելու համար նախատեսված, քարի վրա փորված կամ էլ հողի մեջ փորված և քարերով շարված մի փոս է: Հնձանը բաղկացած է երկու մասից. 1) հենց հնձանը,  որտեղ լցնում էին խաղողը կամ ձիթապտուղը, 2) Եվ ամանը (подточилия или чана),  որտեղ  հոսում էր հյութը (Զաք. 14։10, Ես. 5։2, Մատթ. 21:33, Մարկ. 12։1, Հայտ. 14:20): Հնձի և խաղողի հավաքի պատկերները ներկայացնում են Վերջին Դատաստանի պատկերը: Հնձի պատկերով այն միտքն է արտահայտվում, որ  դատարանը կգա նշանակված ժամանակին, երբ բերքը հասունանա, և  որ դատաստանին հաջորդելու է բարիների բաժանումը չարերից։ Սա շատ նման է լինելու հնձից հետո կալսելու և քամուն տալու միջոցով ցորենը եղեգից զատելուն (Մատթ. 13։39, Հայտ.14:15−18): Հնձանի պատկերը  մեղավորների դեմ բոցավառվող և նրանց սպառող Աստծո ցասման պատկերն է, որը նման է հնձանում խաղողի ոսկորների ճմլվելուն: «Քանի որ բերքը հասունացել է» արտահայտության փոխարեն սլավոներենում «ինչ վերաբերում է խաղողի բերքահավաքին−яко предстоит объимание винограда» (ὁτρυγητός) տարբերակն է: Հունարեն «τρυγητός»−ը նշանակում է ոչ միայն խաղողի բերքահավաք, այլև ընդհանրապես բերք:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․)Գործի՛ դրէք մանգաղը, որովհետեւ հասել է հունձը, եւ մտէ՛ք, կոխոտեցէ՛ք, որովհետեւ լցուել է հնձանը, եւ փոսերը յորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը»:
(Արարատ թարգ․)Մանգաղը գործի՛ դրեք, որովհետև հասել է հունձը, եկե՛ք, իջե՛ք, որովհետև լցվել է խաղողի հնձանը, տակառները հորդում են, մեծ է նրանց չարությունը։
(Գրաբար) Արկէ՛ք մանգաղ՝ զի հասեալ են կութք. մտէ՛ք կոխեցէ՛ք զի լցեա՛լ են հնծանք՝ և զեղո՛ւն գուբք. զի բազմացա՛ն չարիք նոցա։