Մեկնություն Հովելի Մարգարեության 3:16

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Եվ Տերը պիտի աղաղակի Սիոնից և ձայն տա Երուսաղեմից։ Երկինքն ու երկիրը պիտի սասանվեն։
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:13
   
16-17. Բայց Տերը պիտի խնայի Իր ժողովրդին և պիտի լսի Իսրայելի որդիներին։ Եվ պիտի ճանաչեք, որ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ Սիոնում՝ Իմ սուրբ լեռան վրա, և Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարազգիները այլևս նրա միջով չպիտի անցնեն։
   
    Երբ իսրայելացիները, Աստծուն դավաճանելով, մեղանչում էին և երկրպագում էին ոսկե հորթերին ու անօրինաբար ասում. «Ահա քո աստվածները, ո՛վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին Եգիպտոսի երկրից» (Ելք 32։4), այդ ժամանակ նրանք խիստ տկար էին, հեշտությամբ պարտվում էին և հեշտ որսալի էին լինում թշնամիների համար, որի համար էլ գերեվարվում էին: Բայց այն բանից հետո, երբ Աստված դադարեցրեց Իր բարկությունը նրանց նկատմամբ, և նրանք ողորմություն ստացան ու բնակություն հաստատեցին իրենց երկրում, նրանք անպարտելի ու անդիմադրելի դարձան իրենց թշնամիների համար և առանց դժվարության հաղթեցին նրանց, չնայած որ բոլոր ազգերը հավաքվել էին՝ կռվելու նրանց դեմ: Այսպիսով, ասում է, ելնելով այն բանից, որ նրանք հաղթեցին իրենց թշնամիներին, պետք է իմանան, որ Նա նրանց մեջ է և ի վերջո բնակվում է Սիոնում՝ որպես սուրբ քաղաքում: Ուստի ասում է, որ կողորմի իր ժողովրդին և հույժ կզորացնի, և նրանք կհամոզվեն, որ Նա իրենց հետ է: Ասում է՝ Երուսաղեմը սուրբ կլինի, լիովին կմերժի հին անաստվածությունը, քանի որ այլևս չեն լինի սուտ մարգարեություններ և մոգություններ, հակառակը՝ կթագավորի Օրենքին համապատասխան կյանքը, և նրանք բարեհաճութեամբ պիտի վայելեն ամենասիրելի զբաղմունքները։ Երբ նա (Սիոնը) այսպիսի վիճակում լինի և ունենա նման կենցաղավարություն, այն ժամանակ, ասում է, թշնամիներից ոչ ոք չի անցնի նրա միջով, անմատչելի կլինի բոլորի համար և չի կողոպտվի նրանց կողմից, ովքեր կանցնեն իր միջով, ինչպես նախկինում: Հակառակը՝ այն լիովին անվտանգ կլինի և Իմ զորությամբ և օգնությամբ կպաշտպանվի ինչպես ամուր պարիսպ:
    Արդար կլինի սա ընկալել նաև Քրիստոսի Եկեղեցու առումով, որովհետև Նա հոգ է տանում Իրեն երկրպագողների համար, դարձնում է նրանց թշնամուն հաղթողներ, ամուր և հզոր, հոգևոր զորությամբ լեցուն, գիտակցելով և հավատալով, որ Աստված բնակվում է նրանց մեջ Հոգու միջոցով: «Նա բնակվում է մեր սրտերում հավատքի միջոցով» (Եփես. 3։17): Հովհաննես ավետարանիչն էլ ասում է. «Սրանով գիտենք, թե մենք Նրա մեջ ենք բնակված, և Նա էլ՝ մեր մեջ, այն, որ Նա Իր Հոգուց տվեց մեզ» (Ա Հովհ. 4:13): Իսկապես սուրբ է հոգևոր Երուսաղեմը, այսինքն՝ Եկեղեցին, սուրբերի դասերը: Այն չի ծառայում որպես անցուղի օտարերկրացիների համար, որովհետև «Նրանք, որ Քրիստոսինն են, խաչն են հանում իրենց մարմինները» (Գաղ. 5։24): Հիշում եմ նաև Իմաստունի խոսքերը, որն ասում է. «Եթե իշխանի զայրույթը բռնկվի քո դեմ, դու մի՛ լքիր քո տեղը, որովհետև մեղմությունը կարող է կանխել մեծ հանցանքները» (Ժող. 10։4): Նրանք ունեն անսասան սիրտ՝ անհասանելի պիղծ ոգիների ո՛չ ոտքով, ո՛չ ձիով հարձակումներին, այլ հակառակը՝ ամուր և անսասան պաշտպանված են ճշմարտության դավանանքով:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

16-22․ Եվ Տերը Սիոնից կգոչի, և Իր ձայնը կհնչեցնի Երուսաղեմից, կցնցվեն երկիրն ու երկինքը․ [16] սակայն Տերը կլինի Իր ժողովրդի պահապանը և  Երուսաղեմի որդիների պաշտպանը: Այդժամ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ Իմ սուրբ Լեռան՝ Սիոնի վրա. Երուսաղեմը սուրբ կլինի, և այլազգիներն այլևս չեն անցնի նրա միջով։ Եվ կլինի, որ այն օրը լեռները քաղցրություն կբխեցնեն բլուրները կաթ կհորդեն, և Հուդայի բոլոր աղբյուրները ջուր կբխեցեն  և Տիրոջ տնից աղբյուր կբխի և կոռոգի եղեգների հովիտը: Եգիպտոսը կվերածվի անապատի, և Եդովմը ամայի դաշտի, քանի որ անիրավեցին Հուդայի որդիների և նրանց արդար արյունը թափեցին իրենց հողում: Սակայն Հուդայի երկիրը հավիտյան կբնակվի, և Երուսաղեմը սերնդեսերունդ: Ես կպահանջեմ նրանց արյունը, որը դեռ չեմ պահանջել, և Տերը կբնակվի Սիոնում: (Սինոդական թարգ․)
   
    16−րդ համարից սկսած՝ մարգարեն խոսում է Աստծո ժողովրդի համար դատաստանի օրվա նշանակության մասին: Հաղթելով հեթանոսներին՝ Տերը հանդես կգա որպես Իսրայելի պաշտպան, որն էլ երջանիկ կլինի:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․)Տէրը Սիոնից կը կանչի, Երուսաղէմից ձայն կը տայ, եւ կը շարժուեն երկինքն ու երկիրը.
(Արարատ թարգ․)Եվ Տերը պիտի ձայնի Սիոնից և Երուսաղեմից պիտի գոչի, երկինքն ու երկիրը պիտի դողան, բայց Տերն ապավեն պիտի լինի իր ժողովրդին և ամրոց՝ Իսրայելի որդիներին։
(Գրաբար) Եւ Տէր ի Սիոնէ գոչեսցէ, և յԵրուսաղեմէ տացէ զձայն իւր. և շարժեսցի՛ն երկինք և երկիր։