Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
19-21. «Եգիպտոսը պիտի կործանվի, և Եդոմը ամայի դաշտ պիտի դառնա Հուդայի որդիների նկատմամբ գործած անիրավության համար, քանի որ իրենց երկրում անմեղ արյուն թափեցին։ Իսկ Հուդան հավիտյան պիտի բնակեցվի, և Երուսաղեմը՝ սերնդեսերունդ։ Ես վրեժխնդիր կլինեմ նրանց արյան համար և անպատիժ չեմ թողնի [մեղավորներին]․ և Տերը պիտի բնակվի Սիոնում»։
«Ինչ վերաբերում է այս խոսքերի պատմական իմաստին, ապա Եգիպտոսն իսկապես պատժի ենթարկվեց, որովհետև նա զրկվեց թագավորությունից, երբ Կյուրոսի որդի Կամբյուսեսը կործանեց այն, իսկ Եդոմն ամայացավ, ինչի մասին վկայում է հենց իրողությունը։ Այդուհանդերձ, թվում է, թե այս խոսքերում մարգարեական պատգամը մեզ մատնացույց է անում այն խորհրդավոր տնօրինությունը, որ կատարեց Միածինը, երբ մարդացավ: Սուրբ Գիրքը սովորաբար դևերի բազմությանը և սրբերի մշտական հակառակորդներին համեմատում է մոլի կռապաշտների և դեպի կռապաշտությունը շեղվածների հետ։ Այսպիսով, ասում է, կկործանվի այն ամենը, ինչ թշնամական է, ինչպես եգիպտացիներն ու եդոմացիները, որովհետև անսասան է Քրիստոսի խոստումը, որ ասում է Եկեղեցու մասին. «Դժոխքի դռները նրան չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16:18)։ Իսկ այն, որ չար ուժերը պատժվելու են մարդկանց դեմ գործած իրենց հանցանքների համար, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր համարձակվում են նմանատիպ գործեր անել՝ կա՛մ որևէ մեկին շեղելով հելլենական (հեթանոսական) մոլորությամբ, կա՛մ ներքաշելով «անարգ մտքերի» մեջ (Հռոմ. 1:28), կա՛մ սովորեցնելով տրվել ամեն տեսակի այլասերվածությունների, հստակ մատնանշում է այդ ամենի մասին՝ ասելով, թե դրա հետևանքով կկործանվեն Սիոնի դեմ պատերազմողները, «որովհետև անմեղ արյուն թափեցին» և անտանելի վիրավորանքներ հասցրին Հուդայի որդիներին, այսինքն՝ սրբերին՝ խոստովանության զավակներին, քանզի Հուդա խոստովանություն է նշանակում։ Աստծուց ներշնչված Դավիթը ևս ինչ-որ տեղ խոսում է անիրավացիորեն սպանվածների մասին՝ ասելով. «Որովհետև նրանց արյան համար վրեժխնդիր լինելիս Տերը հիշեց» (Սաղմ. 9։13): Իսկ սատանային, որը ներկայացված է Ասորեստանի պատկերով, ասում է. «Ինչպես արյան մեջ թաթախված հագուստը մաքուր չի լինի, այնպես էլ դու մաքուր չես լինի, որովհետև դու ավերեցիր Իմ երկիրը և կոտորեցիր Իմ ժողովրդին. դու հավիտյան չես մնա» (Ես. 14։20): Այսպիսով, ասում է, Սիոնի թշնամիները պիտի կործանվեն, «իսկ Հուդան հավիտյան պիտի բնակեցվի, և Երուսաղեմը՝ սերնդեսերունդ»: Ոչ թե այն [քաղաքը], որն ամայացվեց ու այրվեց (քանզի Տերը և Աստված Ճշմարտությունն է, և անսուտ է Նրա խոսքը), այլ հոգևոր, երկնային, վերին Երուսաղեմը և երկնային Սիոնը՝ այդ փառահեղ ու գեղեցիկ քաղաքը, որի ճարտարապետը, հիմնադիրը և կառուցողը Աստված է, և որի մեջ մտնելը թող հնարավոր լինի նաև մեզ համար՝ Քրիստոսի միջոցով։
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եվ կլինի, որ այն օրը լեռները քաղցրություն կբխեցնեն բլուրները կաթ կհորդեն, և Հուդայի բոլոր աղբյուրները ջուր կբխեցեն և Տիրոջ տնից աղբյուր կբխի և կոռոգի եղեգների հովիտը: (Սինոդական թարգ․)[19]
Իսրայելի ապագա բարգավաճման պատկերավոր նկարագրությունը.․․ Լեռները, որոնց վրա խաղող է աճեցվում, բերքի այնպիսի առատությամբ կլցվեն, որ դրանցից գինի կհորդի, բլուրները, որտեղ կովերն են արածում, կաթ կբխեցնեն, իսկ երաշտի փոխարեն ջրի առատություն կլինի: «Բոլոր աղբյուրները» («վէկոլ աֆիկե−вэколь афике»), այսինքն՝ լեռներից սնվող և ամռանը ցամաքող ջրի աղբյուրները: «Եվ Տիրոջ տնից աղբյուր կբխի և կոռոգի եղեգների հովիտը» հատվածը («նահալ հաշշիտտիմ− нахаль хашшиттим») սլավոներենում «водо течьсития» (եղեգի աղբյուր) տարբերակով է: «Սիկիմի» կամ «ակացիաների» հովիտ կոչվում էր Հորդանանի մյուս կողմում՝ Մոավիտական երկրում գտնվող հովիտը (Թվ. 25:1 և այլն, Հեսու. 3:1): Հովիտն այս անվանումը ստացել է «շիտտա−шитта»−«ակացիա» բառից, քանզի այնտեղ աճում էին չորային հող սիրող ակացիաներ: Ըստ բազմաթիվ մեկնաբանների՝ մարգարեն 18−րդ համարում հենց վերոնշյալ Հովիտը նկատի ունի: Մյուսները եբրայերեն «нахаль хашшиттим» արտահայտությունը հասարակ անվան իմաստով են հասկանում (չոր հող) և ենթադրում են, որ մարգարեն նկատի ունի Կեդրոնյան հովիտը (Միքայելիս) կամ Երուսաղեմի արևմուտքում ընկած Վադի ալ–Սանթին, որով անցնում է դեպի Ակարոն տանող ճանապարհը (Վելհաուզեն, Նովակ): «Хашшиттим» բառը երկու տարբերակով հասկանալու դեպքում էլ պատկերի իմաստն այն է, որ երկրում ջրի առատություն է լինելու, և ոռոգման միջոցները հրաշքով փոխվելու են (Եզ. 47:1, Զաք. 14:8): Սուրբ Հոգու հեղման մասին Հովել մարգարեի խոստման հետ կապելով՝ նաև 18−րդ համարի պատկերների մեջ կարելի է Քրիստոսի Եկեղեցում հորդող շնորհների պատկերը տեսնել:
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 1:16
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․)Այո՛, կը լինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կը բխեցնեն, բլուրները կաթ կը յորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կը բխեցնեն, Տիրոջ Տանից աղբիւր կը բխի եւ կ՚ոռոգի շրջակայքի ձորը:
(Արարատ թարգ․3։18)Եվ այդ օրը սարերն անուշ գինի պիտի հեղեն, և բլուրները կաթ հոսեցնեն, և Հուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բխեն, իսկ Տիրոջ տնից մի աղբյուր պիտի դուրս գա և ոռոգի Սատիմի ձորը։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ բղխեսցե՛ն լերինք զքաղցրութիւն, և բլուրք յորդեսցեն զկաթն, և ամենայն աղբեւրք Յուդայ բղխեսցեն ջուրս։ Եւ աղբեւր ի տանէ Տեառն ելցէ, և արբուսցէ զձորն վիճակաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: