Հովելի մարգարեության մեկնություն 3:5

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)

Որովհետև դուք առաք Իմ արծաթն ու Իմ ոսկին և Իմ ամենաընտիր թանկարժեք զարդերը ձեր մեհյանները տարաք:
   
Տե՛ս Հովելի մարգարեության մեկնություն գլուխ 3:4
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Քանի որ դուք վերցրեցիք Իմ արծաթն ու Իմ ոսկին, և Իմ ամենաընտիր հարստությունները ձեր մեհյանները տարաք: (Սինոդական թարգ․)[5]
   
    Այսպիսով՝ փյունիկեցիների եւ փղշտացիների հանցանքը (Տեր Աստծուց «վրեժը») այն էր, որ  նրանք կողոպտեցին իսրայելական երկիրը և գերի ընկած հրեաներին վաճառեցին հեռավոր երկրներում: Ըստ եկեղեցու ուսուցիչների բացատրություն՝  5−րդ և 6−րդ համարներում մարգարեն նկատի ունի ապագա իրադարձությունները՝ բաբելոնացիների ներխուժումը (Թեոդորոս Կյուրացի), Զորաբաբելի ժամանակը (սուրբ Եփրեմ Ասորի) կամ Հռոմեական իշխանության դարաշրջանը (Հերոնիմոս): Բայց կարելի է մտածել, որ մարգարեն խոսում է փղշտացիների կողմից Երուսաղեմը կողոպտելու մասին, որը տեղի է ունեցել Հորամի թագավորության ժամանակ (Բ Մնաց. 21:16, 17), չնայած Բ Մնացորդաց գրքի պատմության մեջ փյունիկեցիների մասնակցության մասին չի էլ հիշատակվում: «Իմ արծաթն ու Իմ ոսկին» բառերով այն միտքն է արտահայտվում, որ ընտրյալ ժողովրդի և՛ երկիրը, և՛ հարստությունը Տեր Աստծու սեփականությունն են: Բայց մոտակա իմաստով մարգարեն խոսում է տաճարի գանձերի մասին: «Եվ ամենաընտիր հարստությունները» («ումախամադայ խատտօվիմ−умахамадай хаттовим»), սլավոներենում «Իմ ընտրյալները և բարիքները» է, որը համապատասխանում է հունարեն մի քանի ձեռագրերի «τὰ ἐπιλεκτά μου καὶ τὰ καλὰ»  ընթերցմանը։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․)այն բանի փոխարէն, որ իմ արծաթն ու ոսկին առաք իմ ընտիր-ընտիր ու գեղեցիկ անօթները տարաք ձեր մեհեանները
(Արարատ թարգ․)որովհետև դուք իմ արծաթն ու ոսկին վերցրիք և իմ ցանկալի գանձերը տարաք ձեր մեհյանները։
(Գրաբար) Փոխանակ զի զարծաթն իմ և զոսկին առէք, և զընտիր ընտիրսն և զգեղեցիկ անօթսն տարայք ի մեհեանս ձեր.