Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի (†444)
7-8. Ահա Ես նրանց պիտի դուրս բերեմ այն վայրից, ուր վաճառեցիք նրանց, և ձեր հատուցումը ձեր գլխին կբերեմ: Եվ Ես ձեր որդիներին ու դուստրերին կմատնեմ Հուդայի որդիների ձեռքը, և նրանք կվաճառեն նրանց գերության՝ մի հեռավոր երկիր։ Այսպես է ասել Տերը։
Շատ պարզ ասում է, որ չեն իրականանա իսրայելացիների դեմ տյուրոսացիների դավերն ու դաժան մտադրությունները, այլ հակառակը՝ աղետ կհասնի նրանց նեղողներին, և նրանք կմատնվեն նույն աղետներին, քանի որ պատիժ կընկնի նրանց գլխին՝ ըստ իրենց գործած մեղքերի: Ինչպես որ նրանք վերցրին հրեաների երեխաներին և տվեցին ստրկավաճառներին՝ հրամայելով տանել նրանց հեռավոր երկիր, այնպես էլ, ասում է, նրանց երեխաները պիտի վաճառվեն Հուդայի ձեռքով: Եվ որ դա անպայման տեղի կունենա, Նա Ինքն է հաստատում՝ ասելով. «Այսպես է ասել Տերը»: Իսկ այն, ինչ Աստված է ասում, երբեք զուր չի անցնում: Այդ պատճառով Քրիստոս ասաց. «Իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. 24:35): Սա է մեկնաբանվող խոսքերի պատմական իմաստը:
Իսկ եթե մեկը որոշի թափանցել հոգևոր իմաստի մեջ և հագենալ խորը և ծածուկ խորհուրդներով, ապա թող մտածի այն մասին, որ թե՛ հելլենների զավակները, ովքեր հպարտանում են թվացյալ իմաստությամբ, թե՛ հերձվածողների որդիները, ովքեր երևակայում են, թե ինչ որ բանի են հասնում իրենց խորամանկորեն հյուսված և հորինված ստերով, որոշ պարզամիտ մարդկանց հեռացնում են ճշմարիտ և անաղարտ հավատից, որ նրանք ունեն Աստծու հանդեպ: Եվ ասես պատելով նրանց խաբեության ցանցերով և մատնելով ռազմագերիների բախտին, խիստ հեռացնում են ճշմարտության սահմաններից: Սակայն ամենքի Տերն անպտուղ է դարձնում նրանց խորամանկությունները, ազատում է խաբվածներին և Հուդային է վերադարձնում այն զավակներին, որոնց մոլորության մեջ էին գցել գիտության միջոցով: Սրանց ներքո կարելի է հասկանալ հենց աստվածային աշակերտներին և նրանց, ովքեր խոսում են Քրիստոսի խորհրդի մասին: Ազատելով մոլորությունից՝ նրանց վերադարձնում են հիանալի և ցանկալի գերության՝ Քրիստոսի ծառայությանը: Որպես գերիների առևանգում են նրանց՝ տեղափոխելով իրենց սեփական զգացումների և մտքերի տրամադրության մեջ, որը խիստ հեռու է նրանց տրամադրությունից: Իրականում մեծ է սուրբերի և այլոց հոգեվիճակների միջև եղած տարբերությունը: Քրիստոսի մասին նույնպես ասվում է, որ Նա որպես գերի է տանում նրանց, ովքեր հելլենական մոլորությունից դառնում են դեպի ճշմարիտ աստվածգիտությունը, ինչպես Դավիթն է ասում. «Նա ելավ բարձունքներն ու գերեվարեց գերիներին, ավար առավ, պարգևներ բաշխեց ու տվեց մարդկանց որդիներին» (Սաղմ. 67:19):
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ահա՛, Ես կբարձրացնեմ նրանց այնտեղից, որտեղ դուք վաճառեցիք նրանց, և ձեր հատուցումը ձեր գլխին կտամ:(Սինոդական թարգ․)[7]
«Եվ ձեր հատուցումը կտամ (սլավոներեն՝ «воздаяние ваше») ձեր գլխին». 4−րդ համարի նմանությամբ, «վարձ» կամ «փոխհատուցում» է կոչվում Իսրայելի վրա թշնամիների հարձակումը, որով, կարծես, թշնամիները վրեժ էին լուծում Տիրոջից:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․)Արդ, ես ոտքի կը կանգնեցնեմ նրանց այնտեղ, որտեղ վաճառեցիք նրանց, եւ կը բերեմ ձեր հատուցումը ձեր գլխին:
(Արարատ թարգ․)Ահա ես նրանց պիտի զարթնեցնեմ, ուր որ նրանց ծախեցիք, և ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։
(Գրաբար) Արդ՝ ե՛ս կանգնեցից զնոսա ի տեղւոջէ՝ ուր վաճառեցէք զնոսա անդր, և հատուցից զհատուցումն ձեր ի գլուխս ձեր.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: