Ա․ Լոպուխին
Սակայն Տերը ուժեղ քամի է բարձրացնում ծովի վրա, և այնտեղ մեծ փոթորիկ է սկսվում, և նավը խորտակվելու վտանգի մեջ է հայտնվում: (Սինոդական թարգ․)[4]
Միջերկրական ծովի ու հատկապես Հոպպեի նավահանգստի ափերին փոթորիկների տեղի ունենալը սովորական երևույթ է: Հովսեփոս Փլավիոսի («Հրեական պատերազմի մասին» III 9, 3) և նոր ժամանակների ճանապարհորդների վկայությունների համաձայն (դե−Սոլսի, Նորովա)` Հոպպեի նավահանգիստն ու Միջերկրական ծովի հարավարևելյան ափերը ենթարկվում են հողմերի ազդեցությանը, ինչի պատճառով էլ այստեղ հաճախակի են փոթորիկներ լինում: Նկատի ունենալով Հովնան մարգարի գրքում ասվածը՝ ուսումնասիրողները հաճախակի են կշտամբում հրաշքների պարագա ավելացնելու համար։ Ասում են, որ բնական ուժերի և բնության օրենքների համաձայն՝ տեղի ունեցող ամենասովորական բնական երևույթները, ինչպիսիք են ծովում փոթորիկ բարձրանալն ու դրա հանդարտեցումը (Հովն. 1:4, 15), մեծ ձկան կողմից մարդուն կուլ տալը (Հովն. 2:), ցերեկվա շոգը, այրող քամին, բույսերը փչացնող որդը (Հովն. 4:6−8), այստեղ մեկնաբանվում են իբրև անմիջապես Տիրոջ հրամանով կատարվող հատուկ հրաշագործություններ: Այսպիսով՝ երևույթի ամբողջապես բնական համարվելու համար անխուսափելիորեն անհրաժեշտ է բացառել բնության մեջ տեղի ունեցող երևույթներին Տիրոջ միջամտությունը։ Այսպիսին է, անկասկած, մեր ժամանակներում մեծ տարածում գտած տեսակետը, սակայն այսպիսին չէ աշխարհի վերաբերյալ կրոնական տեսակետը: Ըստ կրոնական ընկալման, այսպես կոչված, բնության օրենքների և նրա ուժերի համաձայն աշխարհում տեղի ունեցող ամեն ինչը միաժամանակ համարվում է նաև այս աշխարհը կառավարող Տիրոջ ձեռքի գործը: Բնության օրենքները ոչ թե Տիրոջ կամքից ամբողջությամբ անկախ ինչ−որ երևույթներ են, այլ ընկալվում են իբրև բնության մեջ Արարչի կամքի արտահայտություն: Նմանօրինակ աշխարհընկալման պարագայում տարօրինակ որևէ բան չկա, երբ մարդը նաև բնական երևույթներն է Տիրոջ կամքով տեղի ունեցող համարում և լռում է բնության օրենքների մասին, որոնք միայն միջնորդական պատճառներ է համարում։ Որպես կրոնա−բարոյական նշանակություն ունեցող ստեղծագործություն՝ Հովնանի գրքում նման հիշատակումն առավել քան տեղին է (չնայած այստեղ հիշատակվում են նաև բնության մեջ տեղի ունեցող երևույթների բնական պատճառները. քամին, որի հետևանքով փոթորիկ է լինում, որդը, որը փչացնում է բուսականությունը): Այս հիմքի վրա կարելի է միայն նշել, որ գրքի հեղինակը կրոնական զգացողություններ ունեցող անձ է, և չի կարելի նրան նախատել այն բանի համար, որ հիշատակվող երևույթները իբրև հրաշագործություններ և անհավանական թվացող իրադարձություններ է նկարագրում:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տէրը հողմ բարձրացրեց ծովում: Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր:
(Արարատ թարգ․) Բայց Տերը մի մեծ քամի հանեց ծովի վրա, և մեծ փոթորիկ եղավ ծովում, և նավը խորտակվելու վտանգի մեջ էր։
(Գրաբար) Եւ Տէր յարոյց հողմ ի ծովուն, եւ եղեւ մրրիկ մեծ ի ծովուն, եւ նաւն ի վտանգի կայր ի խորտակել։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: