Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։1

Ա․ Լոպուխին

1-2․ Այսպիսով, ձեզ համար է այս ուխտը, քահանանե՛ր․ [1] եթե դուք չլսեք և եթե ձեր սրտում չընդունեք, որպեսզի Իմ անվան համար փառք տաք,− ասում է Զորությունների Տերը,− ապա Ես ձեզ վրա անեծք կուղարկեմ և կանիծեմ ձեր օրհնությունները, և արդեն իսկ անիծում եմ, որովհետև դուք չեք ցանկանում դրան ուշք դնել։ (Սինոդական թարգ․)
   
   Եթե ​​արդեն առաջին խոսքում մարգարեն նախևառաջ դատապարտում է քահանաներին աստվածպաշտության վերաբերյալ նրանց ցուցաբերած անփութության համար, ապա այստեղ նա այն բանի համար է ուղղակիորեն Աստծո անեծքով սպառնում Ղևտական ​​ քահանայությանը, քանի որ [դրա ներկայացուցիչները] անարգում էին Տեր Աստծու անունը՝ փոխարենը ժողովրդին այդ մեծ անունը հարգել սովորեցնելու, ինչպես դա արել են այսօրվա քահանաների նախնիները։ Քանի որ աստվածպաշտության կանոնների խախտումներ թույլ տալով` քահանաները ժողովրդի մեջ իրենց համար համբավ էին փնտրում, ուստի Աստված հաղորդում է նրանց, որ նման գործողությունների արդյունքն ամբողջովին քահանաների ակնկալածի հակառակն է լինելու. նրանք ժողովրդի կողմից կատարյալ արհամարհանքի են ենթարկվելու։

   Հաշվի առնելով իրենց պարտականությունների նկատմամբ քահանաների անփույթ վերաբերմունքը` Տերը նրանց պատվիրան, այսինքն` հետևյալ բովանդակությամբ որոշում կամ վճիռ է տալիս․ նրանք կա՛մ պետք է ուղղվեն, կա՛մ, հակառակ դեպքում, Աստծուց պատիժ ընդունեն։ Պատիժն ինքնին բաղկացած կլինի այն անեծքից, որը Աստված կուղարկի նրանց վրա։ Իսկ անեծքի ներքո Սուրբ Գրքում նկատի են առնվում տարբեր տեսակի դժբախտությունները (Բ Օր․ 29։20)։ Ավելին, Աստված անիծելու է նույնիսկ քահանաների «օրհնությունները»։ Սա նշանակում է, որ իրենց օրհնություններով նրանք օրհնվողների վրա միմիայն դժբախտություններ և անհաջողություններ են բերելու (քահանայական օրհնությունների մասին ընթերցի՛ր Թվ․ 6։23−27 համարների մեկնաբանությունները)։ Արդեն իսկ Տերը սկսել էր այդպես վարվել քահանայական օրհնությունների հետ։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր:
(Արարատ թարգ․) «Արդ ձեզ համար է այս նախազգուշացումը, ո՛վ քահանաներ։
(Գրաբար) Եւ արդ, այս պատուէր է իմ առ ձեզ, քահանայքդ.