Ա․ Լոպուխին
16-18․ Սակայն Աստծուց վախեցողներն ասում են մեկը մյուսին․ «Տերը ուշադրություն է դարձնում և լսում է այս, և Նրա առջև հիշատակի գիրքն է գրվում Տիրոջից վախեցողների և Նրա անունը պատվողների մասին»։ [16] Եւ նրանք Իմը կլինեն, ասում է Զորությունների Տերը, Իմ սեփականությունը՝ այն օրը, որ Ես կանեմ, և կողորմամ նրանց, ինչպես որ մարդը ողորմում է իր որդուն, ով ծառայել է իրեն։ Եւ այդ ժամանակ դուք կրկին կտեսնեք արդարի և ամբարշտի, Աստծուն ծառայողի և Նրան չծառայողի միջև տարբերությունը։ (Սինոդական թարգ․)
Ի հակադրություն այդ հանդուգն քննարկումներին՝ մարգարեն այժմ մեջբերում է այն զրույցները, որոնք բարեպաշտ մարդիկ էին վարում իրար մեջ։ Այս վերջիններս ամբողջովին վստահ են այն բանում, որ Տերը ուշադիր է և լսում է («այս» բառը ավելորդ է)։ Նա բազմում է ինչպես թագավորը, որի առջև նրա թելադրանքով հատուկ հիշատակի գրքում գրի են առնվում նրան հաճելի անձանց սխրագործությունները (Եսթ․ 6։1)։ Տերը, մարդկանց վրա Իր դատաստանի օրը, այդպիսի մարդկանց կդարձնի Իր սեփականությունը, Իր թանկագին ժառանգությունը (Ելք 19։5)։ Նրանք կլինեն Նրա սիրեցյալ որդիները, որոնք կատարում են Նրա կամքը։ Այդ ժամանակ էլ այն մարդիկ, որոնք համարձակ խոսքեր էին ասում (դուք), կրկին, ինչպես որ նրանց նախնիները, կտեսնեն, որ Տիրոջ աչքում տարբերություն կա արդարի և ամբարշտի միջև։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Այսպէս տրտնջացին Տիրոջից երկիւղ կրողները, իւրաքանչիւրն իր ընկերոջ հետ: Տէրը անսաց, լսեց եւ յիշատակի գիրք գրեց Տիրոջից երկիւղ կրողների առաջ եւ նրանց առաջ, որոնք սարսում են նրա անունից:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։
(Գրաբար) Զայս տրտնջեցին երկիւղածքն Տեառն իւրաքանչիւր ընդ ընկերի իւրում. եւ անսաց Տէր. եւ լուաւ եւ գրեաց գիր յիշատակի առաջի երկիւղածաց Տեառն, եւ որոց սարսեն յանուանէ նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: