Ա․ Լոպուխին
Ահա, Ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին՝ Տիրոջ մեծ և սարսափելի օրվա գալուստից առաջ։ (Սինոդական թարգ․) [5]
Հրեաներին օրենքին հնազանդեցնելու համար Տերը նաև հատուկ խրատող կամ դեսպան կուղարկի, ինչպես արդեն ասվել է 3−րդ գլխի 1−ին համարում։ Սակայն ո՞ւմ նկատի ուներ Մաղաքիա մարգարեն այդ խրատող մարգարեի ներքո. արդյո՞ք Եղիային։ Հրեաները այստեղ Հին Կտակարանի պատմությունից հայտնի Եղիա մարգարեի ճշմարիտ գալստյան մասին կանխատեսում էին տեսնում, որը նախքան Մեսիայի գալուստը կրկին պետք է հայտնվեր երկրի վրա և երևար հատկապես նրանց՝ հրեաներին (Մատթ․ 17։10, 11, 11։14, 16։14, Հովհ․ 1։21)։ Հրեական այս համոզումը արտահայտվել է նաև Յոթանասնիցի դիտարկվող համարի թարգմանության մեջ, որը «Եղիա մարգարե» արտահայտության փոխարեն դրել է «Եղիա Թեզբեացի», այսինքն` ուղղակի մատնանշել է պատմությունից հայտնի Եղիա մարգարեին, որը ծնունդով Թեզբեից էր։ Ըստ անձամբ Տեր Հիսուս Քրիստոսի և ավետարանիչների մեկնաբանության՝ այստեղ Եղիայի ներքո նախ և առաջ պետք է հասկանալ Հովհաննես Մկրտչին (Մատթ․ 17։10−13, Ղուկ․ 1։17)։ Եղիա անունը պետք է փոխաբերական (այսինքն` Եղիա մարգարեի ոգով և զորությամբ) իմաստով հասկանալ։ Վերջապես, ըստ եկեղեցու գրեթե բոլոր հայրերի և վարդապետների մեկնության, այստեղ, Քրիստոսի առաջին գալստյան նախակարապետ Հովհաննես Մկրտչի մասին մատնանշումից բացի, նաև հայտնի Եղիա մարգարեի իրական գալստյան մասին մատնանշում կա, որը երկրի վրա հայտնվելու է Քրիստոսի երկրորդ գալստից առաջ (սուրբ Հովհան Ոսկեբերան, եր․ Թեոդորոս Կյուրոսացի և այլք)։ Քանի որ «Եղիա մարգարեն» պետք է հայտնվի «Տիրոջ մեծ և սարսափելի օրվանից» առաջ, ուստի, ակնհայտորեն, նրան կարելի է նույնացնել այն «Հրեշտակի» կամ դեսպանի հետ, որը հայտնվելու է նաև Աստծո դատաստանից առաջ, և որի մասին խոսվում է 3−րդ գլխի 1−ին համարում, որտեղ անկասկած խոսքը Հովհաննես Մկրտչի մասին է։ Այդ պատճառով էկզեգետիկական տեսանկյունից անհրաժեշտ է առավել ճիշտ համարել այն բացատրությունը, որն այս հատվածի վերաբերյալ տրվել է քրիստոնեության վաղ շրջանում (ավետարանիչներից բացի՝ այս հատվածը Հովհաննես Մկրտչին է առնչել նաև սուրբ Հուստինոս Փիլիսոփան)։ Այո´, այստեղ մարգարեն նկատի ունի Եղիայի ոգով և զորությամբ մարգարեի, այսինքն` Հովհաննես Մկրտչին, և նրան Եղիա է անվանում հենց այն իմաստով, որով Երեմիան Իսրայելի ապագա առաջնորդին «Դավիթ» է անվանում (Եր․ 30։9, հմմտ․ Եզ․ 34։23)։ Եկեղեցու հայրերն ու վարդապետներն էլ չէին մերժում այսպիսի բացատրությունը։ Սակայն միևնույն ժամանակ պատճառ չկա չընդունելու նաև նրանց այն մեկնաբանությունը, ըստ որի, այստեղ կարող է Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ անձնապես Եղիայի հայտնվելու մասին կանխատեսում էլ լինել։ Ինչպես բոլոր մեսիական մարգարեությունների պարագայում, այնպես էլ այստեղ կարելի է կիրառել բացատրության այն մեթոդը, որով գրեթե յուրաքանչյուր մարգարեություն հնարավոր է բացատրել ինչպես մոտակա, այնպես էլ ժամանակների վերջում տեղի ունենալիք իրադարձությունների առնչությամբ։ Տվյալ հատվածը Հայտն․ 11։3−13 համարների հետ համեմատելով՝ եկեղեցու հայրերը ավելի շատ հիմք են ունենում Եղիա մարգարեի մասին Մաղաքիայի մարգարեությունը ոչ միայն Հովհաննես Մկրտչի, այլ նաև անձնապես Եղիա մարգարեի վերաբերյալ մեկնաբանելու համար։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից:
(Արարատ թարգ․) Ահա ես ձեզ կուղարկեմ Եղիա մարգարեին Տիրոջ մեծ և ահեղ օրվա գալուց առաջ։
(Գրաբար) որ պատրաստեսցէ զսիրտս հաւր առ որդի, եւ զսիրտս առն առ ընկեր իւր, գուցէ եկեալ հարկանիցեմ զերկիր միանգամայն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: