Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ Տերն ասաց նրան․ «Նրա անունը Հեզրայել կդնես, որովհետև մի փոքր կանցնի, և Ես Հեուի տնից կպահանջեմ Հեզրայելի արյունը ու վերջ կդնեմ Իսրայելի տան թագավորությանը»։ (Սինոդական թարգ․)[4]
Աստծու հրամանով առաջին որդուն մարգարեն խորհրդանշական Հեզրայել անունն է տալիս։ Այս անունը որպես նշան պետք է ծառայի այն բանի համար, որ Տերը «Հեուի տնից կպահանջի Հեզրայելի արյունը» և վերջ կդնի Իսրայելի թագավորությանը։ Հեզրայելը (այժմյան Զերին գյուղն է) Իսաքարի ցեղի տարածքում գտնվող քաղաք և հովիտ է եղել (Հեսու․19։18)։ Հեզրայելում է եղել Աքաաբի պալատը (Գ Թագ․ 21։1) և թագավորի նստավայրը, այնպես որ այս քաղաքը Սամարիայի հետ միասին ժամանակավորապես եղել է տասը ցեղերից կազմված թագավորության մայրաքաղաքը։ Նրա հարևանությամբ գտնվող հովիտը կոչվում էր Հեզրայելի հովիտ (Հուդ. 1։8), Մակեդդովի հովիտ (Բ Մնաց. 35։22) և մեծ հովիտ (Ա Մակ. 12։49)։ Ինչ վերաբերում է Հեզրայել անվան նշանակությանը, ապա այն կարող է երկու եղանակով մեկնաբանվել՝ «Աստված կցրի» և «Աստված կցանի»։ Խոսքի մեղադրական հատվածում Ովսեեն Հեզրայել անունն օգտագործում է առաջին, իսկ մխիթարական մասում (Ովս. 3։2-3)՝ երկրորդ իմաստով։
«Հեուի տնից կպահանջեմ Հեզրայելի արյունը»։ Անկասկած, մարգարեն նկատի ունի այն իրադարձությունները, որոնք նկարագրված են Դ Թագ. 9:21, 10:30 համարներում՝ հատկապես Հեուի կողմից Իսրայելի թագավոր օծված Աքաաբի տան ոչնչացումը։ Նաբոթի անմեղ արյունը թափելը (Գ Թագ․ 21։1−16), Հեզաբելի կողմից Աստծու մարգարեների կոտորածը և ընդհանրապես ծայրահեղ անօրենությունների համար Աքաաբի տունը, ըստ Աստծու դատավճռի, պետք է վերանար։ Հենց այս դատավճռի իրականացնողը Հեուն եղավ, որը Հեզրայելում սպանեց Աքաաբի որդի Հորամին (Դ Թագ. 9։21−26), նրա կին Հեզաբելին, նրա յոթանասուն որդիներին, նրա բոլոր մեծամեծներին և քահանաներին (Դ Թագ. 9։30, 10։11)։
Աքաաբի տան վերաբերյալ դատավճռի իրականացման համար Հեուն, ըստ թագավորաց գրքի, խոստում ստացավ, որ իր որդիները մինչև չորորդ սերունդ կնստեն Իսրայելի գահին (Դ Թագ. 10։30)։ Սակայն Աքաաբի տան կործանումը միմիայն միջոց էր կռապաշտության և պղծության դեմ պայքարելու համար, որոնք Աքաաբի հովանավորությամբ տարածվել էին տասը ցեղերից կազմված թագավորությունում։
«Հեզրայելի արյան» վերջնանպատակը Տեր Աստծու ոտնահարված հավատքը մաքուր ու անաղարտ ձևով վերականգնելն էր, որը պետք է իրականացներ Հեուն։ Սակայն Հեուն չմնաց իր կոչման բարձրության վրա։ Նա հետ չկանգնեց Նաբաթի որդի Հերոբովամի մեղքերից, այսինքն ոսկե հորթին ծառայելուց (Դ Թագ. 10:29), որը Ովսեեի ժամանակաշրջանում սարսափելի ազդեցություն էր թողել (4։13, 14, 8։11, 10:1 և այլն) ) ժողովրդի հոգևոր կյանքի վրա։ Այս կուռքին հովանավորում էին նաև Հեուին հաջորդողները։ Այսպիսով, Հեզրայելում տեղի ունեցած արյունահեղությունը ոչ միայն կորցրեց իր գինը, այլև վերածվեց Հեուի տան վրա ընկած և վրեժխնդրություն պահանջող մեղքի։ Ըստ մարգարեի՝ մոտակա ժամանակներում ՝«մի փոքր կանցնի», և Տերը Հեզրայելի արյունը կպահանջի Հեուի տնից, այսինքն՝ կկործանի Հեուի թագավորական տոհմը, ապա վերջ կդնի նաև Իսրայելի տանը՝ տասը ցեղերից կազմված թագավորությունում ընդհանրապես վերացնելով արքայական իշխանությունը։
Հեուի տան տապալումը տեղի ունցավ Հերոբովամի մահից հետո, երբ Սեղղումը սպանեց Զաքարիային՝ վերջինիս թագավորության վեցերորդ ամսում։ Սակայն սա նաև վերջի, այսինքն՝ այն անիշխանության սկիզբն էր, որը հաստատվեց տասը ցեղերից կազմված թագավորությունում և 50 տարի հետո ավարտվեց վերջինիս գրավմամբ։ Սլավոներեն տեքստում, համապատասխանաբար նաև հունարենում, «Հեուի տան վրա» կապակցության փոխարեն կարդացվում է «Հուդայի տան վրա»։ Սա սխալ է, որովհետև այն հերքվում է թե՛ հնագույն թարգմանություններով, թե՛ համատեքստով։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Եւ Տէրն ասաց նրան. «Նրա անունը Յեզրայէ՛լ դիր, որովհետեւ մի քիչ ժամանակ եւս, եւ ես Յեզրայէլի արեան վրէժը պիտի պահանջեմ Յէուիի տնից եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը:
(Արարատ թարգ․) «Նրա անունը Հեզրայե՛լ դիր, որովհետև քիչ ժամանակ անց Հեուի տունը պիտի պատժեմ Հեզրայելի արյան համար և պիտի դադարեցնեմ Իսրայելի տան թագավորությունը։
(Գրաբար) Եւ ասէ ցնա Տէր. Կոչեա՛ զանուն նորա Յիզրայէլ. քանզի սակաւիկ մեւս ևս խնդրեցից զարիւնն Յիզրայելի ի տանէն Յէուայ. և դադարեցուցի՛ց զթագաւորութիւն տանն Իսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: