Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:9

Ա․ Լոպուխին

Այն օրը բոլոր շեմի վրայով ցատկողների կայցելեմ, ովքեր իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խաբեությամբ (Սինոդական թարգ․)[9]
   
   Երանելի Թեոդորիտի վերջին խոսքերում 9−րդ համարի առավել հարմար բացատրություն է տրվում։ Այս համարի հատկապես առաջին կեսը հունասլավոներեն տեքստում առանձնանում է զգալի անորոշությամբ և անհասկանալիությամբ: «Այն օրը բոլոր շեմի վրայով ցատկողներին կայցելեմ (եբրայերեն՝ «коль−хаддолег ал−хаммифтан»), ովքեր իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խաբեությամբ» բառերի երեք հիմնական բացատրություն կա: «Շեմի վրայով ցատկողներ» արտահայտության արդեն Թարգումում եղած հնագույն ըմբռնումը Ա Թագ. 5:5 համարում հաղորդվող փաստի մասին մատնանշում է տեսնում․ Իսրայելի Տիրոջ տապանակի ներկայությամբ (ibid, Ա Թագ. 5:2−4) իրենց կուռք Դագոնի հետ տեղի ունեցած հայտնի դեպքից հետո փղշտացիների մեջ հաստատվում է տաճարի շեմին չկանգնելու (մեհյանի շեմի վրա նշված կուռքից երկու մասեր էր ընկել, և այդ պատճառով այն սրբացել էր), այլ դրա վրայով ցատկելու սովորույթը: Ենթադրվում է, որ Մանասեի օրոք փղշտացիների այս սովորույթը ընդունվել է հրեաների կողմից, որի պատճառով էլ Թարգումը 9−րդ համարի առաջին կեսը հետևյալ կերպ է փոխանցում՝ «Այցելելու եմ նրանց, ովքեր քայլում են փղշտացիների սովորույթների համաձայն»: Այս մոտեցումը ավելի շատ կհամապատասխաներ աստվածաշնչային տեքստի տառին, եթե դրա թույլ կողմը Աստվածաշնչում հրեաների մեջ փղշտական այս սովորույթի գոյության մասին հիշատակության բացակայությունը չլիներ: Մյուս երկու բացատրություններն ավելի թույլ պետք է համարվեն.

   ա) կարծես թե այստեղ խոսքը ազնվականների («սարիմ−сарим») մասին է, որոնք ընդունեցին արևելքում տարածված թագավորական պալատի շեմը կարևորելու և դրա վրայով չքայլելու սովորույթը (այսպիսով՝ «իր Տիրոջ տունը»− «бет−адонейхем, արտահայտությունը թագավորի վերաբերյալ է հասկացվել):

   բ) խոսքը ազնվականների հաճախորդների մասին է, որոնք, օգտագործելով իրենց հովանավորների իշխանությունը, թալանում էին ժողովրդին և անարդարացիորեն ձեռք բերված գանձերը բերում էին իրենց տերերի տները (այստեղ «адонейхем» արտահայտությունն այս իմաստով է հասկացվում): Սակայն թագավորի պալատի կամ ազնվականների պալատների մուտքերի մասին ենթադրությունն ամբողջովին օտար է տեքստին: Ընդհակառակը, բոլոր հնագույն թարգմանությունները «բետ−ադօնեիհեմ» արտահայտությունը Աստծո տան, այսինքն՝ տաճարի, իմաստով են հասկանում. Յոթանասնիցը՝ «τον οικον Κυριου θεου αυτων», Վուլգաթան՝ «domum Domini Dei Sui»: Հետո «շեմ» (եբրայերեն՝ «мифтан») արտահայտությունը Աստվածաշնչում ցույց է տալիս միայն հեթանոսական (Ա Թագ. 5:4, 5) կամ հրեական տաճարի շեմը (Եզեկ. 9:3, 10:4, 18, 46:2, 47:1): Հաշվի առնելով 8−րդ համարի օտար հագուստներով տարվածների պախարակումը՝ նաև այստեղ՝ 9−րդ համարում, կարելի է ինչ−որ հրապուրանքի պախարակում տեսնել, բայց արդեն ոչ թե կենցաղային, այլ պաշտամունքի ոլորտում: Ըստ երևույթին, նկատի է առնվում կրոնի սպասավորների մոտ տաճարի սրբության հանդեպ երկյուղի ամբողջական բացակայությունը, ինչն էլ, ի դեպ, ցույց է տալիս Վուլգաթայի թարգմանությունը. «et visitabo super omnem qui arroganter ingreditur super limen»: Համարի երկրորդ կեսը ցույց է տալիս կրոնի այս սպասավորների հանցանքի բուն էությունը: «Ի՞նչ է ամբարշտությունը, և ի՞նչ է շողոքորթությունը (որով պախարակվողները լցնում են Աստծո տունը): Մեկ այլ մարգարե սա մեզ համար հստակեցնում է, երբ խոսում է Երուսաղեմի մասին և ասում՝ «Նրա առաջնորդները կաշառքով էին դատում, նրա քահանաները արծաթով էին պատասխան տալիս (Միք. 3:11)»: Իմաստուն Եսային էլ է ապստամբում նրա (Երուսաղեմի) դեմ և ասում. «Ձեր իշխանները ապստամբ և գողերին ընկերակից են (Ես. 1:23)» (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի):

   Տիրոջ օրվա մեծ նեղությունները ոչ միայն ժողովրդի առաջավոր և իշխող դասերին կհասնեն, այլ նաև Երուսաղեմի բոլոր բնակիչներին (ինչպես նաև ամբողջ Հուդային)․ գալիք դժվարությունները հատկապես նկատելի կլինեն հարուստների համար:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այն օրը յայտնապէս կը պատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ, նրանց, որոնք իրենց Տէր Աստծու Տունը լցնում էին ամբարշտութեամբ եւ նենգութեամբ:
(Արարատ թարգ․) Եվ այդ օրը պիտի պատժեմ շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ»։
(Գրաբար) Եւ խնդրեցից վրէժ յայտնապէս յամենեցունց առաջի դրանդեացն յաւուր յայնմիկ. որք լնուին զտուն Տեառն Աստուծոյ իւրեանց ամպարշտութեամբ եւ նենգութեամբ։