Ովսեեի մարգարեության մեկնություն 8:14

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Իսրայելը մոռացավ իր Արարչին և սրբավայրեր կառուցեց, և Հուդան բազմաթիվ ամուր քաղաքներ շինեց, սակայն Ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և այն կլափի նրա ապարանքները։ (Սինոդական թարգ․)[14]
   
    «Իսրայելը մոռացավ իր Արարչին» արտահայտությամբ մարգարեն մատնանշում է Իսրայելի մեղքերի աղբյուրը։ «Եվ սրբավայրեր (կամ մեհյաններ) կառուցեց»։ Սլավոներեն՝ «մեհյաններ», եբրայերեն՝ «heichloth»՝ սրբավայր արտահայտությունն ընդհանրապես նշանակո մեծ շինություն և օգտագործվում է պալատների ( Ամովս․ 8:3), Տեր Աստծու տաճարի (Դ Թագ․ 18:16), կուռքերի սրբավայրերի մասին  (Հով․ 3:5) խոսելիս։ «teichal» բառի «սրբարան կամ մեհյան» իմաստով թարգմանությունը ներդաշնակ է մարգարեի մեղադրական խոսքի հետ, թեև չի հակասում համատեքստին և շատ մեկնիչների (Ռոզենմյուլլեր, Շոլց, Նովակ) կողմից «heicha» բառի «պալատ» իմաստով ըմբռնմանը։

    14-րդ համարում Իսրայելի հետ միասին մարգարեն հիշատակում է նաև Հուդային, որի մեղքն այն էր, որ Աստծու վրա հույս դնելու փոխարեն նա ապավինում էր իր ամրացված քաղաքներին։ Մարգարեի՝«Ես կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա» խոսքերը կարող են հասկացվել և՛ ուղղակի՝ քաղաքներ այրելու (Դ Թագ․ 25:8, 9, 8:13, Երեմ․ 52:13), և՛ ավելի ընդհանուր՝ Հուդայի քաղաքներին սպասվող աղետները մատնանշելու իմաստով: Նորագույն շրջանի որոշ մեկնիչներ (Վելհաուզեն, Նովակ, Գոոնակեր) համարում են, որ 14-րդ համարը չի պատկանում Ովսեե մարգարեին, այլ ավելացվել է ավելի ուշ շրջանում։ Այս կարծիքի համար հիմք է ծառայում այն միտքը, որ համարի ավարտը մի արտահայտություն է, որը վերցվել է Ամովս մարգարեից (Ամովս․ 1, 2), իսկ Հուդայի մասին հիշատակությունը չի համապատասխանում Իսրայելին նվիրված խոսքի նպատակի հետ։  Սակայն Ովսեեի և Ամովսի գրքերի նմանությունը կարելի է տեսնել նաև այլ հատվածներում, որոնց վավերականությունը չի  վիճարկվում (Ովս․  4:3, Ամովս․ 8:8, Ովս․ 4:15, 5:8, 10:5, Ամովս․ 5:7, Ովս․․ 5:7, Ամովս․ 7:4, Ովս․ 9:3, Ամովս․ 7:17 և այլն)։ Սա բացատրվում է այն փաստով, որ Ովսեեն եղել է Ամովսի կրտսեր ժամանակակիցը և, հավանաբար, ծանոթ է եղել նրա գրքին։ Նմանապես, Իսրայելի թագավորության մարգարեի խոսքում Հուդայի մասին առանձին հիշատակությունը դժվար թե տարակուսանք առաջացներ, եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ մարգարեների համար աստվածապետական գաղափարի իրական կրողը միշտ էլ միայն Հուդայի թագավորությունն է եղել, որին էլ այդ պատճառով չէր կարող չուղղվել նրանց միտքը։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Իսրայէլը մոռացաւ իր Արարչին, եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կ՚ուղարկեմ նրա քաղաքների վրայ, եւ այն կ՚ուտի դրանց հիմքերը»:
(Արարատ թարգ․) Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց ես քաղաքների վրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։
(Գրաբար) Մոռացա՛ւ Իսրայէլ զԱրարիչ իւր, և շինեցին մեհեանս. և յաճախեաց Յուդայ քաղաքս պարսպաւորս. և առաքեցից հուր ի քաղա՛քս նորա, և կերիցէ՛ զհիմունս նոցա։