Ա․ Լոպուխին
Իմ ժողովրդի կանանց դուք վռնդում եք նրանց հաճելի տներից․ նրանց երեխաներից դուք հավիտյան վերցնում եք Իմ զարդարանքը։ (Սինոդական թարգ․)[9]
Մարգարեն ժողովրդի ուրիշ հանցագործություններ է մատնանշում՝ ճնշում կամ կանանց և երեխաների վտարում։ Թե կանանց ինչ վտարման մասին է խոսում մարգարեն, պարզ չէ։ Հիտցիգը ենթադրում է, որ մարգարեն Իսրայելական թագավորությունից փրկված կանանց և երեխաներին ապաստան չտրամադրելու մասին է խոսում։ Բայց մարգարեի խոսքը ընդհանուր բնույթ ունի։ Հավանաբար, նա նկատի ունի և´ ամուսնալուծության նպատակով կանանց, և՛ ունեցվածքը յուրացնելու նպատակով այրիների ու որբերի վտարումը։ Տներից այս վտարումը կարող էր հանգեցնել նրանց երկրից հեռանալուն, որի արդյունքում երեխա−աքսորյալները արդեն կզրկվեին Աստծո ժողովրդին պատկանելու իրենց պատվից։ Ենթադրվում է, որ մարգարեն հենց այս զրկանքները նկատի ունի, երբ ասում է․ «նրանց երեխաներից դուք հավիտյան վերցնում եք Իմ զարդարանքը»։ Որոշ մեկնաբաններ, սակայն, մարգարեի վերջին խոսքերը երեխաներին ունեցվածքից զրկելու մատնանշման իմաստով են հասկանում (Յունգերով)։ Հույն թարգմանիչները եբրայերեն «nschej» (կանայք) բառը որպես «nisiej» արտահայտության կրճատ ձև (ծագում է «nasi» բառից, որն էլ նշանակում է «իշխան») են ընդունել և այդ պատճառով ամբողջ 9−րդ համարը առնչել են ծերերին։ Այստեղից էլ ծագել է սլավոներեն տեքստի «դրա համար իմ ժողովրդի ծերերը դուրս կնետվեն իրենց վայելչագեղ տներից, իրենց չար գործերի համար («meal ololejha−երեխաներից» արտահայտությունը Յոթանասնիցը, հավանաբար, «meavel alilejha» է ընթերցել, որն էլ նշանակում է «իրենց չար գործերից») նրանք կմերժվեն։ Մոտեցե՛ք հավիտենական լեռներին» ընթերցումը։ Այս վերջին բառերը, որոնք բնագրում զուգահեռը չունեն, հավանաբար մոտալուտ աղետը նկատի ունենալով՝ լեռներում փրկություն գտնելու կոչ են բովանդակում։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կ՚ընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժուեցին: Մօտենանք յաւիտենական լեռներին:
(Արարատ թարգ․) Իմ ժողովրդի կանանց վտարում եք իրենց հաճելի տներից, նրանց երեխաների վրայից հավիտյան վերցնում եք իմ փառքը։
(Գրաբար)Վասն այնորիկ առաջնորդք ժողովրդեան իմոյ անկցին ի տանց փափկութեանց իւրեանց. վասն չարութեան գնացից իւրեանց մերժեցան։ Մերձեցարո՛ւք ի լերինսն յաւիտենից։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: