Ա․ Լոպուխին
Կործանիչ է քեզ դեմ դուրս գալիս․ պահի՛ր ամրությունները, պահպանի՛ր ճանապարհը, ամրացրո՛ւ գոտկատեղդ, հավաքի՛ր ուժերդ։ (Սինոդական թարգ․)[1]
Եթե Նավում առաջին գլխի 15 համարներում խոսքը միայն Նինվեի կործանման և Հուդայի փրկության ավետաբերի մասին էր, ապա այստեղ (2:1֊ում) մարգարեն կենդանի կերպով դիտում և հստակորեն պատկերում է Նինվեի հանդեպ Աստծո դատաստանի իրականացումը: Նա ապագա իրադարձություններն այնպես է պատկերում, ասես [դրանք] իր աչքի առաջ են տեղի ունենում։ Նինվեի դեմ արշավող թշնամիների (բաբելոնացիների և մարերի) միացյալ ուժերը մարգարեին ներկայացվում են որպես «կործանիչներ» կամ մուրճ (եբրայերեն՝ «мефиц» կամ «маппец», տե՛ս Եր. 51։20, Առ. 25։18), որը պատրաստ է վճռական ու կործանարար հարված հասցնելու Նինվեին (քանի որ Աստվածաշնչում (Եր. 51։20, Առ. 25։18 համարները), և ասորական հուշարձաններում մուրճը ռազմական զենքերի շարքին է դասվում, ուստի հասկանալի է [դառնում] Եր. 51։20−23֊ում Նաբուգոդոնոսորի առնչությամբ մուրճ պատկերի օգտագործումը, ինչպես նաև նույն պատկերն է կիրառվել ավելի ուշ ժամանակներում ապրած հզոր և կործանարար նվաճողների առնչությամբ, ինչպիսին էր Աթթիլան)։ Միևնույն ժամանակ, մարգարեն դառը հեգնանքով Նինվեին խորհուրդ է տալիս շտապ պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ խնամքով պահպանել ամրոցները և ամրությունները, բարձրադիր վայրերում պահակախումբ կարգել (հմմտ. Ամբ. 2:1 և Ես. 21։6֊ի հետ)՝ հետևելու համար, թե ո՞ր ճանապարհով կգա թշնամին և ո՞ր կողմից կհարձակվի։ Բացի այդ, հաշվի առնելով թշնամիների բացառիկ ուժը և քաջությունը, Նինվեի բանակը պետք է պատրաստ լինի սարսափելի պատերազմի. հավաքի իր ողջ ուժը և չկորցնի սառնասրտությունը (այդպիսի լիարժեք մարտունակությունը այստեղ արտահայտվում է երկու փոխկապակցված փոխաբերություններով՝ «գոտիներն ամրացնել կամ գոտեպնդվել» (հմմտ. Ես 5։27, Հոբ 38:3; 40:2֊ի հետ) և «ուժերը հավաքել»)։ Սակայն այս բոլոր ձեռնարկները, ըստ մարգարեի խորին համոզման, անպտուղ և ապարդյուն են լինելու։
Յոթանասնիցում 1−ին համարի «мефиц» բառի փոխարեն, հավանաբար, «մեֆիախ» («պուախ» բառից) է ընթերցվել, այդ պատճառով էլ «εμφυσων» (փչելով «քո դեմքին») տարբերակով է թարգմանվել, ինչն էլ երանելի Թեոդորոս Կյուրոսացին վերագրում է ասորեստանցիների անկումից հետո Աստծու կողմից հրեաներին նոր կյանք շնորհելուն. «Քեզ համար այս ամենի մեղավորը Տերն է, որ ակնթարթորեն, ասես ինչ−որ շնչով, ջախջախեց նրանց, իսկ քեզ ազատեց նրանց տիրապետությունից» (Տասներկու մարգարեների մեկնությունը, Մոսկվա, 1857, գիրք 3, էջ 11): Սակայն ավելի բնական ու խոսքի համատեքստին առավել համապատասխան է եբրայերեն տեքստի ընթերցումը, որտեղ խոսքն ուղղված է ոչ թե Հուդային, այլ Նինվեին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով.
(Արարատ թարգ․) Քո դեմ փշրող է գալիս. պահի՛ր պատնեշը, ճանապարհի՛ն նայիր, թիկունքդ պնդացրո՛ւ, ուժերդ հավաքի՛ր։
(Գրաբար) Քանզի ել որ փչէ ընդ երեսս քո, եւ ապրեցուցանէ ի նեղութենէ։ Դիտեա ճանապարհ, պնդեա զմէջ, զաւրացիր զաւրութեամբ յոյժ,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: