Ա․ Լոպուխին
11-13. Այդպես և դու՝ կհարբես և կթաքնվես, այդպես էլ դու պաշտպանություն կփնտրես թշնամուց։ [3] Քո բոլոր ամրությունները նման են թզենու՝ վաղահաս պտուղներով․ եթե դրանք թափահարվեն, ապա դրանք կընկնեն ուղիղ ցանկացողի բերանը։ Ահա, և քո ժողովուրդը, ինչպես կանայք են քեզ մոտ․ քո թշնամիներին լայնորեն կբացվեն քո երկրի դարպասները, կրակը կլափի քո նիգերը։ (Սինոդական թարգ․)
Անխուսափելիորեն ճիշտ նմանատիպ ճակատագիր է սպասում նաև Նինվեին։ Նա Աստծո ձեռքից պետք է ընդունի և ըմպի Տիրոջ բարկության բաժակը (Սաղմ․ 74։8, Եր․ 25։15−17, Ամբ․ 2։16 և այլն)։ «Հարբեցողության պես աղետի կմատնվես և, այս ու այն կողմ շտապելով, կսկսես քեզ տիրած չարիքներից ինչ−որ փրկություն որոնել, սակայն չես գտնի․․․ Քամուց օրորվող թզենիների պես, որոնց վրայից հեշտությամբ ընկնում են անգամ չհասունացած թզերը, դու էլ կզրկվես բնակիչներից․ սարսափով պատված քաջարի զինվորներդ կանանցից ոչնչով չեն տարբերվի․ առանց դժվարության կբացվեն դարպասներդ, երբ կրակը լափի [դրանց] նիգերը, և հեղեղի պես դրանցով կներխուժեն հակառակորդները» (Թեոդորոս եր․, Տասներկու մարգարեների մեկնությունը, Մ․ 1857, Գիրք 3, էջ 18)։ 11−րդ համարում նշանակալից է «դուք թաքնվելու եք» («tegi naalama») արտահայտությունը։ Այս մարգարեության զարմանալիորեն ճշգրիտ իրականացումը կարելի է տեսնել այն բանում, որ երբևէ փառավոր և աշխարհահռչակ Նինվեի ավերակների վայրը, մ․թ․ա․ 606 թվականի ճակատագրական իրադարձություններից հետո, իսկապես մոռացության մատնվեց, և երկար ժամանակ աշխարհին ամբողջովին անհայտ մնաց․ Ներկա ժամանակներում հին Նինվեի գտնվելու վայրի հայտնաբերումից հետո էլ դրա ավերակները, այնուամենայնիվ, բոլորովին ու անդառնալիորեն կործանված, ամբողջովին ավերված ու բոլորի կողմից արհամարհված փառքի տխուր պատկեր են ներկայացնում։ 12, 13−րդ համարներում մատնանշվում են Նինվեի անկման և գրավման դյուրությունն ու անարգելությունը, որի անխուսափելիությունն ու անկասկածությունը ցույց էին տրվել 8−11−րդ համարներում։ Պաղեստինյան կոլորիտն իր մեջ բովանդակում է 12−րդ համարում օգտագործվող վաղ հասունացող Բիկուրիմ թզերի հետ Նինվեի ամրությունների համեմատությունը։ Թզենու այդ տեսակը հասունանում է ոչ միայն հունիսին, այլ նաև ավելի վաղ (Մարկ․ 11։13), մինչդեռ թզի հավաքման նորմալ շրջանը միայն օգոստոսի վերջն է։ Դրանք ծառին շատ թույլ են կպած և հեշտությամբ թափվում են (Ես․ 28։4, Ովս․ 9։10, Միք․ 7։1, Եր․ 24։4)։ Այդպես էլ Ասորեսանի բոլոր ամրությունները կընկնեն թշնամիների ձեռքը՝ առանց նրանց կողմից ջանքեր գործադրելու։ 13−րդ համարի առաջին հատվածը բացատրում է Նինվեի և ամբողջ երկրի գրավման դյուրության պատճառը՝ բանակում քաջության կտրուկ անկումը․ ասորական զինվորները հուսահատությամբ և վախկոտությամբ կնմանվեն կանանց (Ես․ 19։16, Եր․ 50։37, 51։30)։ Համարի երկրորդ հատվածում ոչ միայն մեկ անգամ ևս մատնանշվում է Ասորեստանի ամենակարևոր ամրությունների գրավման դյուրությունը, այլ նաև ցույց է տրվում վերջիններիս կործանման կերպը՝ մասնավորապես ճակատագրական աղետի անսովոր արագությունը․ «Քո թշնամիների առաջ լայնորեն կբացվեն քո երկրի դարպասները, կրակը կլափի քո նիգերը»։ Վերջին խոսքերում ասորեստանցիների [ունեցած] սովորություններից մեկի մասին մատնանշում են տեսնում․ քաղաքների և ամրոցների պաշարման ժամանակ դարպասների նիգերը այրելու և այդ կերպ շրջափակված քաղաք մուտք գործելու նպատակով նրանք վառվող ջահեր էին օգտագործում։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ դու կը հարբես, կը յիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես:
(Արարատ թարգ․) Դու ևս պիտի հարբես, անհայտանաս, դու ևս պիտի ապաստարան փնտրես թշնամուց։
(Գրաբար) Եւ դու արբցես եւ յիմարեսցիս. եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ի թշնամեաց քոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: