Նավումի մարգարեության մեկնություն 3:18

Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»

18-19․ «Քո հովիվները քնած են, ո՛վ Ասորեստանի թագավոր, քո ազնվականները հանգստանում են. քո ժողովուրդը ցրված է լեռներում, և չկա մեկը, որ հավաքի նրանց»: [18] «Չկա բժշկություն քո վերքի համար, ցավոտ է քո խոցը։ Բոլոր նրանք, ովքեր կլսեն քո մասին լուրը, ծափ կտան քեզ վրա, որովհետև ո՞ւմ վրա չի տարածվել քո անդադար չարությունը»: (Սինոդական թարգ․)
   
    Ավարտելով Նինվեի վերաբերյալ իր մարգարեական «բեռը» ՝ մարգարեն ևս մեկ անգամ անդրադառնում է Աստծու դատաստանով կանխորոշված Նինվեին սպասվող անխուսափելի ու ճակատագրական վախճանի մտքին։ Ի դեմս Ասորեստանի թագավորի՝ ողջ հպարտ Ասուրին դիմելով՝ մարգարեն հայտնում է նրա տարածքին սպասվող մեռելային անդորրի մասին․ հավիտենական մահվան քուն է սպասվում ասորեստանյան ժողովրդի բոլոր ներկայացուցիչներին՝ ղեկավարներին և առաջնորդներին, որոնք առաջին իսկ բախման ժամանակ պիտի ընկնեն թշնամու սրից։ Առանց առաջնորդների մնացած զինվորները պիտի փախչեն, իսկ զինվորների հետևից պիտի փախչեն և լեռներում ցրվեն նաև Ասորեստանի բոլոր բնակիչները՝ իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ (Գ Թագ․ 22։17, Զաք․ 13։7, Եզեկ․ 34։6)։ Միաժամանակ իսպառ պիտի դադարի նաև հզոր ու համաշխարհային ասորեստանյան տերության քաղաքական գոյությունը։

    Նինվեի այս անկումը, ամբողջ պետության անկման հետ միասին, չնայած իր ամբողջ ողբերգականությանը, շրջակա ազգերի շրջանում պիտի ոչ թե սուգ, կարեկցանք և խղճահարություն առաջացնի, այլ զարմանախառն ուրախություն և խորագույն բավարարվածության զգացում՝ աշխարհի այս դաժան տիրուհու՝ Նինվեի կործանման համար, որը նրանց բերել էր ոչ այլ ինչ, քան մեծագույն չարիք և վնաս։ «Հիշելով այն աղետները, որ կրել էին քեզնից՝ նրանք պիտի ուրախանան, որ դու էլ ես նույնը կրում, և պիտի ծափ տան» (Երանելի Թեոդորիտոս․«Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, գիրք 3, էջ 20)։

    Նինվեի ճակատագրի մասին Նավումի ահեղ մարգարեությունը ամենայն ճշգրտությամբ իրականացավ Նինվեի և նրա հետ միասին ամբողջ Ասորեստանի կործանմամբ՝ մարերի և բաբելոնացիների միացյալ ուժերի կողմից: Այս համաշխարհային ու կարևոր իրադարձության մասին համառոտ, սակայն ճշգրիտ վկայություն կարելի է ընթերցել Տոբիթի գրքում (Տոբ. 14։15)։ Վերոհիշյալ վկայությունը հաստատվում է նաև դասական հեղինակների՝ Հերոդոտոսի, Աբիդենոսի, Ալեքսանդր Պոլիհոստորի, Կտեսիասի նմանատիպ վկայությունների համադրմամբ, հատկապես 1894 թվականին հայտնաբերված Նաբոնիդի արձանագրության տվյալներով, որտեղ նշված է Նինվեի և Ասորեստանի կործանման ժամանակագրական տարեթիվը՝ Ք․ ա․ 607 կամ 606 թվականը։ Սա տարեթիվ է, որն այժմ էլ գիտության մեջ համընդհանուր ընդունված է համարվում (հմմտ․ Սիմաշկևիչ. «Նինվեի մասին Նավումի մարգարեությունը», Սանկտ․ Պ․, 1875, էջ 324−341, Դրոզդով Ն․ Մ․, «Տոբիթի գրքի առաջացման մասին», Կիև, 1901, էջ 515−527, Толковая Библия, т․ III, с. 361)։

--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրանց. քո հովիւները ննջեցին, Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը, քո ժողովուրդը չուեց լեռները, չկար մէկը, որ մնար:
(Արարատ թարգ․) Քնած են քո հովիվները, ո՛վ Ասորեստանի թագավոր, մրափում են քո ազնվականները, լեռների վրա ցրված է քո ժողովուրդը, և նրանց հավաքող չկա։
(Գրաբար) Վայ նոցա։ Նիրհեցին հովիւք քո. թագաւորն Ասորեստանեայց կոտորեաց զզաւրս քո. չուեաց ազգ քո ի լերինս, եւ ոչ ոք էր որ մնայր։