Նավումի մարգարեության մեկնություն 3:8

Ա․ Լոպուխին

8-10. Մի՞թե դու լավ ես Նով−Ամոնից, որը գտնվում է գետերի միջև, շրջափակված է ջրերով, որի խրամը ծովն էր, և ծովը նրա համար որպես պարիսպ էր ծառայում։ [8] Եթովպիան և Եգիպտոսը ուրիշների անթիվ բազմության հետ միասին նրան որպես աջակցություն էին ծառայում, Փութացիները և Լիբեացիները քեզ օգնության էին գալիս։ Սակայն նա նույնպես աքսորված է, գերության է գնացել, անգամ նրա մանուկներն են կոտորվում փողոցների խաչմերուկներում, իսկ նրա հայտնիների համար վիճակ էին գցում, և նրա բոլոր մեծամեծները շղթայված են։ (Սինոդական թարգ․)
   
   Որպեսզի վերացվի մարգարեի կողմից նկարագրված Նինվեի ամբողջական կործանման (տե՛ս 1−3−րդ համարներ) և նրա ծայրահեղ ստորացման (տե՛ս 4−7−րդ համարներ) հնարավորության մասին յուրաքանչյուր կասկած ((սա հատկապես անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով իրեն անառիկ և անհաղթելի կարծող (Նավ․ 2։11, հմմտ․ Սոփ․ 2։15) Նինվեի անասելի ինքնավստահությունը))՝ մարգարեն ասորական զենքերի հարվածների ներքո Նինվեից ավելի հզոր Վերին Եգիպտոսի Նով, այլ կերպ ասած՝ Դիոսպոլիս ((Եվսեբիոս Կեսարացի, Onomasticon 390)։ Այս քաղաքը, ըստ գիտության մեջ ընդունված կարծիքի, հարյուր դարպասներ ունեցող Թեբեն է (Եր․ 46։25, Եզ․ 30։14, 15), որն էլ հայտնի էր որպես Ամոն աստծո կանխատեսումների վայր)), քաղաքի կործանումն է մատնանշում։ Հենց հնագույն ժամանակներում հայտնի այս քաղաքին են համապատասխանում 8−րդ համարում մատնանշվող նշանները։ Թեբե քաղաքը Վերին Եգիպտոսի մայրաքաղաքն էր, ինչպես Մեմփիսը՝ Ներքինինը։ Դեռևս Հոմերոսի օրոք այն հայտնի էր իր հզորությամբ և անհամար գանձերով (Իլիական IX, 381−383), որոնք էլ նրան «աշխարի քաղաքների մեջ անդրանիկը» անվանումն էին շնորհել (Դիոդորոս Սիցիլիացի, Պատմական գրադարան, II, էջ 2, § 4)։ «Այն,− ինչպես մատնանշվում է 8−րդ համարում,− ընկած էր Նեղոսի երկու կողմերում՝ եգիպտացիների համար այդ սրբազան գետի ջրանցքների և վտակների միջև, այնպես որ անառիկ ամրոցի պես շրջապատված էր պարիսպների նմանվող ջրերով։

   Ընդհակառակը, Նով−Ամոնի ներքո չի կարելի տեսնել ո՛չ Ալեքսանդրիան ((Վուլգաթա՝ «numquid es melior Alexandria populorum»։ Յոթանասնիցում և սլավոներեն տեքսում 8−րդ համարի առաջին հատվածի ընթերցումն անհասկանալի է, սլավոներեն՝ «բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, պատրաստի՛ր Ամոնի բաժինը»։ Այս մոտեցումը հիմնված է քաղդեական թարգմանության և երանելի Հերոնիմոսի վկայության վրա (Մեկ գիրք՝ Նավում մարգարեի մեկնության, Կիև, 1896, մաս 13, էջ 299,300)), ո՛չ էլ, այսպես կոչված, Ներքին Եգիպտոսում գտնվող փոքր Դիոսպոլիսը․ 8−րդ համարում մատնանշվող հատկանիշները քիչ են համապատասխանում այդ քաղաքներից յուրաքանչյուրին․ ավելին, փոքր Դիոսպոլիսի պես աննշան քաղաքի հետ աշխարհահռչակ Նինվեի համեմատությունը տարօրինակ և ոչ համոզիչ կլիներ։ Իսկ մեծ Դիոսպոլիսի կամ Թեբեի համար արդեն հատկանշական է Ամոնի քաղաք անվանումը։ Այս անվանումը ծագում է XVIII դինաստիայի փարավոն Ռամզես I−ի կողմից այնտեղ կառուցված համանուն աստծո տաճարից։ Շարունակելով խոսքը՝ 9−րդ համարում մարգարեն այն միտքն է արտահայտում, որ Նով−Ամոն քաղաքը ոչ միայն իր դիրքի բնական անառիկությամբ և սեփական հզորությամբ էր ամուր, այլ նաև իր բազմաթիվ և հզոր դաշնակիցներով ու պաշտպաններով, որոնք այստեղ անվանված են հարավից հյուսիս, իսկ այնուհետև՝ դեպի արևմուտք ուղղությամբ․ Քուշ կամ Հուշ երկրի բնակիչներ՝ Եթովպիա (Ծննդ․ 2։13, Դ Թագ․ 19։9, տե՛ս, վերջին հատվածի նշումը, Տալկովայա Բիբլիա, հտ․ II, էջ 549) և Միսրայիմ−Եգիպտոս (վերջինիս անվան երկակի ձևի մեջ երկրի երկու մասերի՝ Վերին և Ներքին Եգիպտոսների մասին մատնանշում է բովանդակվում)։ Եգիպտացիների և եթովպիացիների հետ միասին, որպես Նով−Ամոնի գլխավոր դաշնակիցներ և պաշտպաններ են անվանվում նաև ղպտիները կամ մավրիտանացիները (տե՛ս Հ․ Փլավիոս, Հուդայական հնություններ, I, 6, 2) և Լիբիան−լիբիացիները (վերջիններս Աստվածաշնչում սովորաբար հիշատակվում են Միսրայիմի և Քուշի հետ միասին, Բ Մնաց․ 12։3, 16։8, Դան․ 11։43)։ Նով−Ամոնի հզորության նկարագրությանը կտրուկ հակադիր է քաղաքի գրավման և կործանման ժամանակ դրա և դրա բնակիչների աղետալի ճակատագիրը՝ նրանց գերությունը և ծայրահեղ նվաստացումը։ 10−րդ համարում մարգարեն, ակնհայտորեն, խոսում է վերջերս կատարված և ասորեստանցիների ու հրեաների հիշողության մեջ դեռևս թարմ Նով−Ամմոնի կամ Թեբեի գրավման մասին, որը, մասնավորապես, կատարվել է Ասորեստանի արքա Սենեքերիմի (Մանասեին գերեվարող արքան է, Բ Մնաց․ 32։11) որդի Ասարհադոնի կողմից, որն ասորական հիշատակարաններում ոչ թե պարզապես թագավոր, այլ Միսրայիմի և Քուշի նվաճող է անվանվում (տե՛ս, Սիմաշկևիչ, Նինվեի մասին Նավումի մարգարեությունը, Սանկտ․ Պ․ 1875, էջ 276−284)։ Ընդհակառակը, ամբողջովին անընդունելի է երանելի Թեոդորոսի, երանելի Հերոնիմոսի և այլ նոր մեկնաբանների կողմից 10−րդ համարում Ք․ ա․ 525 թվականին Կամբիզի կողմից Թեբեի վերջնական կործանման մասին մատնանշում (կամ էլ ավելի ճիշտ մարգարեություն) տեսնելը։ Իրադարձության ապշեցուցչությունը մարգարեն էլ ավելի է զորացնում Նով−Ամմոն քաղաքը նվաճողների բարբարոսության ևս երեք պատկերներով։ Ընդ որում, քանի որ այս քաղաքի նվաճողները և դրա բնակիչների հետ այդքան դաժան վարվողներն ասորեստանցիներն էին, ուստի այս ընդհանուր ու սարսափելի պատկերի նոր մանրամասները, ըստ մարգարեի մտադրության, կարող էին զորացնել Նինվեի և ամբողջ Ասորեստանի վերաբերյալ իր կողմից հռչակված վրեժխնդրությունը՝ ևս մեկ անգամ մատնանշելով նրանց սպասվող պատժի լիարժեք արդարացիությունն ու դրան նրանց արժանի լինելը (Արևելքում տեղի ունեցած պատերազմների և նվաճումների ժամանակ նմանատիպ պատկերների տարածվածությունն ապացուցվում է հետևյալ համեմատություններով, օրինակ՝ Դ Թագ․ 8։12, Ովս․ 10։14, Ես․ 13։16, Սաղմ․ 137։8, Դատ․ 5։30, Բ Օր․ 21։1, Դատ․ 16։21 և այլն)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ, որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած, որի սկիզբը ծովն է, եւ ջրերը՝ նրա պարիսպը:
(Արարատ թարգ․) Մի՞թե դու Նով-Ամոնից լավ ես, որ գտնվում էր Նեղոսի վրա ու շրջապատված էր ջրերով, որի խրամը ծովն էր, ծովը՝ նրա պարիսպը։
(Գրաբար) Պատրաստեա բաժին՝ կազմեա ջնար վիճակդ Ովնայ, որ բնակեալ է ի մէջ գետոց. եւ ջուրք շուրջ զնովաւ, որոյ սկիզբն ծով, եւ ջուրք՝ պարիսպ նորա։