ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Սուրբ Գրիգոր Տաթեւացի

 

ՔԱՐՈԶ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ՈՐՆ ԱՍՈՒՄ Է. «ԵՒ ԻՆՔԸ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ, ՆՐԱՆՑ ՀԵՏ ԽՕՍԵԼՈՒՑ ՅԵՏՈՅ, ԴԷՊԻ ԵՐԿԻՆՔ ՎԵՐԱՑԱՒ ԵՒ ՆՍՏԵՑ ՀՕՐ ԱՋ ԿՈՂՄԸ»

Համբարձաւ Տէրն մեր յերկինս՝ ասելով աշակերտացն.

Նստարուք ի քաղաքիդ Երուսաղէմ. մինչեւ զգենուցուք զօրութիւն ի բարձանց:

Միաբանեալ սուրբ առաքեալքն՝ միախոհ եւ միակրօն.

Միաբան նստէին ի սուրբ Վերնատանն.

Եւ ակն ունէին գալստեան Սուրբ Հոգւոյն:

Համբարձաւ Տէրն մեր Քրիստոս օրհնութեամբ ընդ ամպս երկնից.

Եւ առաքելոցն երկրպագեալ դարձան յԵրուսաղէմ.

Միաբանութեամբ վերառաքէին զաղօթս:

(Շարակնոց)

 

Վարդապետներն ասում են, թէ Աստուծոյ Որդին որքան Հօր ծոցում էր, չէր կարող դէպի վեր համբարձուել, որովհետեւ չկար Իրենից աւելի բարձր տեղ: Սակայն Նա հնար գտաւ, որով կարողացաւ դէպի վեր համբարձուել, եւ այդ հնարը խոնարհութիւնն էր: Քանզի խոնարհուեց երկնքից, իջաւ երկիր եւ մարդացաւ, բազում անարգանքներով խաչուեց հրէաների կողմից եւ յարութիւն առաւ մեռելներից: Եւ քանի որ խոնարհուել էր, այսօր համբարձուեց, քանի որ իջել էր, այսօր վեր բարձրացաւ, քանի որ անարգուել էր հրէաների կողմից, այսօր մեծ պատուով պատուելի եղաւ հրեշտակների կողմից, քանի որ մեծ նախատինքներով արտաքսեցին Նրան Երուսաղէմից, այսօր երկնայիններն ընդունեցին Նրան, քանի որ շատ անգամ յոտնկայս սպասաւորեց մեղաւորներին, այսօր հանգստացաւ Իր փառքի Աթոռին եւ քանի որ այստեղ ձախ կողմում էր, ուր մեղաւորներն անիծում ու նախատում էին Նրան, այսօր նստեց Հօր աջ կողմում: Ուստի, Քրիստոսի՛ հետեւորդներ, եթէ աշխարհը հալածի ձեզ, ուրախ եղէ՛ք, որովհետեւ ձեզ պիտի ընդունի երկինքը: Եթէ այստեղ չարչարանքներ կրէք, պիտի հանգստանաք երկնքում: Եթէ այստեղ ձախ կողմում էք, ուր ձեզ անարգում են անհաւատները, ցնծացէ՛ք, որովհետեւ պիտի նստէք Հօր աջ կողմում: Եթէ խոնարհուէք այստեղ, պիտի բարձրանաք այնտեղ, որովհետեւ Քրիստոս սահմանել է, թէ ով այստեղ խոնարհեցնի իրեն, պիտի բարձրանայ հանդերձեալում, ինչպէս որ այսօր մեր Տէր Յիսուս Քրիստոս երկինք համբարձուեց եւ նստեց Հօր աջ կողմում:

Եւ համբարձման մասին պէտք է խօսենք.

Առաջին՝ Քրիստոս այսօր համբարձուեց ցնծութեամբ եւ ուրախութեամբ;

Երկրորդ՝ մենք եւս պէտք է երկինք ելնենք;

Երրորդ՝ Քրիստոս, որ երկինք համբարձուեց, ինչպէ՞ս նստեց Հօր աջ կողմում:

Առաջինի համար ասենք, որ Քրիստոս այսօր համբարձուեց ցնծութեամբ եւ ուրախութեամբ, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Աստուած բարձրացաւ օրհնութեամբ, եւ մեր Տէրը՝ շեփորի ձայնով»[1]: Ինչպէս երբ թագաւորը պատերազմ է գնում, յաղթում է իր թշնամուն եւ նրան աւար առնում, յետ է բերում իր գերիներին  եւ ապա շեփորով, թմբուկով ու մեծ ուրախութեամբ վերադառնում իր թագաւորութիւնը, այնպէս էլ մեր Տէրը, որ թագաւորների Թագաւորն է, եկաւ աշխարհ՝ պատերազմելու, յաղթեց թշնամի սատանային, նրան աւար առաւ եւ ազատեց Իր գերիներին, ինչպէս որ սաղմոսն է ասում. «Նա ելաւ բարձունքներն ու գերեվարեց գերիներին»[2]: Եւ այսօր Նա մեծ յաղթանակով, ցնծութեամբ եւ ուրախութեամբ Իր Հայրենիք վերադարձաւ ու փողով, քնարներով եւ հրեշտակների հոգեւոր երգերով երկինք մտաւ: Եւ այստեղ պէտք է երեք բան իմանանք:

Առաջին. երբ Յակոբ նահապետը ելաւ հայրական տնից, գնաց եւ պանդուխտ դարձաւ օտար երկրում, շատ նեղութիւններ եւ աղքատութիւն կրեց, բայց յետոյ մեծ հարստութեամբ վերադարձաւ հօր մօտ, ինչպէս որ ինքը՝ Յակոբն ասաց. «Ցուպը ձեռքիս անցայ Յորդանանի այս կողմը, իսկ հիմա բաժանուել եմ երկու բանակի»[3]: Այսպէս Յիսուս Քրիստոս, ելաւ Հօր մօտից, որպէս պանդուխտ եկաւ աշխարհ, շատ չարչարանքներ եւ աղքատութիւն կրեց, խաչի գաւազանը ձեռքին անցաւ աշխարհի ու մահուան նեղութիւնների միջով  եւ այսօր մեծ հարստութեամբ ու երկու բանակով երկինք համբարձուեց: Մի բանակը սուրբերի հոգիներն էին, որոնց ազատեց դժոխքից եւ երկինք բարձրացրեց, իսկ միւս բանակը հրեշտակների դասերն են, որոնք ելան Նրա հետ, եւ այսօր նրանց հետ միասին Քրիստոս երկինք բարձրացաւ:

Երկրորդ. գիտենք, որ երբ մէկը զայրացնում է մէկ ուրիշի, սկսում է յոյժ վախենալ նրանից եւ ընծայ է ուղարկում, որպէսզի անցնի նրա բարկութիւնը եւ ողորմութիւն գտնի: Այդպէս էր Յակոբը, որ զայրացրել էր Եսաւին. նա յոյժ երկնչում էր նրանից, որի համար նախապէս ընծայ ուղարկեց նրան եւ փափկացրեց նրա սիրտը: Այդպէս Ադամը, Դրախտում խախտելով Աստուծոյ պատուիրանը, յոյժ զայրացրել էր Աստծուն, որից անհաշտութիւն եղաւ մարդկանց հետ, եւ նրանք վախենում էին Աստծուց: Այդ պատճառով այսօր սուրբ Եկեղեցին գեղեցիկ ընծայ նուիրեց Հայր Աստծուն, որ երկնքում է, նուիրեց կեանքի պտուղ Յիսուս Քրիստոսին՝ Աստուծոյ Որդուն, Որին պտղաբերեց ամենօրհնեալ կենաց ծառը՝ սուրբ Կոյս Մարիամ Աստուածածինը: Եւ երբ այն հասաւ Հայր Աստծուն, յոյժ մեղմացաւ Նրա բարկութիւնը եւ որպէս ողորմութիւն եւ խաղաղութիւն՝ աշխարհին պարգեւեց Սուրբ Հոգուն:

Երրորդ. իմանանք, որ երբ երկնայինները տեսան այս գեղեցիկ Ընծան եւ անուշահոտ քաղցրահամ Պտուղը, որ զարդարուած էր կարմիր գոյնով, յոյժ զարմացան, որովհետեւ չէին տեսել նման բան եւ զանազան հարցումներ արին: Ինչպէս Մեծն Դիոնէսիոսն է ասում, նրանց երեք հարցում արին: Առաջին հարցումն արեցին ստորին դասի հրեշտակները վերնայիններին. երբ լսեցին այն խօսքը, թէ՝ «Իշխաննե՛ր, վեր բարձրացրէ՛ք ձեր դռները», նրանք հարցրին. «Ո՞վ է այս փառքերի Թագաւորը»: Եւ վերնայինները պատասխանեցին՝ ուսուցանելով նրանց. «Սա Ինքը փառքերի Թագաւորն է, զօրութիւնների Տէրը»:

Երկրորդ հարցումը վերին դասի հրեշտակներն արեցին միմեանց, ինչպէս որ Եսային է ասում. «Ո՞վ է Սա, որ ելել գալիս է Եդոմից, նրա հագուստների կարմիրը Բոսորայից է: Նա գեղեցիկ պատմուճանով է եւ հուժկու զօրութեամբ»[4]: Եդոմը եւ Բոսորը խորհրդանշում են աշխարհը, որովհետեւ «Եդոմ» թարգմանւում է կարմիր երկիր, իսկ «Բոսոր»՝ նեղութիւն: Հրեշտակներն ուզում էին ասել, թէ՝ «Ո՞վ է Սա՝ Յիսուս Քրիստոս, որ գալիս է Եդոմից», այսինքն երկրից: Քանզի երկիրը շաղախուած էր մեղքով ու արեամբ եւ նեղութեան մէջ էր, իսկ սա գեղեցիկ պատմուճանով է, եւ Նրա մէջ որեւէ մեղք չկայ՝ ո՛չ սկզբնական, ո՛չ ներգործական, ո՛չ մահու չափ, ո՛չ ներելի: Եւ թէ ինչո՞ւ էին հրեշտակները հարցնում միմեանց եւ չէին հարցնում Քրիստոսին, Ով կարող էր լուսաւորել նրանց, Դիոնէսիոսը պատասխանում է՝ ասելով, թէ հրեշտակները Քրիստոսին յոյժ փառաւոր տեսան, եւ չկարողացան համարձակուել ու հարցնել Նրան: Այդ պատճառով նախ հարցնում էին միմեանց, որ ցոյց տան, թէ կարօտ են ուսանել եւ լուսաւորուել Քրիստոսի կողմից: Այդ պատճառով պատասխանեց նրանց՝ ասելով. «Ես խօսում եմ արդարութեան եւ փրկութեան իրաւունքի մասին»[5], որովհետեւ Քրիստոսի ամբողջ կեանքն արդարութեամբ էր, եւ Նրա խօսքերը մարդկանց փրկութեան մասին էին:

Երրորդ հարցումն արեցին վերին դասի հրեշտակները Քրիստոսին. «Քո հագուստներն ինչո՞ւ են կարմիր, քո հագուստներն, ասես, հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը» [6]: Քրիստոսի հանդերձը Իր Մարմինն էր, որը ծածկում էր Նրա հոգին ու Աստուածութիւնը: Եւ այդ հանդերձը կարմիր էր, որովհետեւ պահել էր Իր եօթ խոցերը, որոնք ստացել էր Իր չարչարանքների ժամանակ, եւ որպէս յաղթութեան նշան՝ Նա համբարձուեց դրանցով հանդերձ: Այդ խոցերը նախատինքներ չէին, այլ զարդեր Նրա Մարմնի վրայ՝ ինչպէս թփի վրայ եօթ բացուած վարդեր:

Եւ Քրիստոս պատասխանեց այս հարցին՝ ասելով. «Ես մենակ ճմլեցի հնձանը, մարդկանցից ոչ ոք ինձ հետ չէր. զայրոյթով տրորեցի նրանց»[7]: Հնձանը խաչն է, որտեղ Քրիստոս տրորեց մարդկանց մեղքերն ինչպէս խաղող: Նա չարչարուեց մեր մեղքերի համար, եւ Նրա Մարմինը մեր մեղքերի պատճառով ներկուեց խոցերի արեամբ: Դարձեալ՝ հնձանը նաեւ աշխարհն է, որը նախքան Քրիստոսի գալուստը սատանայի հնձանն էր, որովհետեւ սատանան տրորում էր մարդկանց իբրեւ խաղող, նրանցից քամում էր բարեհամ գինին եւ տեղը թողնում մորթին ու կնճիռը: Այսինքն սատանան մարդկանցից հեռացնում էր առաքինութիւնները՝ անուշ գինին, եւ տեղը թողնում բոլոր չար գործերը՝ ագահութիւնը, պղծութիւնը եւ այլն: Քրիստոս տրորեց այս հնձանը, այսինքն յանդիմանեց ու վերացրեց աշխարհի բոլոր մեղքերը, եւ արեամբ ներկուեց Նրա հանդերձը, այսինքն Մարմինը, որը չարչարուեց խաչի վրայ: Նա ասաց. «Մարդկանցից ոչ ոք ինձ հետ չէր»: Ճշմարիտ ասաց մեր Տէրը, որովհետեւ չարչարանքների ժամանակ ոչ ոք Նրա հետ չէր, բարեկամներն ու մերձաւորներն օտարացան, աշակերտները թողեցին ու փախան, եւ խաչի մօտ միայն իւղաբեր կանայք էին ու Աստուածածին Կոյսը: Այսքանն առաջին գլխի մասին, թէ ինչպէս այսօր Քրիստոս համբարձուեց ցնծութեամբ եւ ուրախութեամբ:

Խօսենք երկրորդ գլխի մասին, թէ մենք եւս պէտք է երկինք ելնենք: Իսկ թէ ինչպէ՞ս կարող ենք, կասենք, որ ինչպէս մեր Փրկիչը՝ Քրիստոս, խաչով երկինք համբարձուեց, այդպէս էլ պէտք է, որ մենք երկինք ելնենք խաչափայտի միջոցով: Գիտենք, որ աշխարհում երկու ծառ կայ. մէկը կենաց ծառը, միւսը՝ մահուան: Ոմանք կենաց ծառով երկինք են ելնում, ոմանք էլ մահուան ծառով դժոխք են իջնում: Կենաց ծառ է Քրիստոսի Խաչը, եւ այնքան բարձր է, որ երկրից երկինք է հասնում: Այնքան լայնատարած են նրա ճիւղերը, որ լցնում են ողջ տիեզերքը, ինչպէս որ Դանիէլ մարգարէն է ասում. «Ահա կար մի ծառ հողի մէջ, եւ նա շատ-շատ բարձր էր. ծառը մեծացաւ, զօրացաւ. նրա բարձրութիւնը հասաւ մինչեւ երկինք»[8]:

Արդ, այս ծառը նախ՝ խորհրդանշում է խաչը, որով Քրիստոս չարչարուեց:

Երկրորդ՝ խորհրդանշում է ապաշխարութեան խաչը, որով մենք չարչարւում ենք, որի համար Քրիստոս ասաց. «Ով իր խաչը չի վերցնում ու իմ յետևից չի գալիս, ինձ արժանի չէ»[9]: Եւ խաչը երկու տեսակ է լինում. նախ՝ պաշտելի, որը Քրիստոսի խաչն է, երկրորդ՝ կրելի, որը ապաշխարութեան խաչն է: Եւ աւելի մեծ է ապաշխարութեան խաչը, քանզի ով այն կրում է իր մէջ, երկինք է ելնում: Այդ պատճառով Քրիստոս, երբ բեւեռուած էր խաչափայտին, աջակողմեան աւազակին ասաց. «Այսօր Ինձ հետ Դրախտում կը լինես»[10]: Այդ պատճառով ով կամենում է երկինք ելնել, պէտք է միշտ մտքում պահի Քրիստոսի խաչը եւ չմոռանայ Քրիստոսի չարչարանքները, կախի իրեն ապաշխարութեան ծառից եւ քաղի նրա պտուղը, ինչպէս որ գրուած է. «Բարձրանամ արմաւենու վրայ, ձեռքս ձգեմ նրա ճիւղերին»[11]: Իսկ եթէ մէկն ասի, թէ չեմ կարող բարձրանալ ապաշխարութեան ծառը, որովհետեւ խիստ դժուար է, եւ պտուղն էլ՝ դառը, նրանց կþասենք՝ դառը չէ, այլ՝ քաղցր: Ինչպէս որ ամէն ծառի արմատը դառն է, իսկ պտուղը՝ քաղցր, այդպէս էլ ապաշխարութեան արմատը, որը ապաշխարութեան գործերն են, դառն է, իսկ պտուղը, որը մեղքերի թողութիւնն է, քաղցր է: Եւ դարձեալ, ինչպէս եթէ երկու նիւթ խառնեն իրար, նրանցից այն, որն աւելի շատ է, իր մէջ է փոխարկում նրան, որն աւելի քիչ է, օրինակ եթէ մի կաթիլ ջուր խառնեն մի կարաս գինու հետ, գինին իր մէջ է կþառնի ջրին: Այսպէս էլ ապաշխարութեան մէջ կայ երկու խառնուած իրողութիւն. առաջինը նեղութիւնն է, որը կրում է եւ խիստ դառն է, երկրորդը Աստուծոյ փառքի յոյսն է, որն ամբողջովին քաղցր է: Քիչ են ապաշխարութեան չարչարանքները, եւ մեծ է Աստուծոյ փառքի յոյսը: Եւ ինչպէս առաքեալն է ասում. «Մեր թեթև նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական փառք, որ գերազանցում է ամէն ինչ»[12]: Ապա ուրեմն պարզ է, որ կենաց ծառով կարող ենք երկինք ելնել:

Սակայն մեղաւորները դժոխք են իջնում մահացու ծառով: Այս մահացու ծառը մահուչափ մեղքերն են, ինչպէս օրինակ գողանալը, զրկանք պատճառելը, արծաթասիրութիւնը եւ նման այլ բաները: Եւ պէտք չէ, որ որեւէ մէկը բարձրանայ այս ծառը, իսկ եթէ բարձրացել է, թող շտապ ցած իջնի: Ինչպէս երբ Զակքէոսը ծառը բարձրացաւ, Քրիստոս շտապ ցած իջեցրեց նրան՝ ասելով. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից»[13]: Սա ցոյց է տալիս, որ պէտք է շտապ իջնել մեղքի եւ մահուան ծառից, ինչպէս որ Զակքէոսը շտապ իջաւ եւ ասաց. «Ահա իմ ինչքերի կէսը կը տամ աղքատներին, և եթէ որևէ մէկին զրկել եմ, քառապատիկ կը հատուցեմ»[14]: Եւ եթէ մէկը չիջնի այս ծառից, ապա դրանով դժոխք կþիջնի ու կþայրուի այնտեղ: Ինչպէս գրուած է հայրերի վարքում, մի ծեր տեսաւ բացուած դժոխքը. մի մարդ երեսնիվայր ընկած էր դժոխքի յատակում: Նրա որովայից դէպի վեր մի ծառ էր աճել: Այն յոյժ բարձր էր եւ բազում ճիւղեր ունէր: Ամէն մի ճիւղից մեծ տանջանքներով կախուած էր մէկը: Ծերը զարմացաւ եւ հարցրեց հրեշտակին, թէ այդ ինչ է, եւ հրեշտակն ասաց. «Այդ մարդը շահամոլ եւ զրկող մէկն է, իսկ այն ծառը, որ բուսնել է իր որովայնից, իրենից սերուած իր ազգատոհմն է: Իր ունեցած բոլոր գանձերը, որ ժողովել էր անիրաւութեամբ, նա չվերադարձրեց իր տէրերին, այլ ամէնը թողեց իր որդիներին ու թոռներին, որոնք թէպէտ գիտէին, որ գանձերը ձեռք էին բերուել անիրաւութեամբ, բայց դարձեալ չվերադարձին իրենց տէրերին, այլ կերան ու վայելեցին, որի համար էլ այրւում են նրա հետ միասին»:

Ապա ուրեմն պէտք չէ մահացու ծառով դժոխք իջնել, այլ կենաց ծառով, այսինքն Քրիստոսի խաչով երկինք ելնել: Այսքանը երկրորդ գլխի մասին:

Երրորդ հարցումն այն է, թէ ո՞րն է Հօր աջ կողմը, որ Քրիստոս երկինք համբարձուեց ու նստեց: Վարդապետներն ասում են, թէ Հայր Աստուծոյ աջ եւ ձախ կողմերը, ինչպէս մերը, զգալի չեն երեք պատճառով:
Նախ՝ այնտեղ չկայ թափուր տեղ, որ մի տեղը աջ կոչուի, միւսը՝ ձախ, որովհետեւ ինչպէս մարգարէն է ասում՝ «Նա լցնում է երկինքն ու երկիրը»[15]: Երկրորդ՝ Հայրը մարմին չի առել, ինչպէս Որդին, որ մարմնի ձեռք կամ այլ անդամ ունենայ, այլ Նա ամբողջովին հոգի է, ինչպէս Աւետարանն է ասում. «Աստուած հոգի է»[16]: Երրորդ պատճառ՝ եթէ Հայրն աջ ձեռք ունենար, ապա պէտք է նաեւ ձախն ունենար, սակայն Աստուծոյ մօտ ամէն բան աջ է, եւ ոչ ձախ: Այդ պատճառով Հայր Աստուծոյ մարմնաւոր աջ կողմի մասին չի ասում, այլ «Աստուծոյ աջ» ասում են իմանալի կամ հոգեւոր առումով, որովհետեւ նախ՝ մարդու աջ կողմն առաւել պատուական է, քան ձախը: Ինչպէս երբ նստում են թագաւորի աջ կողմը, նստողի համար աւելի պատուական է եւ առաւելութիւն է, այդպէս էլ Աստուծոյ Որդին նստեց Հօր աջ կողմում, որովհետեւ, միաւորուած լինելով Հօրը, ամենափառաւորն է: Եւ դարձեալ՝ Հօր աջ կողմը նախ՝ Իր Աստուածութիւնն է, երկրորդ՝ Իր թագաւորութիւնն ու դատաստանն է, երրորդ՝ Իր փառքն է: Նոյնպէս էլ նստելը հոգեւոր առումով երեք բան է նշանակում: Նախ՝ այն ցոյց է տալիս հանգիստը՝ նստելը եւ հանգստանալը, ինչպէս որ առաքեալներին ասաց. «Դուք նստեցէ՛ք Երուսաղէմ քաղաքում»[17], այսինքն հանգստացէք: Երկրորդ՝ ցոյց է տալիս դատաստանի զօրութիւնը, ինչպէս որ գրուած է. «Երբ արդար մի թագաւոր նստի գահին, ոչ մի չարագործ չի վրիպի նրա աչքից»[18]: Երրորդ՝ նշանակում է հաստատուն լինելը, քանզի նստած մէկն աւելի հաստատուն է, քան նա, ով պտտւում է շուրջը:
Այդ պատճառով վարդապետներն Աստուծոյ Որդու Հօր աջ կողմում նստելը երեք կերպով են մեկնում: Առաջին՝ Աստուծոյ Որդին Աստուած է, ինչպէս որ Հայրը եւ հաւասար է Նրան, որի համար էլ ասում է՝ նստեց: Երկրորդ՝ նստում է Հօր աջ կողմում, որովհետեւ Աստուծոյ Որդին թագաւորում է, ինչպէս որ Հայրը եւ ունի դատաստանի զօրութիւն: Երրորդ՝ նստում է Հօր աջ կողմում, որովհետեւ Որդին ունի Հօր նոյն փառքը: Նստելը նշանակում է Իր աստուածային փառքի մէջ հանգստանալը, անդրդուելի եւ անսասան լինելը, դեւերի հպարտութիւնը եւ մեղաւորների չարութիւնը Նրա աչքից չվրիպելը, ինչպէս թագաւորը, որը նստած է դատողական աթոռին: Ապա ուրեմն պարզ է, որ Յիսուս Քրիստոս՝ Աստուծոյ Որդին, նստած է Հօր աջ կողմում ոչ միայն Աստուածութեամբ, այլեւ Մարմնով, որովհետեւ Նրա Մարմինը միաւորուած է Աստուծոյ Բանին, Նա Աստուած է ու բնութեամբ՝ Աստուծոյ Որդի: Բոլոր արարածները՝ երկնաւորները եւ երկրաւորները, հրեշտակները եւ մարդիկ, երկրպագում են Քրիստոսի Մարմինը, որովհետեւ Բանն Աստուած Մարմին է առել, եւ այդ Մարմինն անբաժանելի միաւորութեամբ Աստուած է: Մի Որդի, մի Տէր, մի Քրիստոս, մի Անձ, միաւորեալ մի բնութիւն, մի կամք, մի գործ, մի փառք եւ մի երկրպագութիւն մարդացեալ Աստուծոյ Բանին: Այսքանն այն մասին, թէ ինչպէս նստեց Հօր աջ կողմում:

Բայց քանի որ մեր Տէր Յիսուս Քրիստոս երկինք համբարձուեց եւ նստեց Հօր աջ կողմում, մենք պէտք է չյապաղենք այստեղ, այլ երկինք ելնենք: Իսկ ի՞նչ միջոցներով կարող ենք ելնել, քանզի աշխարհը մի խորունկ բանտ է, մահացու մեղքերն էլ առաւել խորն են, եւ երկինքն էլ  յոյժ բարձր է եւ հեռու:

Վարդապետներն ասում են, թէ Աստուած մեզ ողորմութիւն է արել. մի երկար պարան ցած է իջեցրել եւ դրանով մեզ դէպի Իրեն՝ երկինք է ձգում, ինչպէս որ Երեմիա մարգարէին դուրս բերեցին հորի տղմից: Աբդիմելէքը վերցրեց հին կապերտներն ու երկար պարանը եւ դրանք իջեցրեց Երեմիայի մօտ, գբի մէջ՝ ասելով նրան. «Ա՛ռ կապերտները եւ պարանի տակից դի՛ր քո թեւատակերին»: Երեմիան այդպէս էլ արեց: Նրան պարանով քաշեցին եւ հանեցին գբից:

Այս պարանն ապաշխարութիւնն է, որը երեք ոլորք ունի՝ զղջում, խոստովանութիւն եւ ապաշխարանք: Այս պարանը երկար է ու հասնում է մինչեւ երկինք: Երբ այն ամուր ենք բռնում, մեր ապաշխարութիւնը հաճելի է լինում Աստծուն, եւ Նա այն ձգում է դէպի Իրեն: Եւ պէտք չէ բաց թողնել ապաշխարութիւնը, այլապէս կընկնենք դժոխքի գուբը: Իսկ եթէ մէկն ասի, թէ՝ այս պարանը հաստ է, չեմ կարող ձեռքերով բռնել կամ էլ թէ՝ բարակ է, չեմ կարող նստել վրան, Աստուած մեզ միջոց է տուել. հին կապերտները պէտք է պարանի վրայից դնել թեւատակերին, որ չվնասուենք: Հին եւ պատառոտուած կապերտները խորհրդանշում են մեղքը եւ մահը: Դրանք նոր չեն, որովհետեւ աւելի քան վեց հազար տարուայ են: Առաջին հանդերձը, որ ունէր Ադամը, անմահութիւնն էր եւ առաքինութիւնը, սակայն այդ հանդերձը նա կարճ ժամանակ հագաւ: Չհագաւ անգամ մէկ ամբողջ օր, այլ մեղանչելու պատճառով շատ արագ մերկացաւ ու հագաւ մեղքը եւ մահը, որովհետեւ մեղքի մէջ ընկաւ եւ մահկանացու դարձաւ: Ապա ուրեմն մեղքը եւ մահը հին հանդերձներ են, որովհետեւ դրանք պատրաստուեցին Ադամի ձեռքով:

Արդ, եթէ չես կարող բռնել ապաշխարութեան պարանից, քանի որ դժուար են պահքը, աղօթքը եւ ողորմութիւնը, ապա վերցնում ես քո հին հանդերձը: Մտքումդ ասա՛. «Մահս մօտ է, եւ եթէ այստեղ չապաշխարեմ, պիտի տանջուեմ յաւիտենական դժոխքում»: Եւ եթէ միշտ մտաբերես մահը եւ դժոխքի տանջանքները, այնժամ քեզ համար դիւրին կը լինի ապաշխարութիւնը, եւ այդպէս նրա միջոցով կը կարողանաս երկինք ելնել:

Սակայն այստեղ պէտք է իմանալ, որ կան հինգ բաներ, որոնք օգնում են մարդուն բարձր լեռ բարձրանալիս: Այդպէս էլ կան հինգ բաներ, որոնք ընկերակցում են մարդուն երկինք ելնելու ճանապարհին:

Առաջին. լեռը հեշտ ելնելու համար պէտք է ցած գցել ծանր բեռները, որովհետեւ որքան թեթեւ է բեռը, այնքան հեշտ է վեր բարձրանալը: Ինչպէս հողը, որ ամէնից ծանրն է, դէպի ցած է ուղղուած, իսկ ջուրը, որ նրանից թեթեւ է, նրանից բարձր է, օդը՝ ջրից աւելի բարձր, հուրն էլ՝ օդից, իսկ մեղքը ծանր է ամէն բանից առաւել, ինչպէս Դաւիթ մարգարէն է ասում. «Անօրէնութիւններս գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պէս ծանրացան վրաս»[19]: Եւ այնքան ծանր են մահուչափ մեղքերը, որ եթէ մարդն ունենայ, բոլոր հրեշտակները չեն կարող նրան վեր բարձրացնել, որովհետեւ հակառակ է Աստուծոյ դատաստանին: Այդ պատճառով պէտք է ճշմարիտ խոստովանութեամբ ցած գցել ծանր մեղքերը:

Երկրորդ. եթէ ճանապարհը դարիվեր է, առջեւում էլ խոր ձոր է, անընտել ձին կարող է յանկարծ սայթաքել ու վիհն ընկնել: Այնժամ պէտք է իջնել ձիուց եւ ձեռքով քաշել նրան: Այսպէս էլ երկնքի արքայութիւն տանող ճանապարհը նեղ է եւ յոյժ զառիվեր, իսկ նրա առջեւ դժոխքի վիհն է՝ բացուած բերանով: Ձին աշխարհի աշխարհի փառքը, մեծութիւնն ու հարստութիւնն է: Նա անընտել է եւ շատ անգամ հեծեալին գցում է դժոխքի վիհը, որովհետեւ հարստութիւնից շատերն են ընկնում զանազան մեղքերի մէջ: Ուրեմն պէտք է վայր իջնել եւ հետիոտն, այսինքն խոնարհութեամբ գնալ դէպի երկնքի արքայութիւն, քան թէ հպարտութեամբ դժոխք իջնել: Ընկնելուց յետոյ քաշելն այն է, որ եթէ ունես հարստութիւն, պէտք չէ յոյս դնել նրա վրայ, այլ թիկունք դարձրու նրան եւ սիրտդ ու միտքդ առ Աստուած բեւեռիր:

>Երրորդ. լեռը բարձրանալու համար օգնում է կերակուրը, որը հաստատում եւ զօրացնում է սիրտը: Ինչպէս երբ ճանապարհորդները նստում են լերան ստորոտին շինուած պանդոկում, կերակուր են ուտում եւ ըմպում, որպէսզի զօրանան ու հեշտ վեր բարձրանան, այդպէս էլ աշխարհից մինչեւ երկինք ընկած ճանապարհը երկար է ու զառիվեր: Այդ պատճառով Աստուած որպէս պանդոկ շինեց սուրբ Եկեղեցին՝ լի ամէն բարիքներով: Այնտեղ կերակուրը Քրիստոսի Մարմինն ու Արիւնն է, որը յոյժ զօրացնում եւ հաստատում է մարդու սիրտը, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Գինին ուրախացնում է մարդուն, իւղը՝ զուարթացնում, եւ հացն ամրացնում է մարդու սիրտը»[20]: Եւ եթէ մէկը ոսկի չունի այս կերակուրը գնելու համար, այսինքն չունի բարի գործեր, որով արժանի լինի ճաշակել Տիրոջ Մարմինն ու Արիւնը, նա իր տան եղած անարժան բաները թող գրաւ դնի եւ առնի այս կերակուրը: Այսինքն մեղքը, որ ամենաաղտեղի բանն է, ճշմարիտ խոստովանութեամբ գրաւ դնի քահանայի մօտ եւ արձակում ստանայ, որպէսզի արժանի լինի ճաշակել Քրիստոսի Մարմինն ու Արինը, որից կը զօրանայ սիրտը եւ կը կարողանայ դէպի երկինք ելնել:
Չորրորդ. օգնական է լինում ցուպը, երբ այն ձեռքն են առնում եւ լեռը բարձրանում: Ցուպը գեղեցիկ է լինում եւ չի յոգնեցնում ճանապարհին, եթէ նրա վրայ ակնաքար է լինում:  Այսպէս Քրիստոսի խաչը ցուպ է, նաեւ ճշմարիտ առաջնորդ է ըստ այն խօսքի, որն ասում է. «Քո ցուպն ու գաւազանը կառաջնորդեն ինձ»: Եւ պատուական ակնաքարը Յիսուս Քրիստոսն է՝ բեւեռուած նրա վրայ: Եթէ մէկը միշտ մտաբերում է Քրիստոսի չարչարանքները, նա ամենեւին չի յոգնի երկնքի արքայութիւն տանող ճանապարհին, իսկ ովքեր չեն վերցնում խաչի ցուպը, շուտով յոգնում են:

Հինգերորդ. օգնական է լինում, երբ երկար հանդերձի քղանցքը գօտու մէջ են անցկացնում, որովհետեւ երկար հանդերձը խանգարում է բարձրանալ լեռը: Այս երկար հանդերձը աշխարհի հանդէպ սէրն է, որովհետեւ ով չափից աւելի է սիրում իր մարմինը, իր կնոջն ու ընտանիքը, նա խորհրդանշում է երկար հանդերձը: Այդ պատճառով երկինք ելնելու համար պէտք է մէջքը պատի դրանով ու ամրացնի խոնարհութեան գօտիով, որպէսզի սիրի Աստծուն առաւել եւ անչափ, իսկ մարմինն ու իր ընտանիքը՝ չափաւոր եւ ոչ առաւել:

Քրիստոս այսօր համբարձուեց, եւ Իր Մարմինը, որ հողեղէն էր, բոլոր երկինքներից վեր բարձրացրեց: Եւ պատճառը սա էր. այն տարրը, որ հողից էր, կարող էր գանգատուել Աստուծոյ առաջ՝ ասելով. «Ինչո՞ւ ինձ ամենացածր տեղում դրեցիր, որ բոլորը ոտնակոխ անեն ու արհամարհե՞ն ինձ: Ի՞նչ է տալիս ջուրը, որն ինձնից բարձր է եւ միայն ձկներ է աճեցնում, կամ օդը, որը եւս բարձր է ինձնից եւ միայն թռչուններ է պահում: Ի՞նչ է տալիս հուրը, որը դարձեալ բարձր է ինձնից, բայց միայն այրում է: Իսկ ես նրանց տուածից աւելի ամէն տեսակ բարիքներ եւ կերակուր եմ տալիս ու կենդանի եմ պահում մարդ ու անասունին»: Աստուած պատասխանեց հողին եւ ասաց. «Երկայնամիտ եղի՛ր, որովհետեւ քեզ բոլոր երկինքներից վեր պիտի բարձրացնեմ»: Եւ այս խօսքն այսօր կատարուեց, քանզի Քրիստոսի Մարմինը, որ հողից էր, ինչպէս մերը, այսօր համբարձուեց բոլոր երկինքներից վեր: Այժմ պատեհ է ասել, որ երկիրը, ուր Քրիստոսի Մարմինն է նստած, աւելի բարձր է, քան բոլոր երկինքները:

Եւ եթէ անհաւատներն ու չար մարդիկ քեզ անպիտան համարեն եւ ոտնահարեն քրիստոնէութեան ու քո աղքատութեան համար, համբերի՛ր, որովհետեւ Աստուած ցած գցեց ամբարտաւան հրեշտակներին, իսկ խոնարհներին վերեւ բարձրացրեց: Եւ քեզ եւս պիտի բարձրացնի՝ մտցնելով երկնքի Արքայութիւն մեր Տէր Յիսուս Քրիստոսով, Որին Հօր եւ Սուրբ Հոգու հետ փա՜ռք, զօրութիւն եւ երկրպագութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:

[1] Սաղմ. ԽԶ 6:

[2] Սաղմ. ԿԷ 19:

[3] Ծննդ. ԼԲ 10:

[4] Ես. ԿԳ 1:

[5] Ես. ԿԳ 1:

[6] Ես. ԿԳ 2:

[7] Ես. ԿԳ 3:

[8] Դան. Դ 7-8:

[9] Մատթ. Ժ 38:

[10] Ղուկ. ԻԳ 43:

[11] Երգ Է 8:

[12] Բ Կորնթ. Դ 17:

[13] Ղուկ. ԺԹ 5:

[14] Ղուկ. ԺԹ 8:

[15] Հմմտ. Երեմ. ԻԳ 24:

[16] Յովհ. Դ 24:

[17] Ղուկ. ԻԴ 49:

[18] Առակ. Ի 8:

[19] Սաղմ. ԼԷ 5:

[20] Սաղմ. ՃԳ 15: