ՀՌՈՄԻ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ, ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Զարիական մահ սրբոց Քոց Քրիստոս

Ընդ երկնային զօրսն այսօր երգակցեալ տօնեմք.

Որք հանդիսացան ընդդէմ բռնութեան թշնամւոյն:

Անմարմինք ի մարմնի ցուցան՝ գեր ի վերոյ սրյ եւ հրոյ տանջանացն.

Զպատուական մահ իւրեանց ընծայեցին Քեզ Քրիստոս բանաւոր զենմունք:

Նահատակեալք ճգնութեամբ ի փորձ զանազան տանջանաց՝

Համբերութեամբ վանեալ զթշնամւոյն պատերազմ.

Փոխեցան ի զօրս վերին զուարթնոցն:

 (Շարակնոց)

 

Եկեղեցու պսակը՝ ազգութեամբ հռոմեացի Հռոմի սուրբ Ստեփաննոս հայրապետն, ըստ մեր ճառընտիրների, իր առաքինութեամբ ու վկայաբանութեամբ նման էր գլխաւոր առաքեալ Պետրոսին եւ ըստ ամենայնի՝ արժանի էր իր Աթոռին: Նա երկու սուրբ քահանայապետերի՝ Կուռնելիոսի եւ Ղուկիոսի սարկաւագապետն էր, որոնք նախքան իր նահատակութիւնը եկեղեցին ամբողջութեամբ յանձնեցին իրեն: Այդպէս Տիրոջ 253 կամ 254 թուականին գահը յաջորդելու համար ընտրուեց սուրբ Ստեփաննոսը եւ սուրբ Պետրոսից յետոյ դարձաւ Հռոմի քսաներեքերորդ եպիսկոպոսը: Նրա քահանայապետութեան սկզբում, երբ մեռան հաւատի թշնամիներ Գաղոս եւ Վոլուսիանոս կռապաշտ կայսրերը, երեք ամսով իշխանութեան եկաւ Եմիղիանոսը, եւ փոքր-ինչ դադարեցին եկեղեցու հալածանքները: Իսկ երբ նրան յաջորդեց Վաղերիանոս կայսրը, իշխանութեան առաջին երեք ամիսներին նա առերես խաղաղութիւն էր պահում քրիստոնեաների հետ, որի պատճառով Ստեփաննոս հայրապետը հեշտութեամբ հոգ էր տանում Քրիստոսի հօտի թէ՛ հոգեւոր եւ թէ՛ անգամ մարմնաւոր կարիքների համար: Հեռւում գտնուողներին նա մխիթարում էր գրութիւններով եւ հաստատում ճշմարտութեան ճանապարհի վրայ, իսկ մոլորուածներին ջանում դարձի բերել: Նրանց թւում հերձուածի մէջ մոլորուած  եւ անուղղելի էր տեսնում Գաղղիայի Մարկիանոս եպիսկոպոսին, որին իմաստուն առաջնորդների, այդ թւում Կարքեդոնի սուրբ Կիպրիանոս եպիսկոպոսի բողոքարկութեամբ հեռացրեց Աթոռից եւ նրա տեղում կարգեց ուրիշին: Իսկ երբ Իսպանիայի Բասիլիդէս եւ Մարտիաղէս եպիսկոպոսները, որոնք իբրեւ յանցաւորներ հեռացուել էին իրենց Աթոռներից, դիմել էին նրան՝ արդարացուելու համար եւ ցուցաբերել զղջում ինչ-ինչ գայթակղիչ գործերի համար, իւրաքանչիւրին հաստատեց իր Աթոռին: Բայց քանի որ գաւառի բնակիչները Բասիլիդէսի փոխարէն ընտրել էին ոմն Սաբինոսին, իսկ Մարտիաղէսի փոխարէն՝ Փելիքսին, այնժամ խռովութիւն ծագեց: Նոր ձեռնադրուածները գնացին սուրբ Կիպրիանոսի մօտ եւ նրանից ապացոյց առան իրենց ընտրուած լինելու ու հեռացուածների անարժանութեան համար, որոնք իբրեւ թէ կեղծ զղջմամբ շահել են Ստեփաննոս հայրապետի սիրտը: Այս խնդիրը դեռեւս չլուծուած՝ հերեսիովտացիների[1] մկրտութեան հարցով դարձեալ պառակտութիւն ընկաւ եկեղեցու մէջ: Քանզի Ափրիկէի սուրբ Կիպրիանոս հայրապետը եւ Արեւելքի կապադովկեան Կեսարիայի Փերմիլիանոս Մեծ արքեպիսկոպոսը, իրենց համախոհ գտնելով ժամանակի թէ՛ ողջ, թէ վախճանուած եպիսկոպոսներին, պնդեցին, որ եթէ ընդհանրական եկեղեցուց դուրս եղող հերետիկոսներից եւ հերձուածողներից մէկը թէպէտ նախկինում մկրտուած է եղել, ապա այդպիսիններին պէտք է վերստին մկրտել ուղղափառ եկեղեցում: Կիպրիանոսն այնպէս էր հաստատուած այս սխալ կարծիքի մէջ եւ այնպէս էր վառուած նախանձախնդրութեամբ, որ Տիրոջ 255 եւ 256 թուականներին իր երկրում՝ Կարքեդոնում[2], երկու անգամ ժողով գումարեց եւ մասնակիցների հաւանութեամբ նամակ գրեց Հռոմի երանելի Ստեփաննոս հայրապետին, որպէսզի այս հարցում միաբանուի իրենց եւ յայտնեց. «Սա է բարեպաշտ եւ միանգամայն ճշմարիտ վարդապետութիւնը»:

 

Իսկ սուրբ Ստեփաննոս հայրապետը, որն իրազէկ էր եւ գիտէր, որ այդ վարդապետութիւնը հեռու էր բարեպաշտութիւնից եւ ճշմարտութիւնից, հաստատուն էր պահում առաքելական աւանդութիւնը, ըստ որի՝ օրէնք չէ մէկ անգամ ուղղափառութեան կարգով օրինաւոր մկրտուածին կրկին մկրտելը եւ մկրտութեան խորհրդի Քրիստոսի անջնջելի կնիքն անարգելը: Եւ ընդդէմ Կիպրիանոսի եւ նրա համախոհների կարծիքի՝ սուրբ հայրապետը զինուեց որպէս քաջ հովիւ եւ ճշմարտութեան վարդապետ: Առաքելական իշխանութեամբ հայրապետական կոնդակ գրեց Կիպրիանոսին ու արեւելցիներին եւ որպէս եպիսկոպոսների եպիսկոպոս ու հաւատքի Վէմ Պետրոսի իրաւայաջորդ, պատուիրեց հեռու մնալ այդպիսի նորահունչ վարդապետութիւնից եւ վերջում աւելացրեց. «Եթէ մէկը որեւիցէ հերձուածից գայ մեզ մօտ, պէտք չէ նորամուծութին անել, այլ ինչպէս աւանդուած է, պէտք է միայն ձեռք դնել նրա վրայ, որպէսզի ապաշխարի»: Սրանով նա սպառնաց բանադրել բոլոր նրանց, ովքեր այսուհետ չեն հնազանդուի առաքելական աւանդութիւններին: Հայրապետի այս խօսքերը ծանր թուացին Կիպրիանոսին եւ Փերմելիանոսին: Պառակտութիւնն աւելի ու աւելի խորացաւ եւ տեւեց աւելի քան մէկ տարի: Բայց յետոյ առաջ եկան սուրբ Դիոնեսիոս Ալեքսանդրացին ու այլ առաջնորդներ եւ համոզեցին Հռոմի սուրբ Ստեփաննոս հայրապետին, որ աւելի լաւ է սիրով ամոքել անգիտութեամբ սխալուողներին, քան թէ խստութեամբ յանդիմանել նրանց: Եւ այդպէս լռութեամբ խափանուեցին եկեղեցին պառակտող գալիք չարիքները: Իսկ սուրբ Ստեփաննոսի մկրտութեան անկրկնելի լինելու ողջամիտ վարդապետութիւնն ինքնին արմատացաւ բոլոր ուղղափառ եկեղեցիներում եւ մտաւ յետագաւ ժողովների սահմանումների մէջ:

 

Երբ եկեղեցու ներքին խռովութիւնը հանդարտուեց, հեթանոսների սաստիկ հալածանքների երեսից դարձեալ արտաքին խռովութիւն ծագեց, քանզի հռոմէացիների Վաղերիանոս արքան, որը սկզբում քրիստոնեաներին հակառակ ոչինչ ցոյց չէր տալիս, այլ իր խորամանկութեամբ ձեւանում էր որպէս յոյժ սիրելի, յետոյ խաբուելով կախարդներից ու քրմերից, բայց առաւել դրդուած իր քողարկուած չարութիւնից՝ սկսեց հալածել քրիստոնեաներին: Հետապնդում էր սուրբ եւ արդար մարդկանց, բոլոր տեղերում բռնել տալիս նրանց եւ սպառնալիքներ ու խոստումներ տալով՝ հրապուրում կուռքերի մոլորութիւններով: Եւ ովքեր չէին ընդունում նրա անօրէն առաջարկութիւնները, հրամայում էր տանջանքներով կորստեան մատնել:

 

Այնժամ Հռոմի երանելի Ստեփաննոս հայրապետը, հաւաքելով եկեղեցու միաբանութեանը, ասաց. «Եղբայրնե՛ր, թող ձեզնից ծածուկ չմնայ, որ բռնաւորների շուրթերով նոյն ինքը բանսարկուն է խօսում եւ քրիստոնեաներին անճողոպրելի տանջանքների ու պատժի տանում: Հալածողները ում որ մոռանում են, դեւերն ամէն օր նրանց յիշեցնում են: Բռնաւորները չարի թելադրանքով առաջ են բերում հարստութիւնն ու փառքը, որոնցով յաղթւում են տկարներից շատերը: Բայց դուք, սիրելինե՛ր, յատկապէս աւետարանական քարոզութեան եւ վերստին ծննդեան հարազատ որդինե՛ր, թօթափէ՛ք երկրաւորը երկրի վրայ եւ թեթեւացած հոգով վեր բարձրացէք երկնքի Արքայութեան մէջ: Եւ մի՛ վախեցէք մարմնաւոր տանջանքներից, որոնք ժամանակաւոր են, այլ վախեցէք նրանից, որ յաւիտենապէս տանջում է հոգին եւ մարմինը»:

 

Սուրբ Բովնոս քահանան, հանդէս գալով որպէս բազմութեան բերան, բոլորի փոխարէն բարձրաձայն ասաց. «Մենք, ո՛վ տէր, թողեցինք մեր ազգը, փառքը, հարստութիւնը եւ ամէն բան, ինչ կայ աշխարհում եւ, այսուհետեւ ի Քրիստոս զօրանալով, յօժարութեամբ կը հեղենք մեր արիւնը Նրա անուան համար, Ով Իր սուրբ արիւնը հեղեց մեղաւորներիս համար: Միայն թէ մի՛ դադարիր հաստատուն պահել մեզ քո սուրբ աղօթքներով եւ քրիստոսասէր վարդապետութեամբ»:

 

Այնժամ ժառանգաւորների դասը խնդրեց Աստուծոյ քահանայապետին, որ ովքեր դեռեւս անկատար են, այսինքն դեռ երախայից կարգի մէջ են, եւ ովքեր սովորել են նրա վարդապետութիւնը, արժանանան սուրբ Աւազանով վերստին ծննդեան: Եւ սուրբ քահանայապետն իսկոյն հրամայեց, որ վաղն եւեթ բոլորը հաւաքուեն գետնայարկում, որտեղ նա սուրբ մկրտութեամբ լուսաւորեց հարիւր ութ հոգու եւ վարդապետութեան արժանահաւատ խօսքերով հաստատեց ու օրհնեց նրանց: Իսկ յաջորդ օրը Աստուծոյ քահանայապետը ձեռնադրեց երեք քահանաների, եօթ սարկաւագների եւ տասնվեց հոգու էլ՝ սպասաւորութեան տարբեր աստիճաններով:

 

Սրանից յետոյ Հռոմի հեթանոս բնակիչներից շատերը, լսելով սուրբ Ստեփաննոս հայրապետի բարեպաշտութեան համբաւի մասին, մկրտուեցին նրա ձեռամբ: Նրանցից Նեմեսիոս անունով մէկը, որ իշխանութեամբ տրիբուն էր կամ դեմարքոս, այն է՝ ժողովրդապետ կամ զօրապետ, իր Լուկիլլա անունով մինուճար դստեր հետ, որն ի ծնէ կոյր էր, մօտեցաւ քահանայապետին ու նրանից բժշկութիւն եւ սուրբ մկրտութեան լուսաւորութիւն խնդրեց: Իսկ Աստուծոյ քահանայապետն ասաց նրան. «Դու պէտք է քո ամբողջ սրտով հաւատաս Ամենասուրբ Երրորդութեանը, որին դաւանում են երեք Անձեր՝ մի բնութեամբ եւ Աստուածութեամբ, եւ ապա՝ Քրիստոսի փրկչական մարդեղութեանը, Ով ոչ թէ կարծեցեալ էր եւ ոչ էլ որեւէ տեղից էր, այլ ճշմարտապէս մեր բնութիւնից, երկուսից մէկ եղած, հաւասարակից Հօրը եւ Սուրբ Հոգուն»: Եւ նա խելամուտ եղաւ ու խոստացաւ պահել նոյն դաւանութիւնը, ինչպէս որ վարդապետեց սուրբ քահանայապետը:

 

Եւ մկրտութեան ժամին, երբ Նեմեսիոսն ու նրա դուստրը դուրս ելան աւազանից, Լուկիլլան բարձրաձայն ասաց. «Ահա տեսնում եմ փայլականացայտ մի մարդու, որը մօտեցաւ իմ աչքերին եւ իր շուրջն եղած արփիական նշոյլներով շնորհեց ինձ տեսնել երեւացող ամէն բան»: Իսկ Աստուծոյ քահանայապետն իր ձեռքով ընդունեց նրանց աւազանից դուրս գալիս եւ հայրական գթասրտութեամբ հաստատեց նրանց: Այդ օրը բազմաթիւ տղամարդիկ եւ կանայք՝ թուով վաթսուներկու հոգի, արժանացան սուրբ մկրտութեանը եւ մեղքերի թողութեանը: Հաւատացեալների բազմութիւնը յոյժ մեծ էր: Վկաների գետնայարկում սուրբ հայրապետը քարոզում էր նրանց եւ այնտեղ էլ պատարագ մատուցում: Այնուհետեւ երանելին Նեմեսիոսին սարկաւագ ձեռնադրեց՝ ի սպասաւորութիւն սուրբ եկեղեցու, բայց քանի որ նա երեւելի ու նշանաւոր մէկն էր, զօրագլուխներից ծածուկ չմնացին նրա հաւատքը, մկրտութիւնն ու սարկաւագութեան վերատեսչութիւնը եւ այդ մասին տեղեկացրին թագաւորին: Այնժամ թագաւորը կանչեց Վաղերիոս եւ Մաքսիմոս զօրագլուխներին, որոնք աչքի էին ընկնում պատերազմի կուռքերի կամ Արես չաստուծոյ պաշտամունքի մոլորութեամբ եւ հրամայեց նրանց բռնել Նեմեսիոսին, ապտակել նրան ու կանգնեցնել դատաւորի ատեանի առջեւ:

 

Իսկ սուրբ Նեմեսիոսը, զօրացնելով քրիստոնեաներին աստուածային շնորհներով, իր ունեցուածքը բաշխում էր նրանց՝ ըստ իւրաքանչիւրի կարիքի: Մի գիշեր, երբ նա գնում էր Ապպիա կոչուող ճանապարհով, որպէսզի ըստ սովորութեան ողորմութիւն բաշխէր կարիքաւորներին, Արես չաստուծոյ տաճարին մօտենալիս տեսաւ Վաղերիոսին եւ Մաքսիմոսին, որոնք պիղծ զոհեր էին մատուցում կուռքերին: Աստուածային նախանձախնդրութեամբ զօրացած՝ ծնրադրեց եւ խնդրեց Աստծուց, որպէսզի այդտեղ, ուր ամբարիշտները, յանդգնում էին կուռքերին պաշտամունք մատուցել, պատժուեն ըստ իրենց անօրէնութեան՝ որպէս խրատ այլոց համար: Եւ մինչ նրա աղօթքները շուրթերին էին, բայց առաւել շատ՝ երկնքում, Մաքսիմոսն իսկոյն ապտակ ստացաւ դեւերից, որոնք մտնելով նրա մէջ՝ հարուածեցին նրան գետնին ու սաստիկ տանջեցին: Նա մոլեգնած գոչում էր ու ասում. «Նեմեսիոս անունով մի քրիստոնեայ անցնում է տաճարի մօտով եւ իր աղօթքներով այրելով կիզում է ինձ: Քանի դեռ չի հեռացել, հասէ՛ք, բռնէ՛ք ու ապտակէ՛ք նրան»: Մեհեանի սպասաւորները դեւերի հրամանով բռնեցին երանելի սարկաւագին եւ ապտակեցին, իսկ պիղծ Մաքսիմոսը խեղդամահ արուեց պիղծ այսերի կողմից:

 

Այնժամ նրա սպասաւորները Նեմեսիոսին բերեցին պալատ՝ Վաղերիանոս դատաւորի մօտ, որը տեսնելով նրան՝ ասաց. «Ինչո՞ւ քո իմաստութիւնն այդքան անզգոյշ եղաւ: Չէ՞ որ ժողովարանի խորհրդականների մէջ դու ամենապատուականն էիր, բայց այժմ անմտացար եւ աստուածներին ատելով՝ կորցրեցիր նրանց սէրը: Ինչպէ՞ս ընկար այդպիսի մեծ անօրէնութեան մէջ: Ինչպէ՞ս անմտօրէն թողեցիր աստուածներին, որոնց խանձարուրից պաշտելով պատւում էիր ու գնացիր մի պաշտամունքի յետեւից, որոնք քո հայրերը չեն ընդունել: Բայց եթէ այսուհետ արագ չդառնաս այնտեղ, որտեղից ընկար եւ չսթափուես խելագարութիւնից, դատաւորների օրէնքն արագապէս կը հասնի քեզ, այն օրէնքը, որ սահմանուած է այդ պաշտամունքն ունեցողների համար, եւ որի դատաստանը դու ինքդ քաջ գիտես»:

 

Իսկ երանելի Նեմեսիոսն անմիջապէս չպատասխանեց, որովհետեւ երբ յիշատակուեց իր նախկին մոլորութիւնները, ինչպէս նաեւ իր ծնողներինը, որոնք կորստեան մատնուեցին կռապաշտութեամբ, առատ արցունքներ հեղեց, իսկ յետոյ զսպելով իր արտասուքները՝ ասաց. «Ո՛վ դատաւոր, դու իմաստութիւն ես համարում իմ նախկին մոլորութիւնը եւ առաջ ես բերում կորստեան մատնուած ծնողներիս վարքը, նաեւ իմը, երբ մեղանչում էի անգիտութեամբ եւ սուրբերից շատերին դատապարտում պատժի: Դա է, որ ինձ ստիպում է արտասուել ու կոծել եւ աւելի բորբոքուել Քրիստոսի սիրով, որովհետեւ գիտեմ, որ Նա է իմ նախկին անօրէնութիւնների քաւութիւնը: Եւ եթէ այժմ այսքան զղջում եմ անցեալիս ամբարշտութիւնների համար, որքան առաւել հիմա, երբ ընդունել եմ ճշմարտութիւնը, իբրեւ մանգաղով կը կտրեմ ու կը հեռացնեմ բոլոր չարիքները եւ խելագար անաստուածութիւնը: Թող քեզ յայտնի լինի նաեւ, որ չկայ որեւէ բան, որ կը կարողանայ բաժանել ինձ Քրիստոսի սիրուց, ո՛չ հարստութիւնը, ո՛չ փառքը, ո՛չ դատաւորների սպառնալիքները եւ ո՛չ էլ տանջանքների գործիքները: Սա ասում եմ համարձակութեամբ, որովհետեւ վստահում եմ Քրիստոսի զօրութեանը: Իմ դստերը եւս ոչ ոք չի կարող հեռացնել Քրիստոսի սիրուց, որովհետեւ Աստուծոյ սուրբ Ստեփաննոս քահանայապետի ձեռամբ սուրբ աւազանով վերստին ծննդեամբ նա մերկացաւ հոգու եւ մարմնի խաւարից»:

 

Այս լսելով՝ բռնաւորը լցուեց անասելի բարկութեամբ եւ ասաց. «Թէպէտ ես կամեցայ քեզ ինձ մօտ կանչել մարդասիրութեամբ, սակայն դու քո կախարդութեամբ նախ տանջեցիր մեր զօրագլխին՝ լլկելով զարհուրելի ցաւերով եւ ապա տարաժամ մահով զրկեցիր կեանքից, որը չեմ մոռանայ: Եւ այժմ էլ մեր պաշտամունքին հակառակ ինչ-որ մի գիտութիւն ես ուսուցանում՝ առաջ բերելով դժնդակ ճառեր»: Ապա հրամայեց կողոպտել նրա տան ունեցուածքը, իսկ դստերը մի անառակ ու ամբարիշտ կնոջ ձեռքը մատնել: Հրամայեց բերել նաեւ Սերեպիոնին, որը Նեմեսիոսի տան մատակարարն էր եւ հարցաքննելու համար նրան յանձնեց Ոլիմպիոս տրիբունին: Ոլիմպիոսն ասաց նրան. «Դատաւորի երկու հրաման կա՝ դրուած քո առաջ: Կատարի՛ր, որը կամենում ես եւ կը փրկուես տանջանքներից. կա՛մ յանձնի՛ր քո տիրոջ՝ Նեմեսիոսի ունեցուածքը, կա՛մ զոհ մատուցիր աստուածներին»: Սերեպիոնը պատասխանեց. «Ո՛վ դատաւոր, Քրիստոս արդէն ընդունել է իմ տիրոջ ունեցուածքը, որովհետեւ իմ տէրն այն բաշխել է աղքատների ձեռքը: Իսկ քարին եւ փայտին զոհ մատուցելու համար կ՚ասեմ, որ ես աղօթում եմ, որ դու, ինչպէս նաեւ Աստուծոյ ստեղծած եւ Աստուծոյ պատկեր ունեցող որեւէ մէկը երբէք յանձն չառնի»:

 

Այնժամ Ոլիմպիոսը հրամայեց հաստ բրիչներով ուժգին հարուածել նրան, ապա քարշ տալ երեսի վրայ, գցել Արեսի գարշելի տաճարը եւ ստիպել խունկերով զոհ մատուցել կուռքերի ոսկեպատ արձաններին: Իսկ Քրիստոսի երանելի Սերեպիոն վկան սկսեց աղօթել եւ խնդրել Աստծուց, որ Նա ցոյց տայ Իր զօրութիւնը՝ կործանելով դիւային պատկերները: Եւ ահա կուռքերի արձաններն իսկոյն ընկան ու փշրուեցին: Այս տեսնելով՝ Ոլիմպիոսը մեծ հիացմունքով ապշեց, ապա Քրիստոսի Սերեպիոն վկային յանձնեց իր տան վերակացու Տերտիւղոսին, իսկ ինքը շտապեց իր տուն եւ կնոջը՝ Էքսուբերիային ու որդուն՝ Թէոդուղոսին պատմեց կատարուած հրաշքի մասին: Եւ Տէրը բացեց նրանց միտքը՝ ճանաչելու ճշմարիտ Աստծուն: Գիշերը սուրբ Սերեպիոնին ծածուկ կանչեցին իր տան առանձին մի անկիւն, ուր խոստովանեցին իրենց մոլորութիւնը, որ անգիտութիւնից էր: Զղջումով դառնապէս լաց եղան եւ յանձն առան ապաշխարել, միայն թէ փրկութեան արժանանային: Ապա Ոլիմպիոսը մտաւ այն յարկը, ուր գտնւում էին իր կուռքերը, բոլորը դուրս բերեց, դրեց Սերեպիոնի առջեւ եւ դրանց տնօրինութիւնը յանձնեց նրա ձեռքը: Իսկ նա հրամայեց Ոլիմպիոսին իր իսկ ձեռքով ջարդել կուռքերի փայտեղէն, քարեղէն եւ խեցեղէն արձանները, իսկ ոսկեղէնն ու արծաթեղէնը ձուլել, մանրել եւ տալ աղքատներին: Եւ երբ նա իր ամբողջ ընտանիքով իսկոյն կատարեց ամէնը, երկնքից ձայն լսուեց, որը յայտնապէս լսելի եղաւ տան մէջ ու ասաց. «Երանի՜ է ձեզ: Այսուհետեւ Իմ Հոգին կը բնակուի ձեր մէջ, իսկ դուք վերստին ծննդեամբ կ՚ընդունէք կատարեալ փրկութիւնը»: Այս լսելով՝ Ոլիմպիոսն ու նրա ընտանիքը առաւել հաստատուեցին հաւատի մէջ եւ խնդրեցին Սերեպիոնին, որ իրենց արժանացնի սուրբ մկրտութեան: Սերեպիոնն այս ամէնի մասին հաւատարիմ մարդկանց միջոցով տեղեկացրեց իր տիրոջը՝ Նեմեսիոս սարկաւագին, եւ Նեմեսիոսն էլ՝ Ստեփաննոս մեծ քահանայապետին: Նա լցուեց ուրախութեամբ, առանց յապաղելու եկաւ Ոլիմպիոսի տուն եւ, տեսնելով նրանց հաւատքն ու ջանքերը, ինչպէս նաեւ ջարդուած կուռքերը, իսկոյն մկրտեց նրանց ու որդեգրեց երկնաւոր Հօրը: Նրանց հետ մկրտեց նաեւ տան բնակիչներին, որոնք արժանի էին եղել լսելու տան մէջ հնչած երկնային ձայնը:

 

Այս մասին լուրը երեք օր անց հասաւ Վաղերիոս դատաւորին, եւ սա էլ յայտնեց Վաղերիանոս թագաւորի որդուն՝ Գաղենոսին: Եւ սա հրամայեց սպանել երանելի Նեմեսիոսին իր դստեր հետ: Արդ, երանելուն տարան նահատակութեան վայրը, որ գտնւում էր Ապպիայի եւ Լատինոսի ճանապարհների միջեւ: Անօրէնները խորհրդակցելով կամեցան նախ դստերը սպանել, որովհետեւ կարծում էին, թէ խանդաղատանքից նա կը տոչորուի եւ թերեւս կը համոզուի, բայց երանելի Նեմեսիոսն իր դստեր մահն առաւել շատ մխիթարութիւն էր համարում, որի համար երբ նրան տեսաւ սպանուած, ցնծաց մեծ ուրախութեամբ եւ գոչեց՝ ասելով. «Քրիստո՛ս, ընդունիր այս բանաւոր պատարագը: Ես յօժարութեամբ Քեզ եմ մատուցում իմ առաջին պտուղը»: Նոյն կերպով եւ նոյն տեղում սպանեցին նաեւ նրան: Իմանալով այս մասին՝ Ստեփաննոս մեծ քահանայապետը գիշերը եկաւ, ամփոփեց նրանց սուրբ եւ նուիրական մարմինները, պահեց Լատինոսի ճանապարհին մի պատշաճ տեղում, որ հեռու չէր Հռոմ քաղաքից, կատարեց Աստուծոյ օրհնութեան կարգը եւ առաւօտեան վերադարձաւ:

 

Յաջորդ օրը Վաղերիոս բռնաւորը հրամայեց երանելի Սերեպիոնին իր առջեւ բերել: Այնժամ դահիճները դատաւորի հրամանով շղթայեցին նրան երկաթէ կապանքներով, կապեցին պարանոցը եւ այդպէս տարան Վաղերիոսի ատեան՝ Գաղենոս թագաւորի առջեւ: Բարեպաշտ վարդապետի յետեւից գնում էին Քրիստոսի զինուոր Ոլիմպիոսը, նրա կինը՝ Էքսուբերիան, եւ որդին՝ Թէոդուլոսը: Եւ երբ նրանց առաջ բերեցին, դատաւորը հարցրեց. «Ինչո՞ւ ապստամբեցիք մեր փրկարար աստուածների դէմ եւ երկրպագելով նախապատւութիւն տուեցիք ոմն օտար Մէկին»: Իսկ երանելի Սերեպիոնն ասաց. «Ո՛վ դատաւոր, մենք չէ, որ անարժան բան ենք անում, այլ նրանք, ովքեր չեն պաշտում միակ եւ ճշմարիտ Աստծուն եւ երկրպագում են պիղծ դեւերին ու նրանց պատկերներին, որոնք շինուած են, փայտից, քարից եւ խեցուց: Եւ մենք չենք կարող թողնել մեր օրէնքներն ու փրկութիւնը եւ ապականել մեր սրբութիւնը պիղծ կուռքերով, թողնել անսկիզբ Աստծուն եւ երկրպագել վաղանցուկ ու եղծանելի բաներին, որովհետեւ աստուածները, որ չեն արարել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն»:

 

Եւ քանի որ Գաղենոս թագաւորն ատեանին զբաղեցնում էր բարձրագոյն գահը եւ դատը վարում էր Վաղերիանոսի միջոցով, դարձաւ դէպի Ոլիմպիոսը եւ ասաց. «Դու, որ ի սկզբանէ եւ մինչ այժմ վայելել ես աստուածների բարութիւնը, եւ շատերին էլ առանց մեզ հարցնելու դարձրել ես նրանց պաշտամունքին, ինչո՞ւ այժմ չես ընդունում նրանց»: Ոլիմպիոսը պատասխանեց. «Ես քաջ գիտեմ, որ ժամանակ առաջ բազմիցս պղծութեամբ եւ աղտեղութեամբ զոհեր եմ մատուցել անշունչ կուռքերին եւ պարտաւորուել եմ տանջել սուրբ եւ անմեղ մարդկաց: Ես պղծում էի իմ եւ բոլոր նրանց հոգիները, որոնք լսում էին ինձ: Այդ պատճառով արտասուալից հառաչանքներով պաղատում եմ Աստծուն, որ Նա լուանայ եւ մաքրի ինձ իմ նախկին մեղքերի ախտից, որով անգիտութեամբ դառնապէս ապականել էի ինձ: Իսկ այժմ, երբ ճանաչում եմ ճշմարիտ Աստծուն եւ Նրանից ողորմութիւն եմ գտել, այսուհետեւ ո՞ր խօսքերը, տանջանքները, կամ դաժան մահը կարող են ինձ հեռացնել Նրա սիրուց ու դարձեալ նետել այն կորստարար վիհը»:

 

Այնժամ թագաւորը, մռնչալով վայրի գազանի պէս, խորհուրդ արեց Վաղերիանոս կայսեր հետ, վճռեց ողջ-ողջ այրել նրանց, եւ հրամանն արագ կատարուեց: Հրի մէջ Քրիստոսի չորս քաջ զինուորները՝ Սերեպիոնը, Ոլիմպիոսը, Էքսուաբերիան եւ Թէոդուլոսը, փառաւորում էին Աստծուն եւ ասում. «Փա՜ռք Քեզ, հաւասարակից Սուրբ Երրորդութի՛ւն, որ մեզ արժանացրեցիր հրակիզուելով մատուցել մեր անձերը Քեզ՝ որպէս բանական ողջակէզ: Եւ այժմ ընդունի՛ր մեր հոգիները, որպէս անուշահոտ բուրմունք»: Այս ասելով՝ աւանդեցին իրենց հոգիները:

 

Երբ գիշերն ընկաւ, Աստուծոյ երանելի քահանայապետ Ստեփաննոսը, որը միշտ անքուն աչքով հսկում էր Քրիստոսի հօտին, եկեղեցու ժառանգաւորներից աստուածավախ մարդկանց հետ գաղտնաբար վերցրեց բարեյաղթ վկաների մարմինները եւ ըստ կարգի սրբասացութիւններով՝ տարաւ ու թաղեց ատեանից եւ ամփիթատրոնից ոչ հեռու մի տեղում՝ Լատինոսի ճանապարհից մէկ մղոն հեռաւորութեան վրայ:

 

Սրանից յետոյ համատարած հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ: Փնտրում էին Ստեփաննոս եպիսկոպոսին ու բոլոր ժառանգաւորներին, իսկ եթէ մէկը կը մատնէր նրանց, բազում ինչք էին խոստանում: Քիչ օրեր անց բռնեցին ժառանգաւորներից տասներկու հոգու, որոնք սպանուեցին սրով՝ պսակուելով ի Քրիստոս: Նրանց անուններն էին՝ Բովնոս, Փաւստոս, Մաւրոս, Պրոմիտիոս, Կամիսիոս, Յովհաննէս, Էքսուպերանտիոս, Կիւրեղղիոս, Թէոդուլէոս, Բասիլիոս, Բասոս, Կաստոս: Տերտիւղոս անունով մէկը, որը կատարեալ հաւատք ունէր, վերցրեց նրանց ճգնակեաց մարմինները եւ արժանի պատուով թաղեց Լատինոսի ճանապարհին: Այս վկայասէր Տերտիւղոսը Ոլիմպիոսի տան մատակարարն էր, որը նրանց հետ լուսաւորուել էր սուրբ մկրտութեամբ եւ սպասաւորում էր սուրբ վկաներին: Քիչ օրեր անց նա եւս յետեւեց նրանց, քանզի եպարքոսական դասից մէկը բռնեց վկայասէր Տերտիւղոսին ու նրան տարաւ Վաղերիոս դատաւորի մօտ: Երբ այս բռնաւորը տեսաւ Տերտիւղոսին, այլայլած դէմքով ասաց նրան. «Առանց տանջանքների եւ դաժան լլկանքների՝ կամաւոր յանձնի՛ր քո տիրոջ՝ Ոլիմպիոսի ունեցուածքը»: Տերտիւղոսը պատասխանեց. «Եթէ իրապէս խնդրում ես իմ տիրոջ ունեցուածքը, ապա երանի է քեզ: Միայն թէ կամեցիր այն սեփականացնել, որովհետեւ ոչ ոք չի կարող այդ գանձերը վերցնել, եթէ ինքը որեւէ մէկին չընձեռի: Իր ունեցուածքն աղքատներին բաշխելով՝ նա անկողոպտելի գանձեր ունի երկնքում եւ հրի մէջ պատարագուելով՝ իր անձը մատուցեց Աստծուն: Եւ արդ, ո՛վ դատաւոր, եթէ թեթեւացնես տնանկների վշտերը եւ հեռանաս դեւերի գարշելի պաշտամունքներից, իսկոյն կը գտնես իմ տիրոջ գանձերը»:

 

Այնժամ Վաղերիոսն առաւել բարկացաւ եւ հրամայեց դալար ճիպոտներով ուժգին հարուածել նրան, իսկ նա, արհամարհելով տանջանքները, մեծ ուրախութեամբ գոհանում եւ փառաւորում էր Աստծուն: Որքան աւելանում էին չարչարանքները, այնքան աւելի էր սրտապնդւում՝ արիանալով աստուածպաշտութեան մէջ: Աստուածամարտը հրամայեց ջահերով այրել երանելու վէրքերը, սակայն նա այնպէս էր բոցավառուած Աստուծոյ սիրով ու զօրացած Սուրբ հոգով, որ անգամ երեսը չայլայլուեց: Իսկ այն բռնաւորը, երբ տեսնում էր վկայի անդրդուելի միտքը, սաստկացնում էր չարչարանքները: Ապա Տերտիւղոսին ուղարկեց քաղաքի Սապրիկոս եպարքոսի մօտ, որպէսզի հնարքներով ու խոստումների կամ տանջանքների միջոցով փորձի համոզել նրան՝ կուռքերին զոհ մատուցելու եւ իր տիրոջ ունեցուածքը յանձնելու համար: Սապրիկոսը բազմեց հրապարակի դիմաց դրուած բարձր բէմի վրայ եւ սկսեց հարցաքննել վկային, հարցնել նրա անունն ու հետաքրքրուել կեանքի յանգամանքների մասին: Եւ նա պատասխանեց ու ասաց. «Եթէ կամենում ես իմանալ իմ անունը, ես քրիստոնեայ եմ, իսկ եթէ վիճակս, ապա Աստուծոյ ծառաների մեղաւոր ծառան եմ»: Եպարքոսը հարցրեց. «Ծառա՞յ ես, թէ՞ ազատ»: Երանելին պատասխանեց. «Մէկ անգամ արդէն ասացի, որ Աստուծոյ ծառաների ծառան եմ: Արդ, եթէ մտապահել ես նախորդ պատասխանս, ինչի՞ համար է երկրորդ հարցումդ: Իսկ եթէ չես յիշում առաջինը, ուրեմն զուր ձեւացնում ես»: Սապրիկոսն ասաց. «Զո՛հ մատուցիր կուռքերին եւ ինձ յանձնի՛ր քո տիրոջ ունեցուածքը: Դու կ՚ազատուես տանջանքներից եւ փառքի ու պատուի կ՚արժանանաս»: Բայց երանելին արհամարհեց նրա խօսքերը՝ դեւեր ու մոլորեցնողներ կոչելով նրանց կուռքերին:

 

Այնժամ զայրացած եպարքոսը հրամայեց քարերով հարուածել նրա բերանին, սակայն նա, արհամարելով նաեւ այդ տանջանքները, գոհանում էր Աստծուց, որ արժանացաւ չարչարանքներ կրել Նրա անուան համար: Ապա բռնաւորը հրամայեց պառկեցնել նրան տանջանքերի փայտի վրայ, հաստ արջառաջլերով հարուածել նրան եւ ապա կրակով խանձել: Քրիստոսի քաջ վկան այդ տանջանքը եւս ծաղրանք համարեց եւ անգամ արժանի չհամարեց նայել բռնաւորին: Երբ Սապրիկոսը տեսաւ, որ յաղթուեց երանելու կողմից, նրան սրով սպանուելու վճիռ արձակեց: Եւ անմիջապէս կտրեցին Քրիստոսի բարեյաղթ վկայ Տերտիւղոսի գլուխը: Դա կատարուեց այն նոյն տեղում՝ Լատինոսի ճանապարհին, ուր նահատակուեց իր տէրը՝ Ոլիմպիոսը, իւրայիններով: Նրա մարմինը Աստուծոյ սուրբ քահանայապետ Ստեփաննոսը վկայական պատուին արժանաւոր կարգով թաղեց նահատակման վայրից ոչ հեռու մի տեղում:

 

Քիչ օրեր անց բռնուեց նաեւ նոյն ինքը՝ Աստուծոյ մեծ քահանայապետ երանելի Ստեփաննոսը: Նա համանման եղաւ իր անուանակից Նախավկային, եղաւ նախաշաւիղ շատերին՝ երկնային պսակներ ստանալու համար, որոնց առաջնորդեց եւ իբրեւ անուշահոտ պատարագ մատուցեց Աստծուն, իսկ ապա նաեւ ինքը յետեւեց նրանց:

 

Արդ, երբ քահանաների, սարկաւագների ու եկեղեցու այլ սպասաւորների բազմութեամբ կանգնեց Վաղերիանոս թագաւորի դատական ատեանի առաջ, բռնաւորը ցասումով լի նայեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Ստեփաննոսը, որ խռովութիւն էիր գցում հռոմեացիների քաղաքում՝ հեռացնելով շատերին աստուածների պաշտամունքից»: Երանելի հայրապետը պատատսխանեց. «Ո՛վ թագաւոր, ես ոչ թէ խռովութիւն էի գցում հռոմեացիների քաղաքում, այլ յարաժամ հաստատում, քանզի անդադար պաղատանքներ էի մատուցում, որ վերանան դիւային ամբարիշտ խռովութիւնները, եւ բոլորը ճանաչեն միակ ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն եւ Սուրբ Հոգուն, որ համազօր է Հօրը եւ Որդուն: Եւ ես երբէք չդադարեցի բոլորի առջեւ յայտնապէս քարոզել այս դաւանութիւնը ու չեմ դադարելու՝ ամուր պահելով այս խոստովանութիւնը: Թէպէտ բիւրաւոր մահապատիժներ արձակես վրաս, բոլորը կ՚ընդունեմ առանց դժուարութեան»:

 

Այնժամ աստուածամարտ Վաղերիանոսը հրամայեց երանելուն բռնութեամբ տանել կուռքերի գարշելի տաճարը եւ այնտեղ ստիպել, որ զոհ մատուցի, իսկ եթէ չհամաձայնուի, սրով զրկել նրան կեանքից: Երբ սուրբ հայրապետը մօտեցաւ կուռքերի պատկերներին, աչքերը երկինք յառած եւ լսելի ձայնով աղօթեց՝ ասելով. «Իմ Տէր Աստուա՛ծ, Դու Քաղանէում խափանեցիր աշտարակաշինութիւնը, որտեղ ամբարտաւանութեամբ միաբանուած մարդիկ կամենում էին աստուածամարտ լինել, եւ լեզուները խառնելու միջոցով դադարեցրիր այն: Դու նոյն Ինքն ես, եւ այժմ էլ, ցոյց տալով Քո ամենակարող զօրութիւնը, կործանի՛ր այս կուռքերին եւ վերացրո՛ւ սրանց կռապաշտութեան դիւական մոլորութիւնը, որոնք ոչ միայն ամբարտաւան խորհուրդներով են ընդդիմանում Ամենազօրիդ, այլեւ յայտնապէս աստուածամարտ լինելով՝ Արարչիդ փոխարեն երկրպագում են արարածներին: Արդ, ամաչեցրո՛ւ նրանց Քո անքննելի իմաստութեամբ, որ թերեւս ճանաչեն Քեզ՝ որպէս միակ ճշմարիտ Աստուած»:

 

Եւ մինչ նա աղօթում էր, սաստիկ որոտման ձայն լսուեց, երկիրը թնդիւնով շարժուեց եւ երկնառաք, սարսափելի, հրացայտ փայլատակումներ եղան, որից կուռքերի տաճարի մի մասը՝ դիւային արձաններով հանդերձ, աւիրուեց: Զինուորները, ահաբեկուած ուժգին երկրաշարժից, թողեցին նրան ու փախան: Այնժամ Քրիստոսի սուրբ քահանայապետը եւ բարեյաղթ վկան անցաւ ու գնաց սուրբ Լուկիոսի վկայարանը, որը եղել է սուրբ առաքեալների աշակերտը եւ, այնտեղ ժողովելով քաղաքի բոլոր քրիստոնեաներին, մխիթարեց նրանց ճշմարիտ հաւատքի խօսքերով՝ յիշատակելով տէրունական այն խօսքը, թէ «Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, եւ դրանից աւել ոչինչ չեն կարող անել, այլ պէտք է վախենալ նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը»[3]:

 

Այս եւ աւելին էր ասում իր հօտին եւ հէնց այնտեղ իր հետ եղող սուրբ քահանաների եւ սարկաւագների սպասաւորութեամբ սկսեց մատուցել խորհրդաւոր պատարագը, որպէսզի ոչ միայն հոգելից վարդապետութեամբ սրտապնդէր իրեն աշակերտողներին, այլեւ իւրաքանչիւրին հաստատէր հաւատքի մէջ ու սրբէր Յիսուս Քրիստոսի կենդանարար Մարմնով եւ Արեամբ:

 

Այս մասին լուրը հասաւ Վաղերիանոսի ականջին: Այնժամ, երբ սուրբ հայրապետը պատարագ էր մատուցում, նրա հրամանով սպառազինուած զինուորների բազմութիւնը շրջապատեց Աստուծոյ տաճարը,: Զինուորները, շողացնելով իրենց սուսերը, այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին տաճարի շուրջբոլորը, որ ներսում եղողներին թուաց, թէ Աստուծոյ տաճարը շարժւում է: Իսկ երանելի հայրապետը, անտեսելով աղաղակների ձայնը, ամբողջ սրտով կատարում էր սուրբ Խորհուրդը, ճաշակում մեղսաքաւիչ Խորհուրդը եւ ապա բաշխում բոլոր քրիստոնեաներին:

 

Պատարագը դեռ չաւարտուած՝ զինուորները ջարդեցին եկեղեցու դռները, մտան ներս եւ սուսերով կտրեցին սուրբ հայրապետի գլուխը: Վկայական արիւնը խառնուեց Քրիստոսի անապական արեան հետ: Հաւատացեալներին ցոյց տրուեց մի հրաշալի խորհուրդ եւ մեծ բարիքների առհաւատչեայ, քանզի բոլորին յայտնի եղաւ, որ ովքեր Քրիստոսի անուան համար կրում են չարչարանքներ եւ մահ, լինելու են ոչ միայն Նրա նման, այլեւ միաւորուելու են Նրան՝ ըստ Տիրոջ այն խօսքի, որն ասաց Իր կենարար չարչարանքների ժամանակ. «Ինչպէս Դու, Հա՛յր Իմ մէջ, եւ Ես՝ Քո, որպէսզի նրանք էլ Մեր մէջ լինեն»[4]: Աստուծոյ սուրբ մարդու նահատակութիւնից յետոյ զինուորները թողեցին մնացած բոլորին, որովհետեւ միայն նրան սպանելու հրաման ունէին: Հաւաքուած բազմութիւնը, ողբալով իր որբութեան համար, վերցրեց երանելու պատուական մարմինը եւ վկայական արժանի պատուով թաղեց նրան Լուկիոսի վկայարանի գետնայարկում: Սուրբ Հոգու ընտրութեամբ եւ ողջ բազմութեան կամքով նրա փոխարէն Հռոմի հայրապետութեան Աթոռին ձեռնադրուեց սուրբ Քսեստոսը, որն իր վարդապետութեամբ եւ առաքինութեամբ իրապէս արժանի էր յաջորդելու սուրբ Ստեփաննոսին:

 

Եկեղեցու սպասաւորներից Տարսիկոս անունով մէկը ծածուկ սպասաւորում էր երանելի Ստեփաննոսի ճգնազգեաց մարմնին: Սուրբի նահատակութիւնից քիչ օրեր անց կռապաշտները որոշել էին փախցնել սուրբի մարմինը, որի համար նրանք բռնեցին երանելի Տարսիկոսին եւ ստիպեցին նրան ցոյց տալ տեղը: Բայց նա անարժան համարեց պատուական մարգարիտը գցել խոզերի առջեւ: Այնժամ արիւնարբու կռապաշտները դաժանաբար այնքան հարուածեցին բրերով եւ այնպէս ջախջախեցին քարերով, որ նուաղելով նրանց ձեռքերում, իսկոյն իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը: Եւ այդ տեղում հրաշք կատարուեց. թէպէտ նա մեռաւ, սակայն իբրեւ կենդանի՝ պահապան եղաւ սուրբ հայրապետին՝ չմատնելով նրան անսուրբ մարդկանց ձեռքը, որովհետեւ մեծ արհաւիրք ընկաւ անօրէնների վրայ. նրանք թողեցին ու հեռացան, իսկ քրիստոնեայ վկայասէր անձինք Տարտիկոսի ճգնազգեաց մարմինն օրհնութեամբ թաղեցին նոյն վկայարանի մի արժանաւոր վայրում:

 

Արդ, Հռոմի երանելի Ստեփաննոս քահանայապետը նահատակուեց այսպիսի վկայաբանութեամբ, որը եղաւ իր քահանայապետութեան չորրորդ տարում, Տիրոջ 257 թուականի նոյեմբերի երեքին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հռոմի սուրբ Ստեփաննոս հայրապետի, քահանաների եւ սարկաւագների յիշատակը տօնում է սուրբ Խաչի ութերորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը:

 

 

[1] Հերետիկոսների:

[2] Կարթագէնում:

[3] Մատթ. Ժ 28:

[4] Յովհ. ԺԷ 21: