ՔԱՐՈԶ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ

Սուրբ Գրիգոր Տաթեւացի

 

ՔԱՐՈԶ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ՝
ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ. «ԵՒ ՎԵՑ ՕՐ ՅԵՏՈՅ ՅԻՍՈՒՍ ԻՐ ՀԵՏ ՎԵՐՑՐԵՑ ՊԵՏՐՈՍԻՆ, ՅԱԿՈԲՈՍԻՆ ԵՒ ՆՐԱ ԵՂԲՕՐԸ՝ ՅՈՎՀԱՆՆԷՍԻՆ ԵՒ ՆՐԱՆՑ ՀԱՆԵՑ ԱՌԱՆՁԻՆ, ՄԻ ԲԱՐՁՐ ԼԵՌ ԵՒ ՆՐԱՆՑ ԱՌԱՋ ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԵՑ» [ՄԱՏԹ. ԺԷ 1]

 

«Տէ՛ր, տո՛ւր ինձ խրատի լեզու, որպէսզի կարողանամ խօսել այս ժամին: Ծագո՛ւմն փառաց, փարատի՛ր ինձնից մտքիս խաւարը: Փչո՛ւմն շնորհների, փչի՛ր իմ շուրթերին Կեանքի խօսքեր, որովհետեւ առանց Քեզ մարդկանց բոլոր խօսքերն ունայն են, իսկ նրանց իմաստութիւնը՝ տգիտութիւն: Քեզ համար եւ Քեզնով սակաւ-ինչ կը յայտնեմ Աւետարանի այն խօսքերի իմաստը, որն ասում է. "Եւ վեց օր յետոյ Իր հետ վերցրեց Պետրոսին ... եւ այլն"»:

 

Այս մասին ուշ դարձնենք տասը բովանդակային մեկնութիւններին:

 

Նախ՝ ինչո՞ւ է Մատթէոսը վեց օր ասում, իսկ Ղուկասը, թէ՝ «Ութ օր յետոյ Իր հետ վերցրեց...»[1]: Ասենք, որ Ղուկասը յիշատակում է երկու եօթերորդ [կիրակի] օրերը[2], [որոնցից առաջինում] Պետրոսը դաւանեց, եւ [երկրորդում] Տէրը պայծառակերպուեց, իսկ Մատթէոսը նշում է դրանց միջեւ եղած վեց օրերը: Եւ սա է խորհուրդը. Մատթէոսը կանխաձայնեց Քրիստոսի առաջին Գալստեան մասին, որ եղաւ վեցերորդ դարում, իսկ Ղուկասը՝ երկրորդ Գալստեան մասին, որ պիտի լինի ութերորդ դարում: Դարձեալ՝ Մատթէոսն այլաբանօրէն ցոյց տուեց, որ Տէրն Իր գալստեամբ վերցրեց մեր մեղքերը, որ գործում ենք վեց շարժումներով, իսկ Ղուկասը վկայեց այն մասին, թէ Նա մաքրեց ութ խորհուրդները, որոնցով խորհում ենք ինչ-որ բան անել եւ մաքրեց մեզ:

 

Իսկ երկրորդ հարցումը, թէ ինչո՞ւ Տէրը տասներկու առաքեալներից միայն երեքին՝ Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին Իր հետ լեռը հանեց, բազում պատճառներ ունի:

 

Նախ՝ նրանք առաւել պայծառ էին իրենց տեսողութեամբ, քան միւսները: Ինչպէս մեր զգայարաններից միայն աչքն է, որ տեսնում է, եւ երբեմն էլ մի աչքը միւսից աւելի պայծառ է տեսնում, ուստի պայծառ տեսութեան պատճառով միայն նրանց ցոյց տուեց Իր Աստուածութեան փառքը:

 

Երկրորդ՝ Պետրոսն առաքեալների գլուխն էր, Յովհաննէսը՝ առաջին աւետարանիչը, իսկ Յակոբոսը՝ տասներկու առաքեալներից առաջին մարտիրոսը: Այդ պատճառով Իր հետ նրանց տարաւ:

 

Երրորդ՝ Պետրոսը միւսներից առաւել էր սիրում Քրիստոսին, Յովհաննէսը Յիսուսի սիրելի աշակերտն էր, ինչպէս որ գրուած է. «Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր»[3], իսկ Յակոբոսը յանձն առաւ ըմպել Քրիստոսի չարչարանքների բաժակը, եւ այդ պատճառով նրանց ընտրեց:

 

Չորրորդ՝ Յուդան արժանի չէր այդ տեսութեանը: Եւ եթէ Իր հետ տանէր բոլորին, բացի Յուդայից, ապա նա արդարանալու առիթ կ'ունենար Քրիստոսին մատնելու համար:

 

Հինգերորդ՝ որպէսզի պահպանուէր սահմանուած կարգը, քանզի նախ գլխաւորները պէտք է իմանային խորհուրդը, իսկ յետոյ՝ միւսները:

 

Վեցերորդ՝ Տէրն օրէնք սահմանեց՝ ասելով. «Թող երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ»[4]: Այդ պատճառով պէտք էր Իր հետ երեք վկաներ լինէին՝ Նրա Աստուածութիւնը հաստատելու համար:

 

Եօթերորդ՝ օրինակով մեզ ցոյց տուեց, թէ ինչպէս պէտք է մարդուն խորհրդակից դարձնել, քանզի պէտք չէ մեծագոյն խորհուրդները առանց ծերերին յայտնելու՝ նախ մանուկներին յայտնել:

 

Ութերորդ՝ պէտք չէ փառքը յայտնել բազմութեան առջեւ, այլ՝ առանձին, այն էլ գիտուն եւ անթերի մարդկանց:

 

Իններորդ՝ բացի նրանցից, որոնց Իր հետ տարաւ՝ ցոյց տալու Իր Աստուածութեան փառքը, միւս աշակերտներն այդժամ արժանի չէին:

 

Տասներորդ՝ Իրեն տեսնողներին խորհրդաբար ցոյց տուեց Իր միւս անգամ Գալուստը, որովհետեւ Պետրոսը խորհրդանշում էր հարիւրաւորներին, քանի որ տարեց էր, Յակոբոսը՝ վաթսունաւորներին, քանի որ միջահասակ էր, իսկ Յովհաննէսը՝ երեսնաւորներին, քանի որ երեսնամեայ երիտասարդ էր: Այդ պատճառով Իր հետ միայն նրանց տարաւ:

 

Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ։

Այժմ քննենք երրորդ համարը, թէ ինչու Տէրը մարգարէներից Մովսէսին եւ Եղիային բերեց: Սա ունի բազում պատճառներ:

 

Նախ՝ որովհետեւ նրանք առաւել պատուական էին, քան այլ մարգարէները. մէկն իր երեսի լուսաւորութեան, միւսը հրեղէն կառքով երկինք համբարձուելու պատճառով:

 

Երկրորդ՝ որպէսզի ցոյց տայ, որ Ինքն է օրինադիրը եւ հակառակ չէ Աստծուն, քանզի հրեաները Նրան հակառակ էին համարում Աստծուն: Այդ պատճառով որպէս Իր Աստուածութեան վկաներ՝ բերեց Մովսէսին եւ Աստուծոյ նախանձախնդիր Եղիային:

 

Երրորդ՝ մէկին՝ Մովսէսին, բերեց մեռելների միջից, իսկ միւսին՝ Եղիային, ողջերից, որպէսզի ցոյց տայ, որ Ինքն է Տէրը ողջերի եւ մեռեալների:

 

Չորրորդ՝ մէկին՝ Եղիային, բերեց երկնքից, միւսին՝ Մովսէսին, հանեց երկրից, որպէսզի ցոյց տայ, որ Ինքն է երկնքի ու երկրի Աստուածը:

 

Հինգերորդ՝ բերեց Մովսէսին ու Եղիային, որպէսզի ցոյց տայ Իր մեծութիւնը, քանզի պատուականներն ու մեծերը, որ կային Հնում, այժմ սպասաւորում եւ երկրպագում են Իրեն, իսկ առաքեալներն էլ այդ տեսնելով՝ ակամայ հնազանդուեն Տիրոջը:

 

Վեցերորդ՝ որպէսզի աշակերտներին ուսուցանի սիրոյ չափը, երբեմն էլ ժողովրդին սաստելու եւ խրատելու չափը: Քանզի մէկը՝ Մովսէսը, ժողովրդի համար խնդրում էր ջնջել [իր անունը] Կեանքի Գրքից, իսկ Եղիան կապեց երկինքը ժողովրդի մեղքերի պատճառով: Այդ պատճառով կանչեց նրանց, որովհետեւ նոյնը պիտի անէր հաւատացեալներին:

 

Եօթերորդ՝ որպէսզի չյուսահատուեն ինչք չունենալու եւ աղքատութեան պատճառով՝ ցոյց տալով, թէ՝ մէկին կերակուր էի տալիս երկնքից, միւսին էլ կերակրում էի ագռաւների միջոցով:

 

Ութերորդ՝ որպէսզի առաքեալները չյուսահատուեն տկարութեան պատճառով, քանզի ինչպէս որ Մովսէսը տկար լինելով յաղթեց փարաւօնին, եւ Եղիան էլ՝ Աքաբին, «այդպէս էլ դուք, - ասում է, - մի՛ երկնչէք, որպէսզի յաղթէք բոլոր բռնաւորներին»:

 

Իններորդ՝ աշակերտներին ցոյց է տալիս Աստծուն հնազանդ լինելը Մովսէսի նման, որը հեզութեամբ ծառայում էր Աստծուն եւ Աստուծոյ օրէնքների հանդէպ նախանձախնդրութիւն [ունենալը] Եղիայի նման, որը հուր իջեցրեց երկնքից:

 

Տասներորդ՝ նրանց իշխանութիւն էր տուել տարերքների վրայ: Ուստի բերեց նրանց, որպէսզի առաքեալները սովորեն եւ իմանան, որ իրենց եւս այդպիսի իշխանութիւն է տրուած: «Ինչպէս որ նրանք չար եւ դառնացող ազգի առաջնորդներն էին ու հովւում էին նրանց, - ասում էր, - այդպէս էլ դուք մի՛ երկնչէք նեղութիւններից, որովհետեւ պէտք է լինէք դիւրալուր ժողովրդի առաջնորդներ եւ հովիւներ»:

 

Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»:

Այժմ տեսնենք չորրորդ համարը, թէ ինչպէս աշակերտները ճանաչեցին Մովսէսին եւ Եղիային: Իմանանք, որ բազմաթիւ նշաններով ճանաչեցին նրանց:

 

Նախ՝ ինչպէս որ Յովհաննէս Մկրտիչը Սուրբ Հոգով ճանաչեց Տիրոջը բազմախուռն ժողովրդի մէջ եւ վկայեց, թէ՝ Նա է Քրիստոսը, այդպէս էլ առաքեալները Եղիային եւ Մովսէսին ճանաչեցին Սուրբ Հոգով:

 

Երկրորդ՝ [նշանները] երեւացին նրանց գալով. մէկը՝ երեսին քող գցած, որը Մովսէսն էր, որ լսել էին Օրէնքից, իսկ միւսը՝ մաշկեղէն հանդերձով, որը Եղիան էր, ինչպէս որ գրուած է նրա մասին:

 

Երրորդ՝ Հին կտակարանից գիտէին Մովսէսի երեսի լուսաւորութեան մասին: Եւ երբ երեւացին Տիրոջ մօտ, տեսան նրան նոյն կերպով եւ ճանաչեցին: Իսկ Եղիան եկաւ հրեղէն կառքով, որից էլ ճանաչեցին նրան, որովհետեւ գիտէին, որ նա այդպէս էր երկինք վերափոխուել:

 

Չորրորդ՝ Մովսէսի ձեռքին տախտակ երեւաց, որն իր մէջ ունէր Աստուծոյ պատգամները, իսկ Եղիայի ձեռքին իր վերարկուն էր:

 

Հինգերորդ՝ առաքեալները վաղուց տեսել էին նրանց պատկերները՝ նկարուած սուրբ գրքերում: Նրանք ճանաչեցին Եղիային իր մորթէ վերարկուից, իսկ Մովսէսին՝ նոսրահեր գլխից եւ մօրուքից:

 

Վեցերորդ՝ ոմանք ասում են, թէ իրենցից իսկ լսեցին իրենց անունները, երբ մեծարում էին միմեանց Քրիստոսին երկրպագելիս:

 

Եօթերորդ՝ ոմանք ասում են, թէ Քրիստոս տուեց նրանց անունները նրանց հետ խօսելու ժամանակ, որպէսզի աշակերտներն իմանան:

 

Ութերորդ՝ ոմանք ասում են, թէ Մովսէսը երեւաց հողոտ, քանի որ յարութիւն էր առել մեռելներից ու ելել գերեզմանից: Եւ լսել էին, թէ Մովսէսի դէմքը չէր խորշոմել, ինչպէս այլ մեռելներինը, որից էլ ճանաչեցին նրան: Իսկ Եղիայի դէմքը փայլում էր երկնքի նման, որից իմացան, որ նա երկնքից է գալիս եւ դեռեւս ողջ է:

 

Իններորդ՝ հրեաներն ասում էին, թէ Եղիան պիտի գայ, եւ միշտ սպասում էին նրան: Իսկ մարդիկ սովորութիւն ունեն, որ ինչ կարծիք որ ունենում են իրենց մտքում, դէպքերի բերումով այն յարմարեցնում են: Իսկ Մովսէսի մասին Տիրոջից էին լսել:

 

Տասներորդ՝ նախքան լեռը բարձրանալը Տէրն աշակերտներին հարցրեց. «Մարդիկ Իմ մասին ի՞նչ են ասում»[5]: Եւ նրանցից մէկն ասաց՝ Եղիան, ուրիշները թէ՝ Մովսէսը: Այդ պատճառով նրանց հանեց լեռը, երկուսին բերեց նրանց դէմ յանդիման եւ ասաց. «Տեսէ՛ք, ահա Եղիան եւ Մովսէսը, իսկ Ես Միածին Բանն եմ»: Դրանից յետոյ Հայրը վկայեց. «Դա է Իմ սիրելի Որդին, Դրա՛ն լսեցէք»[6]:

 

Իսկ այժմ տեսնենք թէ ինչո՞ւ պայծառակերպուեց: Սա արեց տասը պատճառով:

 

Նախ՝ երբ Տէրը խօսեց Իր չարչարանքների մասին, որ պիտի լինեն Երուսաղէմում, աշակերտները երկիւղեցին՝ կարծելով, թէ Նրա մահը մարդու մահուան նման է լինելու: Այդ պատճառով ցոյց տուեց Իր Աստուածութիւնը՝ ասել ուզելով. «Թէպէտ Ես կը մեռնեմ հրեաների ձեռքով, սակայն աստուածապէս անմահ կը մնամ»:

 

Երկրորդ՝ որպէսզի ցոյց տայ նրանց, թէ «Ես եմ, որ հալածում եմ խաւարը, տգիտութիւնը եւ անաստուածութիւնը», ինչպէս որ մինչ այդ ասել էր. «Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ»[7]:

 

Երրորդ՝ Պետրոսը Նրան դաւանում էր Աստուծոյ Որդի, իսկ այժմ յայտնապէս տեսնում եւ լսում էին Հօր վկայութիւնը:

 

Չորրորդ՝ Տէրը պայծառակերպուեց, որպէսզի կատարուի մարգարէական այն խօսքը, որն ասում է. «Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից»[8]:

 

Հինգերորդ՝ որովհետեւ աշակերտները մտածում էին, թէ Դատաստանի օրը Տէրն Իր կամքո՞վ պիտի գայ, թէ՞ ում հրամանով եւ կամ ինչ կերպով: Այդ պատճառով Նա ցոյց տուեց այն կերպարանքը, որն անտեսանելի էր մարմնաւոր աչքի համար:

 

Վեցերորդ՝ պայծառակերպուեց, որպէսզի յայտնի Հօր եւ Հոգու հետ միակամ լինելը՝ ասելով, թէ. «Թէպէտ միաւորուել եմ մարմնին, սակայն շարունակում եմ համագո լինել Հոր և Հոգու հետ»:

 

Եօթերորդ՝ առաքեալները խորհում էին, թէ այն լուսեղէն զգեստը, որ առաւ Ադամից, վերստին տալո՞ւ է նրան, թէ ոչ: Այդ պատճառով Տէրը պայծառակերպուեց եւ ցոյց տուեց, որ Ինքը Որդի եղաւ Ադամի բնութիւնից, եւ այս բնութիւնը վերստին առաւ նոյն զգեստը:

 

Ութերորդ՝ երբ ասաց, թէ «Այն ժամանակ արդարները երկնքի Արքայութեան մէջ կը ծագեն ինչպէս արեգակը»[9], այժմ զգալի կերպով Իր նմանութեամբ ցոյց տուեց արդարների փառքի պատկերը ըստ այնմ, թէ նման ենք լինելու Նրան, ինչպէս որ տեսանք Թաբոր լերան վրայ:

 

Իններորդ՝ մօտակայ օրերին Տէրը կամենում էր խաչուել: Այդ պատճառով պայծառակերպուեց, որովհետեւ եթէ խաչի վրայ տեսնէին Իրեն անարգ տեսքով, կերկմտէին:

 

Տասներորդ՝ յարութիւնից յետոյ աշակերտները ակնկալում էին տեսնել Տիրոջը նոյն կերպարանքով: Այդ պատճառով պայծառակերպուեց, որպէսզի նախ՝ երբ Իրեն տեսնեն յարութիւնից յետոյ, հաստատեն, որ նոյն Ինքն է, Ում տեսել էին առաջ: Դարձեալ՝ աշակերտները տարակուսում էին, թէ ինչպիսին էր Ադամի փառքը: Այդ պատճառով պայծառացաւ եւ ցոյց տուեց, թէ այսպիսին էր, որը կորցրեց մարդը՝ Ադամը: Եւ դարձեալ՝ պայծառակերպուեց, որպէսզի փակի Նեստորի եւ այլ հերձուածողների բերանը, որոնք ասում էին, թէ Տիրոջ մարմինն ապականացու էր մինչեւ խաչելութիւնը: Այդ պատճառով նախքան խաչելութիւնը ցոյց տուեց Իր անապականութիւնը եւ յարութիւնից յետոյ էլ ասաց. «Շօշափեցէ՛ք, քանզի Ես նոյն Ինքն եմ, որ տեսաք Թաբոր լերան վրայ անապական մարմնով»[10]: Եւ նաեւ մարգարէն է ասում. «Նրա մարմինն ապականութիւն չտեսաւ»:

 

4. Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք, մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»:

Այժմ քննենք թէ ինչո՞ւ Պետրոսն ասաց, թէ «Լաւ է, որ մենք այստեղ ենք»[11]: Եւ սա բազում պատճառներ ունի:

 

Նախ՝ լերան վրայ աշակերտներն ապահով էին հակառակորդ հրեաների յարուցած չարչարանքներից եւ նեղութիւններից, որի համար ասաց. «Լաւ է, որ մենք այստեղ ենք»:

 

Երկրորդ՝ քանի որ Տէրը նախապէս խօսել էր Իր չարչարանքների մասին, առաքեալները երկնչում էին քահանաներից՝ Տիրոջը խաչելութեան մատնելու համար, որի համար ասաց. «Լաւ է, որ մենք այստեղ ենք»:

 

Երրորդ՝ այդ տեղում բոյսերն ու ծաղիկները՝ պերճացած աստուածային փառքից, անուշ բուրմունք էին տարածում: Եւ նրանք զմայլուած ասում էին. «Լա՛ւ է»:

 

Չորրորդ՝ տեսան իրենց Վարդապետին ընկերակցած Մովսէսին եւ Եղիային ու ասացին. «Մեզ համար լաւ են մերձաւորները, քան խաչը հանողները»:

 

Հինգերորդ՝ տեսան Մովսէսին եւ Եղիային ու ասացին. «Այստեղ լինենք, որովհետեւ Մովսէսը մանանայ կը բերի մեզ երկնքից, եւ Եղիան էլ՝ անձրեւի ջուր, որ արբեցնի: Ապա ուրեմն մեզ այլ վայրեր հարկաւոր չէն, լաւ է մեզ այստեղ լինել»:

 

Վեցերորդ՝ Պետրոսն ասաց. «Տէրը, որ հաց եւ ձուկ բազմացրեց ժողովրդի համար, այստեղ է, եւ մեզ ոչինչ պէտք չէ: Ապա ուրեմն լաւ է մեզ այստեղ լինել»:

 

Եօթերորդ՝ ամպը հովանի եղաւ նրանց, նաեւ լերան վրայ օդը բարեխառն էր, ուստի ասում էին. «Այստեղ դաշտի ջերմութիւնը չի վնասի մեզ, եւ լաւ է մեզ մնալ այստեղ՝ լերան վրայ»:

 

Ութերորդ՝ երբ լերան վրայ Տիրոջը տեսան պայծառակերպուած, կարծեցին, թէ երբ իջնեն լերան վրայից, այլեւս Նրան այդպէս չեն տեսնի: Այդ պառճառով ասացին՝ լաւ է մեզ մնալ այստեղ:

 

Իններորդ՝ Նրա հետ շրջող աշակերտները միշտ Նրան տեսնում էին անշուք հանդերձներով եւ բոկոտն ու չէին տեսել Նրան այդպէս: Իսկ երբ Նրան տեսան պայծառ կերպարանքով, ուրախացան Նրա փառքի համար:

 

Տասներորդ՝ առաքեալները հաղորդ էին լինում ամեն բանին, որում տեսնում էին Տիրոջը, ինչպէս օրինակ մկրտութեան կամ հրաշագործութիւնների ժամանակ: Իսկ այժմ տեսնում էին Նրա պայծառակերպութիւնը եւ կամենում էին հաղորդ լինել նաեւ Նրա պայծառութեանը, որի համար ասում էին՝ լաւ է մեզ այստեղ լինել:

 

Իսկ թէ ինչո՞ւ ասացին. «Երեք տաղաւարներ շինենք»[12], քանզի ապշել էին եւ չգիտէին, թէ ինչ են խօսում, իսկ մտովի ասում էին նախ՝ մեր հոգին, մարմինը եւ միտքը Աստուծոյ տաղաւար դարձնենք:

 

Երկրորդ՝ հոգու մասունքները՝ խոհեմութիւնը, արիութիւնը, արդարութիւնը եւ ողջախոհութիւնը Տիրոջ տաղաւար դարձնենք:

 

Երրորդ՝ բարոյական, տնտեսական եւ քաղաքական օրէնքներով Աստուծոյ տուն շինենք:

 

Չորրորդ՝ երեսնաւոր, վաթսունաւոր եւ հարիւրաւոր առաքինութեան պտուղներով Տիրոջ տաճար շինենք:

 

Հինգերորդ՝ հաստատենք երեք յիսնեակների շրջաննները՝ աղուհացի, Եղիական եւ Մովսէսի:

 

Վեցերորդ՝ կառուցենք հաւատը, յոյսը եւ սէրը՝ Քո բնակութեան համար:

 

Եօթերորդ՝ Քեզ նուիրենք մանկութիւնը, երիտասարդութիւնը եւ ծերութիւնը՝ երեք ժամանակահատուածները:

 

Ութերորդ՝ կուսութիւնը, ողջախոհութիւնը եւ ապաշխարութիւնը Քեզ համար տաճար դարձնենք:

 

Իններորդ՝ մարգարէական, առաքելական եւ վարդապետական խօսքերով օրհնաբանենք Քեզ:

 

Տասներորդ՝ թէ՛ կեանքում, թէ՛ մահուան ժամանակ եւ թէ՛ հանդերձեալում Քեզ համար բնակարան լինենք:

 

5. Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, դրա՛ն լսեցէք»:
Տեսնենք թէ ինչո՞ւ ամպով երեւաց:

 

Նախ՝ ամպով երեւալը յատկական է Աստուծոյ համար, ինչպէս որ մարգարէն է ասում. «Երթեւեկում է Նա ամպերի մէջ եւ շրջում հողմերի թեւերին»[13], եւ թէ՝ «Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս.»[14], եւ նաեւ՝ «Ամպը ծածկեց Նրան նրանց աչքերից»[15], որովհետեւ այն լուսաւոր էր:

 

Երկրորդ՝ ցոյց է տալիս, որ պարգեւների խոստումը Ձայնն էր, որը խօսեց ոչ այնպէս, ինչպէս երբ Մովսէսին տուեց Օրէնքը խաւարում եւ մէգի մէջ, եւ որի սաստիկ ձայնից մարգարէն ասում էր. «Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով»[16]:

 

Երրորդ՝ լուսաւոր ամպը Սուրբ Հոգին էր, որով այդ տեղում յայտնի եղաւ Երրորդութիւնը: Դարձեալ՝ աշակերտների թիւը, ինչպէս նաեւ՝ Մովսէսը, Եղիան եւ Տէրը՝ նրանց մէջ, յայտնեցին Երրորդութեան մասին. Հայրը վկայելով, Հոգին երեւալով եւ Տէրը պայծառանալով յայտնեցին Եռանձնյա Աստվածությունը: Նմանապէս՝ երբ Պետրոսն ասաց, թէ երեք տաղաւարներ շինենք, խորհրդանշում է Երրորդութիւնը: Իսկ երբ Հայրը վկայեց երկնքից, փակեց երկաբնակների բերանը, որոնք չեն խոստովանում, թէ Բանը բնութեամբ միաւորուեց մարմնին: Այդ պատճառով ասաց. «Դու ես Իմ սիրելի Որդին», այսինքն մարմին առած Որդին: Եւ դարձեալ՝ Հայրը վկայեց երկնքից. թէպէտ Յորդանանում նոյն Ձայնն էր, բայց այնտեղ աշակերտները Հիուսին չճանաչեցին որպես Աստվածորդի, իսկ այստեղ խօսելով՝ հաստատեց աշակերտներին մեր Տիրոջ հանդեպ հաւատի միջոցով: Եւ դարձեալ՝ նոյն Ձայնը խօսեց երկու անգամ. մէկը՝ Յորդանանում եւ միւսն՝ այստեղ: Հայր Աստուած հաստատեց Իր ճշմարիտ հաշտութիւնը մարդկային բնութեան հետ ձայնի միջոցով, իսկ Որդին եւ Հոգին հաստատեցին հրեշտակային երևումների միջոցով:

 

6. Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան:
Քննենք թէ ինչո՞ւ աշակերտներն ընկան Ձայնից, քանզի նման որոտ եղաւ թէ՛ Յորդանանում, թէ՛ խաչելութեան ժամին, բայց նրանք չընկան:

 

Նախ՝ որովհետեւ գտնւում էին բարձր եւ ահարկու վայրում:

 

Երկրորդ՝ այդ տեղը անապատ, անմարդաբնակ վայր էր:

 

Երրորդ՝ լոյսն անխառը, անապական էր եւ առաւել սաստիկ, քան արեգակի լոյսը:

 

Չորրորդ՝ ամպը հովանի էր:

 

Հինգերորդ՝ տեսնում էին Քրիստոսին՝ այլափոխուած:

 

7, Եւ Յիսուս, մօտենալով, դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»:
Եւ թէ ինչո՞ւ Քրիստոս ոտքի հանեց նրանց:

 

Նախ՝ որպէսզի թմրութեան պատճառով նրանց մտքից տեսիլքը չկորչի:

 

Երկրորդ՝ Մովսէսի եւ Եղիայի հեռանալուց յետոյ՝ տեսնելով միայն Քրիստոսին, իմանան, որ Ձայնը եղաւ Քրիստոսի համար:

 

9. Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»:
Եւ ինչո՞ւ Քրիստոս պատուիրեց ոչ ոքի չյայտնել:

 

Նախ՝ որովհետեւ ժողովուրդն անկիրթ էր:

 

Երկրորդ՝ որովհետեւ չէին հաւատայ Մովսէսի եւ Եղիայի գալստեան մասին:

 

Երրորդ՝ առաւել չէին հաւատայ Քրիստոսին՝ տեսնելով Նրան խաչի վրայ:

 

Չորրորդ՝ չէին հաւատայ, որ նրանք լսել են Աստուծոյ ձայնը եւ արժանացել տեսնելու Նրա փառքը:

 

Հինգերորդ՝ ուսուցանում է մեզ, որ մինչ կենդանի ենք, պէտք չէ յայտնել մեր առաքինութիւնները:

 

Այժմ դառնանք այն հարցին, թէ ինչո՞ւ ենք այս տօնը Վարդավառ կոչում: Եւ արդ, Տիրոջը համեմատում են վարդի հետ բազում պատճառներով:

Նախ՝ նախքան բացուելը վարդը ծածկուած է լինում իր պատեանի մէջ: Այդպէս էլ Տէրը նախքան պայծառակերպուելը Իր մէջ ունէր Աստուածութեան պայծառութիւնը:

Երկրորդ՝ ինչպէս որ փթթազարդ վարդը յայտնապէս երեւում է ամենքին, այդպէս էլ մեր Տէրն այսօր պայծառակերպուելով յայտնեց Իր Աստուածութիւնը:

Երրորդ՝ վարդը իր է եւ անուն ունի, որ է՝ զուարթ, որը յայտնում է իր բնութիւնը: Այդպէս էլ մեր Տէրը էութեամբ Աստուած է, որի համար Աստուած է կոչւում ոչ միայն սոսկ անուամբ, ինչպէս ասում են հերձուածողները:

Չորրորդ՝ վարդը փշերի մէջ է աճում: Այդպէս էլ մեր Տէրը երեւաց հրեաների մէջ եւ խաչուեց նրանց ձեռքով:

Հինգերորդ՝ վարդը փթթում է այնժամ, երբ հասնում է իր կատարեալ չափին: Այդպէս էլ մեր Տէրը հասաւ Իր կատարեալ՝ երեսնամեայ հասակին եւ ապա ցոյց տուեց Իր Աստուածութիւնը:

Վեցերորդ՝ վարդից անուշահոտութիւն է բուրում: Այդպէս էլ մեր Տիրոջ պայծառակերպութեան ժամանակ անուշահոտութիւն բուրեց, որից աշակերտները թմրելով ննջեցին:

 

Եօթերորդ՝ վարդը գոյների չորս երանգ ունի՝ կանաչ, կարմիր, սպիտակ եւ դեղին: Այդպէս էլ սոյն երանգները երեւում են մեր Տիրոջ մէջ: Դեղինը ցոյց է տալիս Քրիստոսի անմեղութիւնը՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Նա անօրէնութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ Նրա բերանում»[17], սպիտակութիւնը ցոյց է տալիս մարմնի մէջ բովանդակուած Աստուածութիւնը, կարմրութիւնը ցոյց է տալիս խաչի վրայ արեամբ ներկուելը՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Ինչո՞ւ են կարմիր Քո հագուստները»[18], իսկ կանաչութիւնը՝ Նրա գեղեցկատես հասակը՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից»[19]:

 

Ութերորդ՝ վարդը պահպանւում է հնգաթեւ պատեանով: Այդպէս էլ մեր Տէրը կատարելապէս առաւ մարդկային բնութեան հինգ զգայարանները:

 

Իններորդ՝ վարդը բուժիչ է սրտի համար: Այդպէս էլ Տիրոջ Մարմինն ու Արիւնը բժշկութիւն են հոգիների համար եւ քաւում են մեղքերը:

 

Տասներորդ՝ վարդն աճում է կարճ եւ ցածր թփերով: Այդպէս էլ մեր Տէրն ասում է. «Ես ո՞ւմ եմ նայելու, եթէ ոչ հեզերին ու խոնարհներին եւ նրանց, ովքեր դողում են իմ խօսքից»[20]: Եւ ահա այսքան պատճառների համար այս տօնը Վարդավառ է կոչւում:

 

Իսկ ինչո՞ւ ենք այսօր տօնում, չէ՞ որ Նա այլակերպուեց խաչելութիւնից քառասուն օր առաջ: Որովհետեւ Տէրն Ինքն ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»[21]: Այդ պատճառով այս տօնը կատարում ենք Յարութեան տօնից յետոյ:

 

 

Գիրք հարցմանց` վարդավառի մասին

 

Հարց - Ինչո՞ւ պայծառացաւ Տէրը:

Պատ. - Տէրը պածառացաւ չորս պատճառով:

Նախ՝ ցոյց տուեց, որ Ադամը, որին Աստուած ստեղծեց Իր պատկերով եւ դրեց Դրախտում, այդպիսի պայծառ կերպարանք ունէր նախքան պատուիրանը խախտելը: Ապա ուրեմն մեղանչելուց յետոյ մերկացաւ եւ հագաւ մաշկեղէն հանդերձը՝ մեռելոտի եւ ապականացու մարմինը:

 

Երկրորդ՝ երբ Մովսէս մարգարէն Սինա լերան վրայ տեսաւ Աստծուն, նրա երեսը լուսաւորուեց այնպէս, որ ոչ ոք չէր կարողանում նայել նրան: Նոյնպես էլ երբ մեր Տէրը Թաբոր լերան վրայ ցոյց տուեց Իր փառքը, նոյն Մովսէսն ու Եղիան տեսան եւ լուսաւորուեցին, որպէսզի ցոյց տայ, թէ նոյն Աստուածն է թէ՛ այնտեղ, թէ՛ այստեղ:

 

Երրորդ՝ յարութիւնից յետոյ աշակերտները Տիրոջը նոյն կերպարանքով պիտի տեսնէին: Այդ պատճառով այստեղ պայծառակերպուեց, որպէսզի այնտեղ ճանաչեն Իրեն՝ նոյն Տիրոջը:

 

Չորրորդ՝ յարութեան ժամանակ արդարների փառքը պիտի լինի այնպէս, ինչպէս Տէրը ցոյց տուեց Թաբոր լերան վրայ, որը խոստացաւ՝ ասելով. «Արդարները երկնքի Արքայութեան մէջ կը փայլեն ինչէս արեգակը»[22]: Եւ Եսային էլ ասում է. «Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթնապատիկ շատ»[23]:

 

Հարց - Ինչո՞ւ մարգարէներից միայն Մովսէսն ու Եղիան երեւացին:

Պատ. - Ասենք, որ տասը պատճառով:

Նախ՝ ոմանք կարծում էին, թէ Քրիստոս մարգարէներից մէկն է, ոմանք՝ թէ Եղիան է, ուրիշներն էլ՝ թէ այլ մէկն է: Այդ պատճառով սպասաւորութեան համար բերեց մարգարէներից գերագոյնին, որն օրէնսդիրն էր եւ հրեղէն կառքով երկինք վերացած մարգարէին, որպէսզի յայտնի լինի Նրա տէրութիւնը եւ նրանց ծառայութիւնը:

 

Երկրորդ՝ հրեաները բամբասում էին, թէ Նա օրինազանց է եւ հայհոյում է Աստծուն, որովհետեւ չի պահում շաբաթ օրերը եւ Իրեն Աստուծոյ Որդի է կոչում: Այդ պատճառով բերեց օրինադիր Մովսէսին, որպէսզի վկայի, որ Նա է օրէնքների Տէրը եւ ոչ թէ լուծարողը: Իսկ Եղիան, որ Աստուծոյ փառքի նախանձախնդիրն էր, ամաչեցնի նրանց՝ ցոյց տալով, թէ Նա Աստուծոյ Որդի է եւ ոչ թէ հակառակը:

 

Երրորդ՝ նրանք երկուսը յոյժ փափագում էին տեսնել Աստծուն. Մովսէսն ասում էր՝ ցո՛յց տուր ինձ Քո երեսը[24], իսկ Եղիան քառասուն օր ճանապարհ գնաց դէպի Քորեբ լեռը, որ թերեւս տեսնի Նրան: Երկուսն էլ լսեցին, որ անհնար է տեսնել Նրան Աստուածութեամբ: Այդ պատճառով այսօր բերեց նրանց, որպէսզի կատարուի նրանց բաղձանքը, որովհետեւ Տէրը կատարում է Իրենից երկիւղածների կամքը:

 

Չորրորդ՝ որպէսզի ցոյց տայ, որ Ինքն է Օրէնքի տուողը եւ քարոզւում է օրէնքներով ու մարգարէներով: Բերեց օրէնսդիր Մովսէսին եւ Եղիա մարգարէին, որ ընթանան Նրա պատուիրաններով:

 

Հինգերորդ՝ որպէսզի համարձակութիւն տայ առաքեալներին, ասելով. «Թէպէտ մէկը ծանրալեզու էր եւ խօսում էր անվարժ, իսկ միւսը՝ շինական ու անկիրթ, սակայն ինչպէս նրանք յաղթեցին իմաստուններին, այդպէս էլ դուք կարող էք յաղթել աշխարհի բոլոր իմաստուններին»:

 

Վեցերորդ՝ առաքեալներն անտեղեակ էին Քրիստոսի չարչարանքների մասին եւ չէին կամենում Տիրոջ խաչելութիւնը եւ մահը: Նա բերեց Մովսէսին ու Եղիային, որոնք աղաչում էին Քրիստոսին, որ փութապէս խաչուի, եւ ուսուցանում էին աշակերտներին չերկնչել չարչարանքների մատնել իրենց անձերը, ինչպէս իրենք, որ պատերազմեցին եւ յաղթեցին. մէկը՝ եգիպտացուն, միւսն էլ Աքաաբին: «Այդպէս էլ դուք, - ասում էին, -  կը յաղթէք աշխարհի բոլոր բռնաւորներին»:

 

Եօթերորդ՝ մարգարէները նախկիններից էին, իսկ առաքեալները՝ վերջիններից, ինչը ցոյց է տալիս, որ թէ՛ առաջինները, թէ՛ միջինները ակնկալում էին Քրիստոսի փրկութիւնը, ինչպէս որ ասում է, «Ժողովուրդը, որ առաջից ու յետեւից էր գնում, աղաղակում էր եւ ասում. «Ովսաննա՜, փրկութիւն բարձունքներում»[25]: Նաեւ այնտեղ էին Զեբեդիայի երկու կոյս որդիները, Եղիան եւ ողջախոհ Պետրոսն ու Մովսէսը: Եկեղեցին այժմ ունի կոյսեր եւ ողջախոհներ, եւ Արքայութեան մէջ եւս ընտրեալ պիտի լինեն կոյսերն ու ողջախոհները:

 

Ութերորդ՝ մարգարէները երկուսն էին, իսկ առաքեալները՝ երեքը, որոնք Քրիստոսի Աստուածութեան վկաներն էին, քանզի ըստ Օրէնքի՝ «Երկու կամ երեք վկաների բերանով պէտք է հաստատուի ամէն բան:

 

Իններորդ՝ կան երեք դասեր, որոնք ակնկալում են Քրիստոսի փրկութիւնը. երկնքի հրեշտակները, երկրի մարդիկ եւ նրանք, ովքեր մեռան մարմնով, բայց կենդանի մնացին հոգով: Արդ, Եղիան իջաւ երկնքից, որպէսզի աւետաբեր լինի հրեշտակներին, Մովսէսը եկաւ մեռելների միջից, որ աւետի հոգիներին, իսկ առաքեալներն էլ Քրիստոսի փրկութիւնը աւետարանեն երկրի մարդկանց: Իսկ թէ ինչու հրեշտակների եւ հոգիների համար մի աւետաւոր եղաւ, իսկ մարդկանց համար՝ բազում, որովհետեւ նախ՝ հրեշտակները եւ հոգիները անմարմին բնութիւններ են եւ անվրէպ տեսնում են գործերն ու խօսքերը, որի համար հեշտութեամբ են հաւատում եւ շարժւում դէպի բարին: Իսկ մարդիկ ունեն ցանկութիւններ ծնող մարմին, որի պատճառով մարդը դժուարութեամբ է հաւատում կամ բնաւ չի հաւատում: Դարձեալ՝ անմարմիններից մէկը յայտնում է բոլորին, որովհետեւ նրանք իմացական եւ թափանցող զօրութիւններ են, իսկ մարդիկ վկաների շատ կարիք ունեն:

 

Տասներորդ՝ Մովսէսը մեռելների միջից էր, Եղիան՝ ողջերից, որպէսզի ցոյց տայ, որ ըստ առաքեալի՝ այն Օրը նախ մեռելները պիտի յարութիւն առնեն եւ ողջերը՝ առանց մեռնելու եւ ապականուելու, թեթեւութեամբ ամպով պիտի ելնեն Տիրոջն ընդառաջ:

 

Հարց  - Ինչպէ՞ս առաքեալները ճանաչեցին Մովսէսին եւ Եղիային:

Պատ. - Վարդապետներն ասում են, թէ ճանաչեցին տասը կերպով:

 

Նախ՝ նրանցից մէկը երեւաց քողով ծածկուած, միւսը՝ մորթէ վերարկուով:

 

Երկրորդ՝ մէկը լուսաւոր դէմքով էր, միւսը՝ հրեղէն կառքով, սակայն երբ մօտեցան Քրիստոսին, խամրեց նրանց լոյսը Տիրոջ մեծ լոյսից:

 

Երրորդ՝ Մովսէսը բռնել էր գաւազանը եւ քարե տախտակները, իսկ Եղիան իր ուսին ունէր մորթէ վերարկուն:

 

Չորրորդ՝ Մովսէսի երեսը սակաւամազ էր, իսկ Եղիան՝ թաւամազ:

 

Հինգերորդ՝ Մովսէսը թոթովախօս էր, իսկ Եղիան՝ համարձակ:

 

Վեցերորդ՝ նրանց ճանաչեցին գրքրում նկարուած նրանց պատկերներից:

 

Եօթերորդ՝ իրենցից իսկ լսեցին իրենց անունները, երբ իւրաքանչիւրը փառաբանում էր Քրիստոսին՝ Նրան երկրպագելիս:

 

Ութերորդ՝ լսեցին նաեւ Տիրոջից, երբ Նա խօսում էր նրանց հետ:

 

Իններորդ՝ կամ էլ ճանաչեցին հոգով, ինչպէս Յովհաննէսը ճանաչեց Փրկչին բազմախուռն ամբոխի մէջ:

 

Տասներորդ՝ որը ճշմարիտն է, դա հանդերձեալի օրինակն էր, ըստ որի՝ ինչպէս որ այնտեղ սուրբերը ճանաչում են միմեանց, նոյնպէս էլ այստեղ:

 

Հարց - Ի՞նչ էին խօսում Մովսէսն ու Եղիան։

Պատ. – Վարդապետներն ասում են, թէ նախ եւ առաջ եկաւ Եղիան ու ասաց իր խօսքը, թէ «Ես եկել եմ ի դէմս հրեշտակաց եւ մարդկանց: Գալիս եմ Դրախտից, որը մօտ է հրեշտակներին եւ քանի որ մարդ եմ, ուղարկուել եմ մարդկանց կողմից»: Եւ ի դէմս հրեշտակաց ասաց. «Ո՛վ Տէր, Դու Աստուած ես եւ Աստուածորդի: Եւ գիտեմ, որ անչարչարելի ես Քո աստուածային բնութեամբ եւ անմահ ես Քո մարդկութեամբ, որովհետեւ անմեղ ես ու արդար: Սակայն նայի՛ր Քո նախասահմանուած կարգաւորութեանը. ինչպէս որ կարգաւորեցիր հրեշտակներին եւ կնքեցիր նրանց թիւը, թէ որքան պիտի լինեն, այժմ խնդրում եմ լրացնել նրանց թիւը եւ թափուր տեղը, սակայն դա անհնար է առանց Քո մահուան»: Իսկ ի դէմս մարդկանց ասաց. «Ո՛վ Տէր, յիշի՛ր, որ Դու մարդուն ստեղծեցիր Քո պատկերով եւ Քո նմանութեամբ, սակայն նրանք մեղանչեցին, խախտեցին Քո պատուիրանը եւ փրկութեան արժանի չեն: Դու պարտական չես չարչարուել նրանց համար, բայց քանի որ խօսեցիր մարգարէի միջոցով, ասելով թէ "Նրա գթութիւնը բոլոր արարածների վրայ է"[26] եւ Երեմիայի միջոցով էլ, թէ "Անսպառ են Տիրոջ ողորմութիւնները"[27], ապա պէտք է, որ նրանց խօսքերը ճշմարիտ լինեն: Հրեշտակները չունեն ողորմութեան կարիք, որովհետեւ վտանգուած չեն որեւէ կողմից, սատանային վայել չէ ողորմութիւն անել, որովհետեւ նա անզեղջ է եւ ոչ էլ կենդանիներին է պէտք ողորմել, որովհետեւ նրանք ոչ արքայութիւն են մտնելու եւ ոչ էլ դժոխք, քանի որ ստեղծուած չեն Քո պատկերով: Այլ միայն մարդն է, որ ողորմելի է, որովհետեւ նա ստեղծուեց Քո պատկերով եւ ընկաւ մեղքի պատճառով: Ըստ այն բանի, որ Քո պատկերն է, հարկ է ողորմել, իսկ ըստ այն բանի, որ ընկած է մեղքի մէջ, արժանի չէ ողորմութեան եւ թողութեան»: Ահա Եղիան այս էր խնդրում ի դէմս հրեշտակաց եւ մարդկանց: Նոյնպէս էլ Մովսէսը՝ ի դէմս նախահայրերի եւ Ադամի, խնդրում էր մեռելների համար եւ ողորմագին ասում. «Ո՛վ Տէր Աստուած մեր եւ Աստուածորդի, յիշի՛ր, որ մեզ արարեցիր Քո ձեռքով եւ ստեղծեցիր Քո պատկերով: Յիշի՛ր նաեւ այն, որ սատանան մեզ խաբեց, հեռացրեց դրախտից եւ գցեց դժոխքի տանջանքների մէջ: Պէտք է, որ Դու ողորմես մեզ, որովհետեւ մենք մեղանչեցինք ոչ մեր կամքով, այլ խաբուեցինք սատանայի կողմից: Եւ այժմ չունենք այլ օգնական, որ ազատի մեզ: Հրեշտակները չեն կարող օգնել, որովհետեւ մեր բնութիւնից չեն, իսկ մարդկային մեր ամբողջ ազգը դժոխքում է: Սատանան մեր թշնամին է, եւ ոչ ոք չի կարող փրկել մեզ՝ բացի Քեզնից, որովհետեւ Աստուած ես եւ ողորմած, Հայր ես եւ գթառատ, Որդի ես եւ Փրկիչ: Յիշի՛ր, որ խոստացար գալ ու ազատել, ինչպէս որ խնդրեցի Քեզ Քո ծառայի բերանով, թէ "Յիշի՛ր քո ծառային տրուած խօսքը, որի վրայ էլ դրիր իմ յոյսը"[28]»: Խնդրում էր նաեւ ի դէմս բոլոր նահապետների՝ ասելով. «Յիշի՛ր Զաբելի անմեղ պատարագը եւ արդար արիւնը, որ հեղուեց Քեզ համար: Ենոսը յուսաց Քեզ, արդար Նոյը, որ հինգ հարիւր տարի ապրեց կուսութեամբ, փրկուեց ջրհեղեղից, Աբրահամը ցանկացաւ տեսնել Քո երեւման օրը, Իսահակը, որ ունէր Քո պատկերն ու նմանութիւնը, կապուեց իր հօր կողմից եւ կամեցաւ զոհաբերուել: Յակոբը տեսաւ Քեզ եւ Իսրայէլ կոչուեց: Եւ Քեզ օրհնող նրանց զաւակներին Դու խոստացար ազատել երկրի բոլոր ազգերին: Ի դէմս բոլոր մարգարէների՝ Դաւիթն աղաչում էր Քեզ եւ ասում. "Քեզ են սպասում արդարները, որ գաս, Տէ՛ր, ու ազատես մեզ՝ փշրելով պղնձեայ դռները եւ երկաթեայ նիգերը"[29]: Եւ Եսային էլ ասում է. "Ովքեր նստած էին խաւարում եւ մահուան ստուերներում, լոյս պիտի ծագի"[30]: Իսկ Յոբն ասում է. "Քո առջեւ կը բացուեն մահուան դռները, եւ Նա աներեւոյթ գանձեր կը տայ նրան", որոնք ընտրեալների հոգիներն են: Ամբակումն էլ ասում է. "Ելար Քո ժողովրդի փրկութեան համար՝ փրկելու Քո օծեալներին"[31]: Եւ Յովհաննէս Մկրտիչն էլ ասում է. "Ես որպէս կարապետ եկայ դժոխք եւ աւետիս տուեցի: Երբ բանտից հարցրեցի Քեզ, թէ Դո՞ւ ես, որ գալու ես, թէ ուրիշին սպասենք, Դու ասացիր՝ կոյրերը տեսնում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն առնում, աղքատներին քարոզւում է Աւետարանը, եւ երանի նրան, ով Իմ պատճառով չի գայթակղուի"[32] թէ՛ երկրի վրայ եւ թէ՛ դժոխքում: Արդ ես մարգարէներին ու սուրբերին աւետիս տուի, եւ նրանք ուրախացան: Նմանապէս նրանք, ովքեր կոյր էին սկզբնական մեղքով եւ խուլ, որ չէին լսել Քո օրէնքները, նաեւ մահուչափ մեղքով մեռելները, բարի գործեր չունեցողները, եւ բոլոր միւսները ուրախացան Քո Գալստեան համար, որ պիտի իջնես դժոխք, լուսաւորես ու ազատես: Եւ այս փրկագործութիւնը խաչով է լինելու: Ուստի շտապի՛ր կատարել այն, որ պիտի լինի Երուսաղէմում»: Ահա այս էր ծածուկ խորհուրդը եւ Մովսէսի ու Եղիայի խնդրանքները Քրիստոսի հետ խօսելիս, ինչպէս որ գրուած է. «Մովսէսն ու Եղիան փառքով երևալով՝ խօսում էին Նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղէմում»[33]:

 

Արդ, երանելի են առաքեալները, որոնք Քրիստոսի հետ եղան մի յարկի տակ եւ եղան Նրա փառքի ականատեսները: Սակայն եթէ կամենանք, մենք կը տեսնենք առաւելը, որովհետեւ նրանք տեսան կարճ ժամանակ եւ կիսաբաց աչքով, որովհետեւ չէին կարողանում տանել, իսկ արժանաւորները կը տեսնեն Քրիստոսին Հօր լիակատար փառքով: Այն ժամանակ Նրան տեսան Մովսէսի եւ Եղիայի հետ, իսկ վերջին օրը պիտի տեսնեն բիւրաւոր հրեշտակների եւ Սերովբէների հետ: Այստեղ ամպն էր Նրա յարկը, իսկ այնժամ պիտի լինի գալարուող երկինքը եւ յայտնապէս երեւացող Աստուծոյ փառքը: Եւ պիտի լինի ոչ թէ երկրի՝ լերան վրայ, այլ իմանալի երկնքում, ոչ թէ մէկ ժամ, այլ ընդմիշտ, ոչ միայն տեսնելով, այլեւ լինելով արեգակից պայծառ, լսուելու է ոչ թէ ահազդու որոտ, այլ քաղցր Ձայն, որն ասելու է. «Եկէ՛ք, Իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը»[34] եւ յանդիման կանգնած՝ Քրիստոսի հետ պիտի լինեն խօսակիցներ, որովհետեւ Դատաստանի եւ հատուցման ժամն է լինելու: Իսկ մեղաւորներն այդպէս չեն լինելու, այլ պիտի լսեն. «Գնացէ՛ք դէպի յաւիտենական հուրը»[35], «Չար եւ վատ ծառա՛» «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը »[36] կամ էլ՝ «Ով չունի հարսանեաց հանդերձ, կացինով կտրէ՛ք, կեղծաւորների վախճանին արժանացրէ՛ք եւ մնացածներին ուռկանից ցած գցէ՛ք»: Այնտեղ չի լինելու աչառութիւն կամ կաշառք, հարուստ կամ աղքատ, ծառայ կամ իշխան, իմաստուն կամ տգէտ, այլ ամէն բան, ինչ որ կայ այս կեանքում, պիտի անցնի: Պիտի թագաւորեն գործերը, եւ լինի հատուցում ըստ գործերի, իսկ քննող ու յանդիմանող պիտի լինի նոյն Ինքը՝ արդար Դատաւորը: Թող այդ ամէն բանից արժանի լինենք ազատուել եւ ուրախութեամբ տեսնել Նրան բոլոր սուրբերի աղօթքներով եւ բարեխօսութեամբ: Եւ Նրան փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

 

[1] Ղուկ. Թ 28:

[2] Կիրակիները:

[3] Յովհ. ԻԱ 7:

[4] Մատթ. ԺԸ 16:

[5] Մատթ. ԺԶ 13:

[6] Մատթ. ԺԷ 5:

[7] Յովհ. ԺԲ 46:

[8] Սաղմ. ԽԴ 3:

[9] Մատթ. ԺԳ 43:

[10] Հմմտ. Ղուկ. ԻԴ 39:

[11] Մատթ. ԺԷ 4:

[12] Մատթ. ԺԷ 4:

[13] Սաղմ. ՃԳ 3:

[14] Ես. ԺԹ 1:

[15] Գործք. Ա 9:

[16] Սաղմ. ԺԷ 12:

[17] Ես. ԾԳ 9:

[18] Ես. ԿԳ 2:

[19] Սաղմ. ԽԴ 3:

[20] Ես. ԿԶ 2:

[21] Մատթ. ԺԷ 9:

[22] Մատթ. ԺԳ 43:

[23] Ես. Լ 26:

[24] Տե՛ս Ելք ԼԳ 13:

[25] Հմմտ. Մարկ. ԺԱ 9:

[26] Սաղմ. ՃԽԴ 9:

[27] Ողբ Գ 22:

[28] Սաղմ. ՃԺԸ 49:

[29] Հմմտ. սաղմ. ՃԶ 16:

[30] Հմմտ. Ես. Թ 2:

[31] Ամբ. Գ 13:

[32] Մատթ. ԺԱ 3-6:

[33] Ղուկ. Թ 31:

[34] Մատթ. ԻԵ 34:

[35] Մատթ. ԻԵ 41:

[36] Հմմտ. Մատթ. ԻԲ 13