ՎԵՐԱՑՈՒՄ

Խոնարհման աղոթքից հետո, քահանան բարձր ձայնով ասում է.

«Քրիստոսիւ Յիսուսիւ Տէրամբ մերով, ընդ որում քեզ՝ Հոգւոյդ Սրբոյ եւ Հօր ամենակալի վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»: (Քրիստոսով՝ Հիսուսով մեր Տիրոջ միջոցով, որի հետ Քեզ՝ Սուրբ Հոգուն և ամենակալ Հորը վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն):

Սարկավագը  անմիջապես  ժողովրդի  ուշադրությունն է հրավիրում «Պռօսխումէ»-ով, և  քահանան  մատներով  Սուրբ  Մարմինը բարձրացնում է վեր, այնպես որ ժողովուրդն էլ տեսնի, ապա խորհրդավոր ձայնով ասում է. «Ի սրբություն Սրբոց»: (Սրբերի սրբության համար): Ժողովուրդը  սարկավագի  ձայնից  ազդված՝ երկյուղով վեր է նայում և տեսնում այն, ինչ որ ցանկանում էր, այսինքն՝ Սուրբ Մարմինը, որ, ինչպես քահանան է ասում, սրբություն է, բայց սրբություն է նրանց համար, որոնց հոգիները այդ պահին մաքուր են և նորացած, որոնք խոստովանությամբ, ճշմարիտ զղջմամբ և անկեղծ արտասուքով լուսավորել են իրենց հոգիների խավարը:

Ահա սրա համար է, որ քահանան ասում է. «Ի սրբութիւն սրբոց», այսինքն՝ սա սրբություն է սուրբ եղողների, ճշմարիտ հավատացյալների համար:

Եվ ժողովուրդը միաբերան աղաղակում է. «Միայն սուրբ, միայն Տէր, Յիսուս Քրիստոս ի փառս Աստուծոյ Հօր: Ամէն»: Այսինքն ՝ միայն սուրբը, միայն Տերը՝ ինքը, Հիսուս Քրիստոսն է:

Հաջորդում են քահանայի օրհնությունները.

«Օրհնեալ Հայր Սուրբ»,

«Օրհնեալ Որդիդ Սուրբ»,

«Օրհնեալ Հոգիդ Սուրբ»:

Հետո՝ «Օրհնութիւն եւ փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից»:

Ժողովուրդը և դպիրները սկսում են երգել. «Ամէն: Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ»:

 

Այդ ընթացքում քահանան ծածուկ աղոթում է. «Ով մեր Տեր Հիսուս Քրիստոս, արժանի արա մեզ ճաշակելու քո անարատ Մարմինը և պատվական Արյունը և գտնելու մեր մեղքերի թողությունը»:

Սարկավագի «Օրհնեա Տէր» խնդրանքի վրա քահանան սուրբ մարմինն ու բաժակը կրկին վերցնում է և դառնալով ժողովրդի կողմը  հորդորում  է,  որ  հավատացյալները ճաշակեն այդ սուրբ խորհուրդը, հաղորդվեն նրանով,  որովհետև  նա  է  և՛  Կյանքը,  և՛ Հույսը, և՛ Հարությունը, ինչպես նաև մեղքերի քավությունն ու թողությունը:

Ահա իր իսկ խոսքերը. «Ի սուրբ, ի սուրբ պատուական Մարմնոյ եւ յԱրենէ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, ճաշակեսցո՛ւք սրբութեամբ, որ իջեալ ի յերկնից՝ բաշխի ի միջի մերում: Սա՛ է կեանք, յոյս, յարութիւն, քաւութիւն եւ թողութիւն մեղաց: Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերոյ, Սաղմոս ասացէք երկնաւոր թագաւորիս մերում անմահի, որ նստի ի կառս քերովբէականս»:

(Մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ, սուրբ և պատվական մարմնից և արյունից ճաշակենք սրբությամբ, որ երկնքից իջնելով բաշխվում է մեր մեջ: Այս է կյանք, հույս, հարություն, քավություն և մեղքերի թողություն: Սաղմոս ասացեք մեր Տեր Աստծուն, սաղմոս ասացեք մեր երկնավոր անմահ թագավորին, որ նստում է քերովբեական կառքերի վրա):

Պատարագիչ քահանան այս խոսքերը ասելով՝ Ս. Սկիհով խաչակնքում է ժողովրդին, որը ծունկի եկած աղոթում է: Համաձայն վերջերս ընդունված սովորության՝ այս ընթացքում դպիրները և ժողովուրդը «Տէր, ողորմեա՛» են երգում, խնդրելով ամեն մեկը իր անձի կամ ընտանիքի համար՝ երկնային ու երկրային ողորմություն և բարիք:

«Տէր, ողորմեա՛»-ն ամենից սիրված և ժողովրդականացած աղոթքներից մեկն է, որ երգվում է բազմաթիվ եղանակներով, որոնցից մի քանիսը հոգևոր երաժշտության

գլուխգործոցներ են:

Քահանայի «Սաղմոս ասացէք» պատվերը սարկավագն էլ է կրկնում, ժողովրդին հրահանգելով.

«Սաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերոյ, ձայնիւ քաղցրութեամբ զերգս հոգեւորս: Զի Սմա վայել են սաղմոսք եւ օրհնութիւնք, ալելուք եւ երգ հոգեւորք: Պաշտօնեա՛յք, հանդերձ երգով սաղմոս ասացէք եւ զՏէր երկինս օրհնեցէք»: (Դպիրնե՛ր, սաղմոս ասացեք մեր Տեր Աստծուն, քաղցր ձայնով հոգևոր երգեր երգեցեք: Որովհետև Նրան վայելում են սաղմոսներ, օրհնություններ, ալելուիաներ և հոգևոր երգեր: Պաշտոնյաներ, երգով հանդերձ սաղմոս ասացեք և օրհնեցեք երկնքում եղող Տիրոջը):

Ժողովուրդը՝  խորապես  հուզված  սուրբ պատարագի խորհրդից, երբ իրեն «Սաղմոս երգելու» հրավեր է լինում և՛ քահանայի, և՛ սարկավագի կողմից, նա, որ անհամբեր սպասում էր ահա այս պահին, հոգին պոռթկուն, գոհ ու երջանիկ սրտով գոչում է.

«Քրիստոս պատարագեալ բաշխի ի միջի մերում, ալէլուիա: Զմարմին իւր տայ մեզ կերակուր եւ սուրբ զարիւն իւր ցօղէ ի մեզ, ալէլուիա: Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս, ալէլուիա: Ճաշակեցէ՛ք եւ տեսէ՛ք, զի քաղցր է Տէր, ալէլուիա: Օրհնեցէ՛ք զՏէր յերկինս, ալէլուիա: Օրհնեցէ՛ք զնա ի բարձունս, ալէլուիա: Օրհնեցէ՛ք զնա ամենայն հրեշտակք նորա, ալէլուիա: Օրհնեցէ՛ք զնա ամենայն զօրութիւնք նորա, ալէլուիա»:  (Քրիստոս պատարագված բաշխվում է մեր մեջ, ալելուիա: Իր մարմինը տալիս է մեզ իբրև կերակուր և իր սուրբ արյունը ցողում է մեր մեջ, ալելուիա: Մոտեցե՛ք Տիրոջը և առե՛ք լույսը, ալելուիա: Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, քաղցր է Տերը, ալելուիա: Օրհնեցե՛ք Տիրոջը երկնքում, ալելուիա: Օրհնեցե՛ք նրան բարձունքում, ալելուիա: Օրհնեցե՛ք նրան, նրա բոլոր հրեշտակներ, ալելուիա):

Այս ընթացքում պատարագիչ քահանան ծածուկ աղոթելով՝ սուրբ հացը (նշխարը) բաժանում է չորս մասերի և թողնում սկիհի մեջ՝ ասելով. «Լրումն Հոգւոյն Սրբոյ»:

Ապա շարունակում է աղոթել, միշտ ծածուկ, խնդրելով, որ Աստված իրեն արժանի անի «ընդունել զսուրբ խորհուրդս զայս մեզ ի մեղաց թողութիւն», որովհետև «ասաց Տէրն մեր Յիսուս Քրիստոս, թէ ամենայն, որ ուտէ զՄարմին իմ եւ ըմպէ զԱրիւն իմ, կեցցէ յաւիտեանս»: Հետևաբար՝ «Եւ այժմ աղաչեմ զքեզ, Տէր, մի՛ լիցի սա ինձ ի դատապարտութիւն, այլ ի քաւութիւն եւ ի թողութիւն մեղաց, յառողջութիւն հոգւոյ եւ մարմնոյ, եւ ի կատարումն ամենայն գործոց առաքինութեան: Որպէսզի սրբեսցէ սա զշունչ իմ, եւ զհոգի եւ զմարմին իմ»:

(…Ընդունել այս սուրբ խորհուրդը, որպես մեղքի թողություն… Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասաց. թե՝ ով որ իմ մարմինն ուտի ու իմ արյունը ըմպի պիտի ապրի հավիտյան… Եվ հիմա, Տե՛ր, աղաչում եմ քեզ, թող այս չլինի ինձ համար դատապարտություն, այլ՝ մեղքերի քավություն և թողություն, մարմնի և հոգու առողջություն և բոլոր առաքինի գործերի կատարում: Որպեսզի սա սրբի իմ շունչը, իմ հոգին և իմ մարմինը):

Առանց  ընդհատման,  քահանան  շարունակում է ծածուկ արտասանել Հովհաննես Ոսկեբերանի մի աղոթքը, որով նույն խնդրանքներն է ուղղում Աստծուն՝ լինի իր անձի, լինի ժողովրդի համար:

 

Նախորդ գլուխը՝

ԽՆԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԻ ՔԱՐՈԶՆԵՐ

Հաջորդ գլուխը՝

ՃԱՇԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ