Գիրք` 1. Ծննդոց

Ներածութիւն

   
   Աստվածաշնչի առաջին գիրքը կոչւում է «Ծննդոց»․ այսինքն՝ սկիզբ, ծագում, որովհետեւ նրա բովանդակութիւնը կազմում է աշխարհի, մարդկութեան եւ իսրայէլացի ժողովրդի ծագումը, նրանց առաջացումը։
    Ինչպէ՞ս հասկանալ այն աշխարհը, որի մեջ ապրում ենք։ Ի՞նչ է մարդը։ Ո՞րն է նրա տեղը աշխարհում։ Ինչո՞ւ մարդկանց յարաբերութիւնները միմեանց հետ յաճախ թշնամական են լինում։ Կա՞յ մի միջոց դրանք վերացնելու։ Ահա մշտապէս այժմէական այս հարցին է պատասխանում «Ծննդոցի» առաջին մասը․ տղամարդը եւ կինը արարչագործութեան մէջ, նրանց հեռացումը Աստծուց, Կայէնը եւ Աբէլը, Նոյը ջրհեղեղի ժամանակ, Բաբելոնի աշտարակը։ Այս պատումներում նկարագրուած եղելութիւնները հնարաւոր չէ ճշգրիտ կերպով տեղադրել մարդկային պատմութեան տոմարի մէջ։
    15-20 գլուխներում պատմւում է, թէ ինչպէս Աստուած փրկութիւն է բերում մարդկութեանը՝ իր ծառայութեանը կանչելով Իսրայէլի նախնիներին՝ Աբրահամին, որը Աստծու հանդէպ իր հաւատով եւ հաւատարմութեամբ միշտ մնում է որպէս տիպար անձնաւորութիւն, նրա որդի Իսահակին, ապա նրա թոռ՝ Յակոբին, որին տրուեց նաեւ Իսրայէլ անունը, Յովսէփին՝ Յակոբի որդիներից մէկին, երկու ցեղերի նախնին, որը գտնւում է այն իրադարձութիւնների կենտրոնում, որոնք Յակոբին եւ նրա միւս որդիներին ստիպեցին իրենց ընտանիքներով գնալ եւ ապրել Եգիպտոսում։
    «Ծննդոցը» ամենից առաջ եւ մանավանդ մի ուսուցում է Աստծու կատարած գործի մասին։ Այս գիրքն աւարտւում է այն խոստումով, թէ Աստուած շարունակելու է հոգ տանել իր ժողովրդին։ Գրքի մէկ ծայրից միւսը Նա է գլխաւոր գործող անձը․ Նա ճանաչել է տալիս իրեն, դատում է, առաջնորդում եւ օգնում իր ժողովրդին, ձեւավորում նրա պատմութիւնը։
    Փոխարէնը Աստուած պահանջում է, որ նրանք հաւատան իրեն եւ իր խոստումներին, հնազանդուեն իր հրամաններին եւ օրէնքներին։