Գիրք` 39. Ամբակում

Ներածութիւն

   
   Ամբակումի գիրքը մեզ ցոյց է տալիս կերպարը մի մարգարէի, որն ապրել ու գործել է ճգնաժամային ժամանակաշրջանում։ Նա մի մարդ է, որ տառապում է ուրիշների դժբախտութեամբ, դատապարտում է չարիքը, այդ մասին դիմում է Աստծուն եւ ուրախանում, երբ ստանում է Նրա պատասխանը։ Այս գիրքը գրուել է հաւանաբար 7-րդ դարի վերջերին եւ 6-րդ դարի սկզբին (ն․ Ք․), այն ժամանակ, երբ բաբելոնացիները իրենց գերիշխանութիւնն էին հաստատել Մերձաւոր Արեւելքի վրայ, որտեղ իսրայէլական համայնքը անձկութեամբ մտածում էր իր ապագայի եւ Աստծու հետ ունեցած իր յարաբերութիւնների մասին։
   Աստուած պատասխանում է իր մարգարէին, փոխանցելով նրան հետեւեալ պատգամը՝ ուղղուած ոչ միայն նրա ժամանակակիցներին, այլեւ բոլոր ժամանակների մարդկանց․ լինել հաւատարիմ Աստծուն։ Ահա այն, ինչը թոյլ է տալիս մարդուն ապրել եւ վստահութեամբ սպասել Աստծու միջամտութեանը։
   Ծանր ու դժուարին ժամանակներում մարդիկ յաճախ են դիմել Ամբակումի գրքին՝ վերագտնելու համար այդ վստահութիւնը։