Կողոսիան Փոքր Ասիայի քաղաքներից մեկն էր, որ գտնւում էր Եփեսոսից շուրջ 200 կիլոմետր հեռու, դէպի արեւելք: Յայտնի չէ, թե Պօղոսը երբեւիցէ այցելե՞լ է այդ քաղաքը: Նրա ծառայակիցներից մէկը՝ Եպափրասը, որ կողոսացի էր, առաջինը ինքն էր Աւետարանը քարոզել այնտեղ:
Երբ Պօղոսը բանտում էր գտնւում (հաւանաբար Հռոմում), Եպափրասը գնացել էր նրա մօտ՝ յայտնելու, որ կողոսացիները մի նոր վարդապետութեան տարածիչների ազդեցութեան տակ են ընկել: Ըստ այդ մարդկանց ուսուցման, Աստծուն ճանաչելու եւ փրկուելու համար հարկաւոր էր պաշտամունք մատուցել ինչ-որ հոգեւոր զորութիւնների, ենթարկուել որոշ ծէսերի (ինչպիսին էր թլփատութիւնը) եւ խստիւ պահպանել մի շարք կանոններ, որոնք վերաբերում էին կերակուրներին, խմիչքներին եւ այլն: Հէնց որ Պօղոսը տեղեկանում է այդ մտահոգիչ կացութեան մասին, մի թուղթ է գրում կողոսացիներին՝ յիշեցնելու համար նրանց, որ Աստծու կողմից շնորհուած փրկութիւնը ի Քրիստոս լիովին բաւարար է: Նա իր թուղթն հաւանաբար ուղարկում է Տիւքիկոսի եւ Օնեսիմոսի միջոցով:
Թղթի առաջին մասում, մի կարճ ողջոյնից եւ Աստծուն ուղղուած մի աղօթքից յետոյ, առաքեալը ակնյայտ կերպով ցոյց է տալիս, որ Քրիստոսին է պատկանում բարձրագոյն իշխանութիւնը, նա գերիվեր է բոլոր հոգեւոր զօրութիւններից. նա է միակ գլուխը եկեղեցու:
Այնուհետեւ Պօղոսը զգուշացնում է կողոսացիներին հեռու մնալ այն բոլոր մոլորութիւններից, որ ոմանք տարածում են իրենց համայնքում:
Թղթի վերջին մասում, անդրադառնալով կեանքի գործնական կողմերին, նա յորդորներ է տալիս նրանց այն մասին, թե ինչպիսի վարմունք պետք է ունենան քրիստոնէական համայնքում, ընտանիքում եւ հասարակութեան մէջ:
Թուղթը եզրափակւում է մի շարք անձնական պատգամներով եւ առաքեալի ձեռքով գրուած ողջոյնի խօսքով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: