Գիրք` 19. Թուղթ եբրայեցիներին

Ներածութիւն

   
   Ով որ ուշադրութեամբ կարդայ այս թուղթը. այն տպաւորութիւնը կ՛ունենայ, որ գտնւում է աւելի շուտ մի քարոզի կամ մի ճառի առաջ, քան բառիս բուն իմաստով՝ մի նամակի: Ճիշտ է, 13-րդ գլխի վերջին համարները, ողջոյնների մասերով հանդերձ, մտածել են տալիս ինչ-որ նամակի աւարտի մասին, սակայն սկզբի մասում ոչ մի տեղեկութիւն չի տրւում այս գրուածքի ո՛չ հեղինակի և ո՛չ էլ հասցէատիրոջ վերաբերեալ: Հնարաւոր է, թեեւ ոչ ստոյգ, որ այս «թուղթը» ուղարկուած լինի Իտալիայից: Յամենայն դէպս այն հասցէագրուած է այն քրիստոնեաներին, որոնք ժողովրդականութիւն չէին վայելում, եւ որոնց հակառակորդների թիւը գնալով աճում էր, այն աստիճան, որ նրանք ցանկանում էին հեռանալ քրիստոնէական հաւատից: Հեղինակը քաջալերում է նրանց, որ հաստատ մնան այդ հաւատի մէջ՝ ապացուցելով նրանց Քրիստոսի անձի եւ գործի առաւելութիւնը մարդու փրկութեան հետ առնչուող ամէն հարցում:
   Հէնց սկզբից թուղթը հաստատում է, որ Աստուած վերջնականապէս յայտնուեց մեզ իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի անձի մէջ։ Մի քանի ազդու կոչերով ընդմիջուած այս գրուածքում կարելի է առանձնացնել երկու գլխաւոր մասեր.
   Առաջին մասում բացայայտուած Է Քրիստոսի գերազանց մեծութիւնը. նա գերիվեր է ոչ միայն մարգարէներից, այլեւ՝ հրեշտակներից, Մովսէսից, Յեսուից, որպէս նոր ուխտի միակ Քահանայապետ, նա գերիվեր է հին ուխտի բոլոր քահանայապետներից. մէկ անգամ առ միշտ կատարուած նրա զոհագործումը գերիվեր է հին Իսրայէլի բազմաթիւ զոհագործութիւններից:
   Երկրորդ մասը նախ քաջալերում է ունկնդիրներին, որպէսզի յարատեւեն հավատի մէջ: Այս մասում է գտնւում Հին Կտակարանի հաւատացեալների օրինակին վերաբերող հռչակաւոր հատուածը, ապա այն հրաւէրը, որով թելադրւում է հայացքները մշտապէս յառած պահել Յիսուս Քրիստոսի վրայ, որպէսզի հնարաւոր լինի նրա նման համբերութեամբ տանել հակառակութիւնները: Վերջին մի քանի յանձնարարութիւններից եւ ազդարարութիւններից յետոյ հեղինակը աւարտում է իր թուղթը օրհնութեամբ եւ ողջոյններով: