Գիրք` 22. Պետրոս Առաքեալի երկրորդ թուղթը

Ներածութիւն

   
   Այս թուղթն ուղղուած է քրիստոնեաներին ընդհանրապէս: Հեղինակի հիմնական մտահոգութիւնն է եղել մաքառել Աւետարանին հակառակ վարդապետութիւններ տարածողների դէմ, որոնք սպրդել էին Եկեղեցուց ներս: Նրանց ուսուցման գլխաւոր վտանգներից մէկը բարեկարգ կեանքի խանգարումն էր: Նրանց հակազդելու միակ ձեւը ամբողջապէս կապուած մնալն էր Աստծու եւ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ ճանաչողութեանը այնպէս, ինչպէս այն փոխանցուել էր մեզ նրանց կողմից, ովքեր իրենց սեփական աչքերով էին տեսել Յիսուս Քրիստոսին եւ լսել նրա ուսուցումը:
    Իր թղթի սկզբում, ողջոյնի կարճ խօսքից յետոյ, հեղինակը կանգ է առնում քրիստոնէական կեանքի համար կարեւոր մի շարք յատկութիւնների եւ Աստծուց ստացած կոչին հաւատարիմ մնալու անհրաժեշտութեան վրայ, համաձայն այն անձանց վկայութեան, որոնք տեսել են Տիրոջը: Այնուհետեւ նա խստիւ դատապարտում է կեղծ վարդապետութիւններ տարածողների գործունէութիւնն ու ընթացքը: Մատնանշելով նրանց ուսուցման դատապարտելի կողմերից մէկը՝ նա ասում է, որ նրանք ծաղրում էին Քրիստոսի գալստեանը սպասողներին եւ պնդում էին, որ դա տեղի չի ունենալու: Ի պատասխան նրանց, հեղինակը հաստատում է, որ եթէ Քրիստոսի գալուստն ուշանում է, ապա դա Աստծու համբերութեան պատճառով է, որը առիթ է տալիս շատերին դեռեւս ընդունելու փրկութիւնը:
    Կեանքում երբեք չեն պակասել կեղծ ուսմունքի տարածիչներ: Պետրոս առաքեալի երկրորդ թղթի պատգամը, հետեւաբար, մշտապէս այժմէական է: Նա քաջալերում է հաւատացեալներին, որ առաջ ընթանան Տիրոջը ճանաչելու իրենց ձգտման մէջ, որպէսզի չմոլորուեն անկայուն տեսութիւններով: