Աւանդութիւնը Յովհաննէս առաքեալին վերագրում է երեք թղթեր, թէեւ դրանց մէջ նրա անունը բնաւ յիշատակուած չէ: Այդ թղթերից առաջինը մեզ ոչ մի տեղեկութիւն չի տալիս նրա հեղինակի մասին եւ ոչ էլ այն մասին, թէ ում է ուղղուած այն: Այսուհանդերձ նրա մէջ առկայ որոշ երեւոյթներ թոյլ են տալիս պատկերացում ունենալ այն քրիստոնէական համայնքների կացութեան մասին, որոնց ուղղուած է այդ թուղթը: Ինչպէս առաջին դարի երկրորդ կէսի ուրիշ շատ համայնքներ, քրիստոնէական այդ համայնքները եւս ենթարկուել էին հօգեւոր կամ կրօնական մի շարք շարժումների ազդեցութեանը, որոնք շեղւում էին ճշմարիտ քրիստոնէական հաւատից: Ահա թե ինչու թղթում հեղինակը հետապնդում է կրկնակի նպատակ. առաջին՝ քաջալերել իր ընթերցողներին, որ մնան Աստծու եւ նրա որդի Յիսուս Քրիստոսի հետ իսկական հաղորդութեան մէջ, որը պետք է դրսեւորուի միմեանց նկատմանբ եղբայրական սիրոյ յարաբերութիւններով, եւ երկրորդ՝ պայքարել միաժամանակ կեղծ վարդապետութեան դէմ, որը վտանգի է ենթարկում հաւատացեալների հաւատարմութիւնը Աւետարանին:
Հեղինակը հրաւիրում է ընթերցողներին ապրելու լոյսի մէջ, որովհետեւ Աստուած ինքը լոյս է: Դրա համար նրանք պէտք է գործադրեն սիրոյ պատուիրանը: Դրանից յետոյ նա յայտնում է, որ երեւան են եկել Քրիստոսի մեծ հակառակորդներ, ստախօս մարդիկ, որոնք ժխտում են, թէ Յիսուսը Քրիստոսն է: Ապա նա յիշեցնում է, թէ ինչն է յատկանշական Աստծու ճշմարիտ զաւակների համար. դա նրանց վարած արդար կեանքն է, նրանց սէրը միմեանց նկատմամբ, հաւատարմութիւնը Յիսուս Քրիստոսին: Ցոյց տալուց յետոյ, թէ ինչպէս պէտք է տարբերել սխալը ճշմարտից, հեղինակը վերստին կանգ է առնում սիրոյ թեմայի վրայ՝ նշելով, որ Աստծուն պատկանել՝ նշանակում է սիրել, որովհետեւ Աստուած սէր է: Նա աւարտում է իր թուղթը՝ նկարագրելով յաղթական հաւատը եւ ամփոփելով թղթում շօշափուած գլխաւոր կէտերը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: