Գիրք` 24. Յովհաննէս Առաքեալի երկրորդ թուղթը

Ներածութիւն

   
   Թղթի հեղինակը ինքն իրեն ներկայացնում է պարզապէս «Երեց» բառով, բայց նրա արտահայտուելու եղանակը ենթադրել է տալիս, որ նա առանձնայատուկ հեղինակութիւն է վայելել այն մարդկանց մօտ, որոնց ուղղուած է այս թուղթը: Նա դիմում է «ընտրեալ Կիւրիային եւ նրա որդիներին», մի արտայայտութիւն, որ, անկասկած, վերաբերում է տեղական մի Եկեղեցու եւ նրա անդամներին:
   Նա քաջալերում է իր ընթերցողներին, որ ապրեն ճշմարտութեան եւ սիրոյ մէջ: Նրանց զգուշացնում է այն մարդկանցից, որոնց տարածած գաղափարները համանման են այն գաղափարներին, որոնց դէմ պայքարել էր ինքը իր առաջին թղթով: Նա այս թուղթն աւարտում է՝ յայտնելով իր հաւանական այցելութիւնը եւ փոխանցելով մի քոյր Եկեղեցու ողջոյնները:
   Ինչպէս Յովհաննէսի առաջին թուղթը, այս մէկը եւս հրաւէր է ուղղում իր ընթերցողներին, որ արթուն լինեն եւ յարատեւեն ճշմարիտ հաւատի մէջ: