ԴԱՒԻԹԸ՝ ԾԵՐԱՑԱԾ
1․ Դաւիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան զգեստներով ծածկում էին, բայց նա չէր
տաքանում:
2․ Նրա ծառաներն ասացին. «Թող մեր տէր արքայի համար մի կոյս աղջիկ գտնեն, որ նա կանգնի արքայի առջեւ եւ հոգ տանի նրան, նրա հետ պառկի, ու մեր տէր արքան տաքանայ»:
3․ Մի գեղեցիկ աղջիկ որոնեցին Իսրայէլի ամբողջ տարածքում, գտան սոմնացի Աբիսակին ու նրան բերեցին արքայի մօտ:
4․ Աղջիկը շատ գեղեցիկ էր, տաքացնում էր արքային ու ծառայում նրան, բայց արքան չմերձեցաւ նրան:
ԱԴՈՆԻԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԹԱԳԱՒՈՐԵԼ
5․ Ադոնիան՝ Ագիթի որդին, վեր-վեր թռչելով, ասաց. «Ես պէտք է թագաւորեմ»: Եւ նա կառքեր ու հեծեալներ պատրաստեց: Յիսուն սուրհանդակներ ընթանալու էին նրա առջեւից:
6․ Հայրը նրան երբեք չարգելեց, չասաց, թէ՝ «Ինչո՞ւ այդ արեցիր»: Ինքն էլ դէմքով գեղեցիկ էր ու ծնուել էր Աբեսաղոմից յետոյ:
7․ Նա խորհրդակցեց Շարուհիի որդի Յովաբի եւ Աբիաթար քահանայի հետ, ու նրանք օգնեցին Ադոնիային:
8․ Սադոկ քահանան, Բանեան՝ Յովիդայէի որդին, Նաթան մարգարէն, Սեմէին, Ռէին եւ Դաւթի քաջարի մարդիկ Ադոնիայի հետ չէին:
9․ Եւ Ադոնիան ոչխարներ, եզներ ու գառներ մորթեց Զոոլեթի քարի մօտ, որը Ռոգէլի երկրին մօտ է: Նա կանչեց իր բոլոր եղբայրներին՝ արքայի որդիներին, եւ Յուդայի երկրի բոլոր տղամարդկանց՝ արքայի ծառաներին,
10․ բայց Նաթան մարգարէին, Բանեասին, քաջարի մարդկանց եւ իր Սողոմոն եղբօրը չկանչեց:
ՆԱԹԱՆԸ ԵՒ ԲԵՐՍԱԲԷԷՆ՝ ՍՈՂՈՄՈՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ
11․ Նաթան մարգարէն խօսելով Սողոմոնի մօր՝ Բերսաբէէի հետ, ասաց. «Չե՞ս լսել, որ Ադոնիան՝ Ագիթի որդին, թագաւոր է դարձել, եւ մեր տէր արքայ Դաւիթը այդ չգիտի:
12․ Արդ, ե՛կ քեզ մի խորհուրդ տամ, որ փրկես քո եւ Սողոմոն որդուդ կեանքը:
13․ Գնա՛ Դաւիթ արքայի մօտ, խօսի՛ր նրա հետ եւ ասա՛. «Չէ՞ որ դու ինքդ, տէ՛ր իմ արքայ, երդուելով քո աղախնին, ասացիր, թէ՝ «Քո որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին»: Էլ ինչո՞ւ է թագաւորել Ադոնիան»:
14․ Երբ կը սկսես խօսել արքայի հետ, ես կը մտնեմ ու կը լրացնեմ քո խօսքերը»:
15․ Բերսաբէէն մտաւ սենեակ, արքայի մօտ: Արքան շատ էր ծերացել, եւ սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային:
16․ Բերսաբէէն խոնարհուեց ու երկրպագեց արքային: Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»:
17․ Նա պատասխանեց. «Իմ տէ՛ր արքայ, դու քո Տէր Աստուծով երդուեցիր քո աղախնին ու ասացիր, թէ՝ «Իմ որդի Սողոմոնն է թագաւորելու ինձնից յետոյ, նա է նստելու իմ աթոռին»,
18․ բայց ահա Ադոնիան է թագաւորել, եւ դու, տէ՛ր իմ արքայ, այդ չես իմացել:
19․ Բազում արջառներ, ոչխարներ ու գառներ է մորթել, կանչել է արքայի բոլոր որդիներին, Աբիաթար քահանային ու զօրքի հրամանատար Յովաբին, իսկ քո ծառայ Սողոմոնին չի կանչել:
20․ Տէ՛ր իմ արքայ, ամբողջ Իսրայէլն իր հայեացքը յառել է քեզ վրայ, որ յայտնես նրանց, թէ ով պիտի նստի իմ տէր արքայի աթոռին իրենից յետոյ:
21․ Եթէ իմ տէր արքան գնայ իր նախնիների գիրկը, ես ու իմ որդի Սողոմոնը մեղապարտ կը համարուենք»:
22․ Մինչ նա խօսում էր արքայի հետ, եկաւ Նաթան մարգարէն:
23․ Յայտնեցին արքային, թէ՝ «Ահաւասիկ եկել է Նաթան մարգարէն»: Սա մտաւ արքայի մօտ ու մինչեւ գետին երեսնիվայր գլուխ տուեց նրան:
24․ Նաթանն ասաց. «Տէ՛ր իմ արքայ, դո՞ւ ես ասել, թէ՝ «Ադոնիան թագաւորելու է ինձնից յետոյ եւ նստելու է իմ աթոռին»:
25․ Այսօր նա իջել է, մորթել բազում արջառներ, ոչխարներ ու գառներ, կանչել արքայի բոլոր որդիներին, զօրքի հրամանատարներին ու Աբիաթար քահանային: Նրանք ահա ուտում ու խմում են նրա մօտ՝ ասելով. «Կեցցէ՛ Ադոնիա արքան»,
26․ իսկ ինձ՝ քո ծառային, Սադոկ քահանային, Յովիդայէի որդի Բանեային եւ քո Սողոմոն ծառային չի կանչել:
27․ Արդեօ՞ք այս բանն իմ տէր արքայի հրամանով է կատարուել: Դու, սակայն, քո ծառային չես յայտնել, թէ իրենից յետոյ ո՛վ պիտի նստի իմ տէր արքայի աթոռին»:
28․ Պատասխան տուեց Դաւիթ արքան՝ ասելով. «Ինձ մօ՛տ կանչեցէք Բերսաբէէին»: Սա մտաւ նրա մօտ ու կանգնեց նրա դիմաց:
29․ Արքան երդուեց՝ ասելով. «Կենդանի է Տէրը, որ փրկել է իմ կեանքը ամէն նեղութիւնից:
30․ Ինչպէս երդուելով Իսրայէլի Տէր Աստուծով ասել եմ, թէ՝ «Քո Սողոմոն որդին է թագաւորելու ինձնից յետոյ, եւ իմ փոխարէն նա է նստելու իմ աթոռին», այդպէս էլ անելու եմ հէնց այսօր»:
31․ Բերսաբէէն երեսնիվայր գետին խոնարհուեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Յաւիտեան կեցցէ՛ իմ տէր Դաւիթ արքան»:
32․ Դաւիթ արքան ասաց. «Ինձ մօ՛տ կանչեցէք Սադոկ քահանային, Նաթան մարգարէին ու Յովիդայէի որդի Բանեային»:
33․ Սրանք եկան արքայի մօտ: Արքան ասաց նրանց. «Առէ՛ք ձեզ հետ ձեր տիրոջ ծառաներին, իմ որդի Սողոմոնին իմ ջորու վրայ նստեցրէ՛ք եւ իջեցրէ՛ք Գեհոն:
34․ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն այնտեղ նրան թող Իսրայէլի թագաւոր օծեն: Եղջերափողեր հնչեցրէ՛ք եւ բացականչեցէ՛ք՝ «Կեցցէ՛ Սողոմոն արքան»:
35․ Ապա նրա յետեւից գնալով՝ քաղա՛ք բարձրացէ՛ք, եւ նա թող գայ, նստի իմ աթոռին ու թագաւորի իմ փոխարէն, քանզի ես եմ հրամայել, որ նա լինի Իսրայէլի ու Յուդայի երկրի առաջնորդը»:
36․ Յովիդայէի որդի Բանեան պատասխան տալով արքային՝ ասաց. «Թող այդպէս լինի, թող Տէր Աստուածն իմ տէր արքայի խօսքը հաստատի:
37․ Ինչպէս Տէրն իմ արքայ տիրոջ հետ էր, նոյնպէս թող լինի նաեւ Սողոմոնի հետ, թող բարձրացնի նրա աթոռը առաւել, քան իմ տէր արքայ Դաւթի աթոռը»:
38․ Սադոկ քահանան, Նաթան մարգարէն, Յովիդայէի որդի Բանեան, քերեթիներն ու օփելեթիները եկան եւ Սողոմոնին նստեցրին Դաւիթ արքայի ջորու վրայ եւ նրան տարան Գեհոն:
39․ Սադոկ քահանան իւղով լի եղջիւրն առաւ խորանից եւ օծեց Սողոմոնին, եղջերափող հնչեցրեց, եւ ամբողջ ժողովուրդը բացականչեց՝ «Կեցցէ՛ Սողոմոն արքան»:
40․ Բոլոր մարդիկ եկան նրա հետ, պարեր պարելով մեծ ուրախութիւն արեցին, երկիրը դղրդաց նրանց ձայնից:
41․ Երբ Ադոնիան ու նրա բոլոր հիւրերը աւարտեցին ուտելը, լսեցին ուրախութեան աղմուկ-աղաղակը: Յովաբը լսելով եղջերափողի ձայնը՝ ասաց. «Այս ի՞նչ աղմուկ է բարձրացել քաղաքում»:
42․ Մինչ նա խօսում էր, եկաւ Աբիաթար քահանայի որդի Յովնաթանը: Ադոնիան նրան ասաց. «Նե՛րս մտիր, քանզի զօրաւոր մարդ ես դու եւ բարի լուր ես տալու»:
43․ Յովնաթանը պատասխան տալով՝ ասաց Ադոնիային. «Յիրաւի, մեր տէր Դաւիթ արքան թագաւոր դարձրեց Սողոմոնին:
44․ Նա Սադոկ քահանային, Նաթան մարգարէին, Յովիդայէի որդի Բանեային, քերեթիներին ու օփելեթիներին ուղարկեց նրա հետ, նրան նստեցրին արքայի ջորու վրայ,
45․ եւ Սադոկ քահանան ու Նաթան մարգարէն նրան թագաւոր օծեցին Գեհոնում: Ապա այնտեղից ուրախութեամբ եկան, ու քաղաքը դղրդաց: Ահա այդ ձայնն է, որ լսում էք:
46․ Սողոմոնը նստեց արքայական գահին
47․ Արքայի ծառաները մտան, որ շնորհաւորեն մեր տէր Դաւիթ արքային: Նրանք ասացին. «Թող Աստուած քո Սողոմոն որդու անունը առաւել մեծացնի, քան քո անունը, եւ նրա աթոռն առաւել բարձրացնի, քան քո աթոռը»: Արքան իր անկողնի մէջ գլուխ խոնարհեց՝ ասելով.
48․ «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն այսօր իմ զաւակին արժանացրեց իմ աթոռին, եւ իմ աչքերը այդ տեսնում են»»:
49․ Ադոնիայի բոլոր հիւրերը զարհուրեցին ու վեր կացան, եւ ամէն մէկը գնաց իր ճանապարհով:
50․ Ադոնիան վախենալով Սողոմոնից՝ ելաւ գնաց ու զոհասեղանի եղջիւրներից բռնեց:
51․ Սողոմոնին յայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցաւ Սողոմոն արքայից: Նա բռնել է զոհասեղանի եղջիւրները եւ ասում է. «Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդուի, թէ իր ծառային սրով չի սպանի»»:
52․ Սողոմոնն ասաց. «Եթէ նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետին չի ընկնի, իսկ եթէ ուզենայ չար գործ կատարել, կը մեռնի»:
53․ Սողոմոն արքան մարդ ուղարկեց, եւ Ադոնիային իջեցրին զոհասեղանից: Ադոնիան եկաւ, խոնարհուեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տունը»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: