Յոբի գիրքն սկսւում է մի պատմութեամբ: Յոբը կեանքի բարիքներով լիացած մի անբասիր մարդ է: Նա հաւատարիմ է Աստծուն: Բայց արդեօ՞ք դա պայմանաւորուած չէ շահասիրութեամբ: Եւ ահա նա ենթարկւում է փորձութեան. զրկւում է իր ունեցուածքից, երեխաներից, հարստութիւնից: Իր այդ տառապանքների մեջ նա արդեօք հաւատարիմ կը մնա՞յ Աստծուն:
Բայց ո՞վ է Աստուած: Եթէ Յոբը արդար է, ապա ինչո՞ւ այս դժբախտութիւնը հարուածում է նրան: Երեք մարդ, որոնք Յոբի բարեկամներն են, ուզում են համոզել նրան, որ նրա տառապանքները Աստծու կողմից անհրաժեշտօրէն նրան տրուած մի պատիժ են ինչ-որ յանցանքի համար, որ նա հաւանաբար գործել է: Այսպէս է սկիզբ առնում այն մեծ բանավէճը, որը, բանաստեղծութեան ձեւով, գրաւում է գրքի կենտրոնական մասը եւ ամենից երկարն է: Երեք բարեկամները առաջ են քաշում աւանդական փաստարկումները, մինչդեռ Յոբը ժխտում է նրանց տեսակէտը՝ հակադրելով դրան մարդկային վիճակի անարդարութունը: Նա ըմբոստանում է Աստծու մասին իր բարեկամների ունեցած պատկերացման դէմ եւ շարունակ կրկնում է, որ ինքը անմեղ է:
Այդ ժամանակ հանդէս է գալիս մի նոր անձնաւորութիւն՝ Եղիուսը: Սա իր հերթին փորձում է հերքել Յոբին: Ըստ նրա, Աստուած տառապանքն ուղարկում է մարդուն՝ ազդարարելու համար նրան ինչ-որ բան, եւ ոչ ոք չի կարող պահանջել Աստծուց, որ նա դրա համար հաշիւ տայ իրեն:
Վերջապէս Աստուած ինքն է միջամտում: Բայց նա փոխանակ տրուած հարցին մի պատասխան տալու, ինքն է հարցապնդում: Այն ժամանակ Յոբը ընդունում է իր սխալը. նա Աստծու մասին խօսել էր առանց իսկապէս գիտենալու, թե ո՛վ է Աստուած:
Գիրքն աւարտւում է վերադառնալով իր սկզբնական ձեւին՝ արձակ պատմութեան: Աստուած հաստատում է, որ Յոբն է միայն ուղիղ խօսել իր մասին: Եւ նա Յոբին վերադարձնում է նրա կորցրածի կրկնակին:
Ո՞վ է իսկապէս Աստուած: Այս հարցը լռելեայն ներկայ է ամբողջ գրքում, հարց, որ առանձնապէս արդիական է հնչում մեր դարում, որը հարցականի տակ է դնում վստահելի համարուած այնքան համոզմունքներ: Սակայն Յոբի գիրքը աւելի շուտ մեզ ասում է, թե Աստուած ո՛վ չէ: Այն մեզ հրաւիրում է երբեք չշփոթել Աստծուն այն գաղափարի կամ պատկերացման հետ, որ մենք ունենք նրա մասին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: