Գիրք` 35. Յովէլ

Ներածութիւն

   
   Յովէլ մարգարէի պատգամը դարերի ընթացքում չի կորցրել իր արտակարգ հաղորդական ուժը հակառակ նրան, որ մենք չգիտենք, թէ ո՛վ է եղել, ո՛ր դարաշրջանում է ապրել նա։ Յովէլի գրքի կենտրոնական թեման յայտնութիւնն ու նկարագրութիւնն է այն օրուայ, երբ Տէրը ցոյց է տալիս իր զօրութիւնը եւ դատում ժողովուրդներին․ Իսրայէլի ժողովրդին՝ Աստծու նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքի համեմատ եւ օտար ժողովուրդներին՝ Իսրայէլի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի համեմատ։ Դատաստանի օրուայ գալստին նախորդում են մի շարք կորստաբեր երեւոյթներ՝ միջատների ներխուժում, երաշտ, հրդեհ, ռազմական արշաւանք եւ այլն, որոնք ցոյց են տալիս այդ օրուայ կործանարար ուժը (1։2-12, 15-18, 2։1-11)։ Յայտնի չէ, թէ մարգարէն արդեօք իրեն ժամանակակից իրական դէպքերի՞ն է անդրադառնում, թէ՞ այդպիսի ահարկու պատկերներով ուզում է մարմին տալ իր յայտնութեանը։
   Ինչ էլ որ լինի, նրա քարոզութեան նպատակը յստակ է․ Իսրայէլի ժողովուրդը, որ զրկուած է ամէն ինչից, այդ թւում եւ Աստծու տաճարի սպասաւորութիւնն ապահովելու հնարաւորութիւնից, հրաւիրւում է դառնալու իր Աստծուն եւ աղաչելու նրան (1։13-14, 19-20, 2։12-17)։ Ժողովրդի զրկանքն ի վերջոյ նրա փրկութեան պայմանն է։ Խոստացուած առատութիւնն այստեղ հակադրւում է զրկանքին ու դատարկութեանը, որոնք նախապէս հետեւանքն էին Աստծու բարկութեան։ Օտար ժողովուրդները պիտի կործանուեն դատաստանով (3։1-16), սակայն Իսրայէլի ժողովուրդը վերջապէս պիտի հասկանայ, թէ ինչ է նշանակում Աստծու ներկայութիւնը իր մէջ։
   Յովէլի գիրքը մարգարէաբար յայտնում է, որ մի օր այդ ներկայութիւնը տրուելու է բոլորին, որովհետեւ Աստուած իր Հօգին տարածելու է բոլորի վրայ հաւասարապէս (3։1-2)։ Առաջին քրիստոնեաները այդ խոստման իրականացմանը վկայ եղան Հոգեգալստեան օրը (Գործք 2։16-21)։