Գիրք` 14. Բ Մնացորդաց

Գլուխ 25

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՄԱՍԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ
(Դ Թագ. 14.2-6)
   

1. Քսանհինգ տարեկան էր Ամասիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա երուսաղէմացի մօր անունը Յովադին էր:
2. Ամասիասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, բայց ոչ լիակատար սրտով:
3. Եւ պատահեց, որ երբ թագաւորութիւնն անցաւ իր ձեռքը, նա սպանեց այն պալատականներին, որոնք սպանել էին իր արքայ հօրը:
4. Նա, սակայն, նրանց որդիներին չսպանեց, ինչպէս գրուած է Տիրոջ օրէնքների ուխտի մէջ, եւ ինչպէս պատուիրել է Տէրը՝ ասելով. «Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, եւ որդիները չպէտք է մեռնեն հայրերի փոխարէն, այլ ամէն ոք պէտք է իր մեղքերի համար մեռնի»:
5. Ամասիասը հաւաքեց Յուդայի տան մարդկանց եւ նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարիւրապետներ նշանակեց Յուդայի ամբողջ երկրում ու Երուսաղէմում: Նա քսան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշուառում կատարեց եւ տեսաւ, որ նրանք պատերազմի ելնելու, նիզակ ու ասպար կրելու ընդունակ երեք հարիւր հազար հոգի են:
6. Բացի այդ, Իսրայէլից նա հարիւր տաղանդ 454արծաթով հարիւր հազար հզօր մարդ վարձեց:
7. Նրա մօտ Աստծու մի մարդ եկաւ եւ ասաց. «Արքա՛յ, թող Իսրայէլի զօրքերը քեզ հետ չգնան, որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ եւ նոյնիսկ Եփրեմի ոչ բոլոր որդիների հետ է:
8. Եթէ դու կարծում ես, թէ այդ զօրքով ես զօրանալու, ապա Տէրը քեզ պարտութեան կը մատնի քո թշնամիների առջեւ, քանզի Տէրն է թէ՛ յաղթանակ պարգեւողը եւ թէ՛ պարտութեան մատնողը»:
9. Ամասիասն ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարիւր տաղանդը, որ տուել եմ Իսրայէլի զօրքի համար»: Աստծու մարդն ասաց նրան. «Տէրը քեզ դրանից աւելի՛ն կը տայ»:
10. Ամասիասն իր զօրքից բաժանեց այն զօրքը, որ եկել էր իր մօտ Եփրեմից, որպէսզի իր տեղը վերադառնայ: Սրանք շատ զայրացան Յուդայի երկրի վրայ եւ բարկութեամբ ու ցասումով վերադարձան իրենց տեղը:
   
ՊԱՏԵՐԱԶՄ ՍԷԻՐԻ ԴԷՄ

(Դ Թագ. 14.7)
   

11. Ամասիասը հզօրանալով՝ վերցրեց իր զօրքն ու գնաց Աղի հովիտը եւ Սէիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ:
12. Տասը հազար էլ Յուդայի երկրի մարդիկ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը, բարձունքի եզրից նրանց գահավէժ անելով՝ բոլորին սպանեցին:
13. Այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիասը յետ էր դարձրել, որ իր հետ պատերազմի չգնան, յարձակուեցին Յուդայի երկրի քաղաքների վրայ Սամարիայից մինչեւ Բեթորոն, երեք հազար հոգու կոտորեցին եւ բազում աւար տարան:
14. Երբ Ամասիասը եդոմայեցիներին ջարդելուց յետոյ վերադարձաւ, իր հետ բերեց Սէիրի որդիների աստուածներին եւ նրանց դարձրեց իր աստուածները, երկրպագեց նրանց, եւ հէնց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում:
15. Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ամասիասի դէմ. Նա նրա մօտ մարգարէներ առաքելով՝ ասաց նրան. «Ինչո՞ւ յարեցիր դու այդ աստուածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»:
16. Երբ նա խօսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թէ քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛յշ եղիր, թէ չէ տանջանքի կ՚ենթարկուես»: Մարգարէն լռեց եւ ապա ասաց. «Գիտեմ, որ Տէրը որոշել է քեզ կործանել, որովհետեւ դու այս բանն արեցիր եւ չանսացիր իմ խրատներին»:
   
ՊԱՏԵՐԱԶՄ ԻՍՐԱՅԷԼԻ ԴԷՄ

(Դ Թագ. 14.8-20)
   

17. Ամասիասը խորհուրդ արեց եւ Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Ե՛կ, եւ երես առ երես հանդիպենք»:
18. Իսրայէլի արքայ Յովասը Յուդայի երկրի արքայ Ամասիասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. «Քո դստերը իմ որդուն կնութեա՛ն տուր»: Եւ ահա անցան Լիբանանի անապատի գազանները եւ կոխոտեցին փուշը»:
19. Այնուհետեւ աւելացրեց. «Դու ահա կոտորեցիր եդոմայեցիներին, եւ քո սիրտը լցուել է սնապարծութեամբ: Այսուհետեւ տանդ նստի՛ր, ինչո՞ւ ես լցւում չարութեամբ: Դու կը կոտորուես, եւ Յուդայի երկիրն էլ՝ քեզ հետ»:
20. Ամասիասը չլսեց նրան, քանզի Տէրը որոշել էր նրան մատնել Յովասի ձեռքը այն բանի համար, որ յարել էր եդոմայեցիների աստուածներին:
21. Ելաւ Իսրայէլի արքայ Յովասը, եւ նա ու Յուդայի երկրի արքայ Ամասիասն իրար դէմ ելան Բեթսամիւսում, որը Յուդայի երկրում է գտնւում:
22. Յուդայի երկիրը պարտուեց Իսրայէլից, եւ ամէն մարդ իր վրանը փախաւ:
23. Իսրայէլի արքայ Յովասը Բեթսամիւսում գերի բռնեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասին ու տարաւ Երուսաղէմ: Նա քանդեց Երուսաղէմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը՝ շուրջ երեք հարիւր կանգուն:
24. Նա տարաւ Աբդեդոմի հսկողութեան տակ գտնուող Տիրոջ տան ամբողջ ոսկին, արծաթն ու սպասքը, նաեւ թագաւորի տան գանձերն ու ապօրինածին մարդկանց եւ վերադարձաւ Սամարիա:
   
ԱՄԱՍԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ
   

25. Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասը Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ ապրեց տասնհինգ տարի:
26. Ամասիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, չէ՞ որ գրուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում:
27. Այն ժամանակ, երբ Ամասիասը հեռացել էր Տիրոջից, զօրքը Երուսաղէմում ապստամբեց նրա դէմ, եւ նա փախաւ Լաքիս: Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս: Եւ այնտեղ սպանեցին նրան:
28. Նրա դիակը դրեցին ձիերի վրայ եւ բերեցին ու թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում: