Գիրք` 25. Առակներ

Գլուխ 13

   
1․ Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի: 
2․ Մարդ առատօրէն պիտի ճաշակի արդարութեան պտղից, բայց անօրէն անձինք տարաժամ պիտի կործանուեն:
3․ Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը յանդուգն է, պիտի խռովի իր հոգին: 
4․ Ծոյլը միշտ կարիքի մէջ պիտի լինի, բայց ժրաջան ձեռքը ճար կը գտնի:
5․ Արդարն ատում է անիրաւ գործը, բայց ամբարիշտը պիտի ամաչի եւ համարձակութիւն պիտի չգտնի:
6․ Արդարութիւնն անմեղներին պահպանում է իրենց ճանապարհներին, բայց մեղքերն
անզգամ են դարձնում ամբարիշտներին:
7․ Մարդիկ կան, որ իրենց հարուստ են ձեւացնում, բայց ոչինչ չունեն, կան էլ, որ իրենց խեղճ են ձեւացնում,
բայց լի են մեծ հարստութեամբ:
8․ Մարդս իր հարստութեամբ փրկագնում է իր անձը, բայց աղքատը չի հանգստանում պատուհասներից: 
9․ Արդարի լոյսը պիտի վառ լինի յարաժամ, բայց ամբարիշտների լոյսը պիտի հանգչի: Նենգամիտ հոգիները պիտի մոլորուեն մեղքերի մէջ, բայց արդարները գթութիւն եւ ողորմութիւն պիտի գտնեն: 
10․ Անզգամն ամբարտաւանութեամբ չարիք է գործում, բայց իրաւախոհ մարդը իմաստուն է:
11․ Անիրաւութեամբ դիզուած հարստութիւնը պիտի պակասի, բայց աստուածապաշտութեամբ
ձեռք բերուած ունեցուածքը պիտի բազմապատկուի:
12․ Լաւ է սկզբից եւեթ սրտով օգնել, քան շուտափոյթ խոստանալ եւ երկար ժամանակ յոյսով թողնել: Արդարը ողորմում եւ փոխ է տալիս. բարի ցանկութիւնը կեանքի ծառ է: 
13․ Ով ինչ արհամարհի, դրանից էլ պիտի արհամարհուի. ով երկիւղ է կրում պատուիրանից, առողջ պիտի լինի: Նենգամիտ որդին բարիք չի գտնի, բայց խելացի ծառայի գործերը պիտի յաջողուեն, եւ ուղիղ պիտի լինեն նրա ճանապարհները: 
14․ Իմաստունի համար օրէնքը կեանքի աղբիւր է, բայց անմիտը պիտի մեռնի որոգայթի մէջ ընկնելով: 
15․ Բարւոք խոհեմութիւնը շնորհ է պարգեւում, եւ օրէնքի իմացութիւնը մտքի բարիք է. կորստաբեր է օրէնքն արհամարհողների ճանապարհը:
16․ Խորագէտ անձն իմաստութեամբ է գործում, բայց անմիտն ինքնակամ չարիքներ է տարածում: 
17․ Յանդուգն թագաւորը չարիքի մէջ պիտի ընկնի, բայց հաւատարիմ պատգամաւորը կը փրկի նրան: 
18․ Խրատը հեռու է վանում աղքատութիւնն ու անարգանքը, իսկ յանդիմանութեան անսացողը պիտի փառաւորուի: 
19․ Բարեպաշտների ցանկութիւնները քաղցրացնում են հոգին. ամբարիշտների գործերը հեռու են իմաստութիւնից: 
20․ Իմաստուններին ընկերացողը իմաստուն կը լինի, բայց անզգամներին ընկերացողը թաքուն պիտի չմնայ:
21․ Չարիքները հալածում են մեղաւորներին, բայց բարիքները պիտի հասնեն արդարներին:
22․ Առատաձեռն մարդը ճոխ ժառանգութիւն պիտի թողնի որդիների որդիներին, բայց ամբարիշտների
հարստութիւնը արդարները պիտի ստանան:
23․ Արդարները երկար տարիներ պիտի վայելեն իրենց հարստութիւնը,
24․ Ով չի գործադրում խրատի գաւազանը, նա ատում է որդուն. իսկ ով սիրում է իր որդուն,
նրան խրատում է հոգածութեամբ:
25․ Արդարն իր անձը յագեցնում է ուտելու ժամանակ, բայց ամբարշտի որկորը միշտ անկուշտ է լինում: