1․ Իմաստուն կանայք շինում են իրենց տները, իսկ անզգամ կանայք կործանում են դրանք իրենց ձեռքով:
2․ Ուղիղ ընթացողը երկիւղ է կրում Տիրոջից, բայց ով ծռմռում է իր ճանապարհը՝ պիտի անարգուի:
3․ Յիմարների բերանները թշնամանքի գաւազաններ են, բայց իմաստունների լեզուները պահպանում են դրանցից:
4․ Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդիւնք կայ, այնտեղ երեւում է եզան զօրութիւնը:
5․ Հաւատարիմ վկան չի ստում, բայց անիրաւ վկան ստերի կրակ է թափում:
6․ Չարերի մօտ եթէ իմաստութիւն փնտռես, չես գտնի, բայց հեշտութեամբ իմաստութիւն կը գտնես իմաստունների մօտ:
7․ Անզգամը հակառակ է ամէն ինչի, բայց իմաստուն շրթները հանճարի զէնքն են:
8․ Խելացի մարդու իմաստութիւնը երեւում է նրա ճանապարհից, իսկ անզգամների անմտութիւնը՝ իրենց մոլորութիւնից:
9․ Անօրէնների տները պիտի դատապարտուեն արդարութեան կողմից, բայց արդարների տները հաճելի են դրան:
10․ Զգայուն մարդու սիրտը տրտմութիւն է իր համար, բայց ուրախութեան ժամանակ նա թշնամանքի չի խառնւում:
11․ Ամբարիշտների տները պիտի կործանուեն, բայց արդարների բնակարանները պիտի հաստատ լինեն:
12․ Ճանապարհներ կան, որ մարդկանց թւում են ուղիղ, բայց դրանց վերջաւորութիւնը դժոխքի յատակն է գնում:
13․ Տրտմութիւնը չի խառնւում ուրախութեան հետ, բայց ուրախութիւնը յետոյ վերածւում է սգի:
14․ Խստասիրտը պիտի յագենայ իր ճանապարհներից, իսկ բարերար մարդը ուղղուելու է իր խոհերի շնորհիւ:
15․ Անմեղը հաւատում է ամէն բանի, բայց խորագէտը պիտի զղջայ:
16․ Իմաստունը զարհուրելով՝ իր ճամփան շեղում է չարից, իսկ անզգամը ինքնավստահ ընկերանում է անօրէնի հետ:
17․ Զայրացկոտ մարդը գործում է առանց մտածելու, իսկ իմաստուն մարդը խիստ համբերատար է:
18․ Ամբարիշտները պիտի բաժանեն չարիքները, բայց խորագէտները պիտի զօրանան իրենց իմաստութեամբ:
19․ Չարերը ծնկի պիտի գան բարիների առջեւ, եւ ամբարիշտները պիտի պաղատեն արդարների դռների մօտ:
20․ Աղքատներին ատում են նոյնիսկ իր բարեկամները, մինչդեռ հարուստներին շատերն են դառնում բարեկամ:
21․ Ով անարգում է տնանկին, մեղք է գործում, բայց ով ողորմում է աղքատին, արժանի է երանութեան:
22․ Մոլորեալները չարիքներ են նիւթում, բարիք խորհողները՝ ողորմութիւն եւ ճշմարտութիւն արարում:
Չարիքներ նիւթողները չեն ճանաչում ողորմութիւնն ու հաւատը, բայց բարիք արարողները
կը ժառանգեն ողորմութիւնն ու հաւատը:
23․ Իմաստութիւն է, որ մարդ աշխատում եւ մի բան է աւելացնում, բայց անհոգ
դատարկապորտը միշտ կարիքի մէջ պիտի լինի:
24․ Իմաստունների պսակը իրենց խորագիտութիւնն է, իսկ անմիտների ուղին՝ իրենց չարութիւնը:
25․ Հաւատարիմ վկան մարդ է փրկում, բայց նենգամիտը բորբոքում է ստերի կրակը:
26․ Տիրոջից երկիւղ կրելու մէջ վստահ յոյս կայ, որովհետեւ Աստուած իր որդիների համար խաղաղ ապաւէն է:
27․ Տիրոջ հրամանը կեանքի աղբիւր է, որը խուսափել է տալիս մահուան որոգայթներից:
28․ Թագաւորի փառքն իր զօրքերի բազմութեան մէջ է, հզօրների կործանումը՝ իրենց ժողովրդի նուազելու մէջ:
29․ Համբերատար մարդն օժտուած է մեծ խոհեմութեամբ, բայց [դյուրագրգիռը] շատ է [անմիտ]:
30․ Հեզաբարոյ մարդը սրտի բժիշկ է, հոգս անող սիրտը՝ ոսկորների փտութիւն:
31․ Տնանկին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, բայց ով պատւում է Աստծուն, նա ողորմում է աղքատին:
32․ Ամբարիշտը պիտի մերժուի իր չարիքի պատճառով, բայց իր անձի համար մաքրութիւն ցանկացողը արդար կը լինի:
33․ Իմաստութիւնը հանգիստ է գտնում բարի սրտում, բայց անմիտների սիրտը չի ճանաչում այն:
34․ Արդարութիւնը բարձրացնում է ազգը, բայց մեղքը ազգեր է նուազեցնում:
35․ Խելացի սպասաւորը հաճելի է թագաւորին. իր փութաջանութեամբ նա թօթափում է անարգանքը: Բարկութիւնը կործանում է նոյնիսկ իմաստուններին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: