1. Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։
2. Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։
3. Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։
4. Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։
5. Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։
6. Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։
7. Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։
8. Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։
9. Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։
10. Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։
11. Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։
12. Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։
13. Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։
14. Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։
15. Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։
16. Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։
17. Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։
18. Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։
19. Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։
20. Ով որ խոսքին ուշադիր է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։
21. Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։
22. Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։
23. Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։
24. Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։
25. Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։
26. Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։
27. Անպիտան մարդը չարություն է նյութում, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։
28. Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։
29. Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ ճանապարհով։
30. Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։
31. Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։
32. Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։
33. Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: