1․ Բարի անունը լաւ է մեծ հարստութիւնից, ընտիր շնորհքը՝ արծաթից ու ոսկուց:
2․ Հարուստն ու աղքատը հանդիպում են իրար. երկուսին էլ այցելում է Տէրը:
3․ Չարագործին պատժուած տեսնելով՝ խորագէտն աւելի հաստատութեամբ է խրատում իրեն, բայց անմիտները զանց առնելով այն՝ աւելի են վնասւում:
4․ Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը:
5․ Թիւրամիտ մարդկանց ճանապարհներին տատասկ կայ եւ որոգայթ, բայց ով զգուշանում է իր հոգու
համար, հեռանում է նրանցից:
6․ Երիտասարդը դաստիարակւում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ ծերութեան ժամանակ էլ չի հեռանում դրանից:
7․ Աղքատները պիտի տիրեն հարուստներին, եւ ծառաները պիտի փոխ տան իրենց տէրերին:
8․ Ով անզգամութիւն է ցանում, չարիքներ է հնձելու եւ պատուհաս է կրելու իր գործերին համապատասխան:
9․ Աստուած սիրում է ուրախ եւ առատաձեռն մարդուն. աղքատին ողորմութիւն անողն ինքն էլ պիտի կերակրուի, որովհետեւ տնանկին իր հացից է բաժին հանել: Կաշառք տուողը յաղթութիւն եւ պատիւ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին:
10․ Ժանտ մարդուն դո՛ւրս վռնդիր ատեանից, եւ հակառակութիւնը կը վերանայ նրա հետ, որովհետեւ երբ նա նստած է լինում ատեանում, անարգում է բոլորին:
11․ Տէրը սիրում է մաքուր սիրտը, եւ բոլոր անարատ մարդիկ ընդունելի են նրան:
12․ Թագաւորը հովւում է շուրթերով, Տիրոջ աչքերը պահպանում են գիտութիւնը, բայց Տէրն
արհամարհում է անօրէն խօսքերը:
13․ Ծոյլը պատճառ է բռնում եւ ասում. «Ճամփին առիւծ կայ, փողոցների մատոյցներում՝ մարդասպաններ»:
14․ Անօրէնի բերանը խոր հոր է, եւ Տիրոջն ատելի անձը նրա մէջ պիտի ընկնի: Վատ ճանապարհներ կան մարդու առջեւ, եւ նա չի ուզում յետ դառնալ դրանցից, բայց հարկաւոր է յետ դառնալ ծուռ ու վատ ճանապարհից:
15․ Անմտութիւնը բորբոքուած է երիտասարդի սրտում. ուրեմն՝ գաւազանը եւ խրատը հեռու են նրանից:
16․ Աղքատին զրպարտողը բազմացնում է իր չարիքները. եւ նա, ով զրկում է նրան եւ տալիս է հարստին,
կարօտութեան մէջ պիտի մնայ:
ԵՐԵՍՈՒՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԽՕՍՔԵՐ
17․ Ականջդ մօ՛տ պահիր իմաստունների խօսքերին. լսի՛ր իմ խօսքերը, հաստատի՛ր սրտիդ մէջ եւ
կ՚իմանաս, որ դրանք բարի են:
18․ Եւ եթէ դրանք պահես սրտիդ մէջ, կ՚ուրախացնեն քեզ եւ միշտ կը մնան շուրթերիդ վրայ:
19․ Որպէսզի քո յոյսը Տիրոջ վրայ լինի, ես քեզ ցոյց կը տամ նրա ճանապարհները:
20․ Եւ դու այդ խօսքերը երի՛ցս գրիր հոգուդ մէջ, քո մտքի, գիտութեան եւ բանականութեան մէջ:
21․ Ահաւասիկ ես քեզ սովորեցնում եմ ճշմարիտ խօսքեր եւ գիտութիւն, որպէսզի քեզ հարցնողներին յօժարութեամբ ճշմարտութեան խօսքերով պատասխաններ տաս:
-1-
- 22․ Մի՛ բռնացիր աղքատի վրայ, որովհետեւ նա խեղճ է,
եւ մի՛ անարգիր տնանկին դատարանի մէջ,
23․ որովհետեւ Տէրն է նրա դատն ու դատաստանն անելու,
եւ Տէրն է, որ անկորուստ պիտի փրկի քո հոգին:
-2-
- 24․ Ընկեր մի՛ լինիր բարկացկոտ մարդուն
եւ մի՛ առնչուիր դիւրաբորբոք բարեկամի հետ,
25․ որ չլինի թէ սովորես նրա ճանապարհները
եւ ծուղակն ընկնելով՝ խեղդամահ լինես:
-3-
-
26․ Որեւէ մէկից ակնածելով՝
պարտքի համար անձդ երաշխաւոր մի՛ դարձրու,
27․ որովհետեւ եթէ չունես, որտեղի՞ց պիտի վճարես,
եւ ինչո՞ւ առնեն տանեն քո անկողինը,
որի վրայ հանգստանում են կողերդ:
-4-
- 28․ Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած
յաւիտենական սահմանները:
-5-
- 29․ Իր գործի մէջ փութկոտ եւ խելամիտ մարդուն
պէտք է կանգնեցնել թագաւորների
եւ ոչ թէ ծոյլ ու անպէտք մարդկանց առջեւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: