ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ
1․ Ամբարիշտը փախչում է առանց որեւէ մէկից հալածուած լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում, ինչպէս առիւծ:
2․ Ամբարիշտների յանցանքների մասին վէճերը յուզում են դատական ատեանները, բայց խորագէտ
մարդը հանգցնում է դրանք:
3․ Հզօրը, որ ամբարտաւանութեամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրեւի, որից օգուտ չկայ.
4․ նոյնպէս էլ նրանք, որ մերժում են օրէնքը, գովում են ամբարշտութիւնը. բայց նրանք, ովքեր սիրում են օրէնքը, իրենց շրջապատում են պարսպով:
5․ Չար մարդիկ չեն հասկանում իրաւունքը, բայց Տիրոջը փնտռողները խելամուտ են ամէն բանի:
6․ Ճշմարտութեան հետ գնացող աղքատն աւելի լաւ է ստի հետ ընթացող հարստից:
7․ Իմաստուն որդին պահում է օրէնքը, բայց որկրամոլներին ընկերացողը անարգում է իր հօրը:
8․ Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին:
9․ Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրէնքը, նա ինքն է պղծում իր ուխտը:
10․ Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականութեան մէջ: Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրէնները պիտի անցնեն բարիքների մօտով եւ չեն մտնելու դրանց մէջ:
11․ Հարուստն իր աչքին իմաստուն է թւում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան:
12․ Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերւում, բայց ամբարիշտների շրջանում կոտորւում են մարդիկ:
13․ Իր ամբարշտութիւնը ծածկողը յաջողութիւն չի ունենայ, բայց բացայայտողը եւ իրեն պախարակողը կը դառնայ սիրելի:
14․ Երանի այն մարդուն, որ Աստծու հանդէպ երկիւղածութեան պատճառով արհամարհում է ամէն բան, բայց խստասիրտը չարիքների մէջ կ՚ընկնի:
15․ Նա, ով աղքատ է, քաղցած առիւծի եւ ծարաւած գայլի պէս դաժան կը լինի թշուառ ժողովրդի նկատմամբ:
16․ Խոհեմութիւնից զուրկ թագաւորը մեծ անիրաւութիւն անող է, բայց անիրաւութիւնն ատողը երկար կեանք կ՚ունենայ:
17․ Մահապարտի համար երաշխաւոր եղած մարդը փախստական է դառնում եւ չի հաստատւում ոչ մի տեղ: Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կը տայ քեզ, զարդ կը լինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի:
18․ Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում,
նրա ոտքը պիտի կապուի:
19․ Ով մշակում է իր հողը, կը կշտանայ հացով, իսկ ով հետեւում է դատարկ բաների, տնանկ կը մնայ:
20․ Հաւատարիմ մարդը շատ օրհնութիւն պիտի գտնի, բայց չարագործը չի փրկուելու պատուհասից: Գովասանքի արժանի չէ այն անձը, ով չի պատկառում արդարներից:
21․ Բարի չէ նա, ով երեսպաշտօրէն խուսափում է անօրէններին յանդիմանելուց. նա պատրաստ է մարդ
վաճառել մի կտոր հացով:
22․ Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի յաղթի իրեն:
23․ Մարդուն՝ նրա ճանապարհի համար յանդիմանողը աւելի շնորհ պիտի գտնի, քան նրան լեզուով շողոքորթողը:
24․ Ով մերժում է իր հօրը կամ մօրը եւ դա մեղք չի համարում, նա համախոհ է ամբարիշտ մարդկանց:
25․ Ագահ մարդը հակառակութիւն է գրգռում, բայց յոյսը Տիրոջ վրայ դնողը հոգածութիւն կը գտնի:
26․ Ով յոյսը դնում է իր սրտի յանդգնութեան վրայ, նա անզգամ է, բայց իմաստութեամբ վարուողը կը փրկուի:
27․ Աղքատներին բաժին տուողը չի աղքատանայ, բայց ով իր աչքը թեքում է նրանցից, նա շատ բանի կարօտ կը մնայ:
28․ Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստեամբ բազմանում են արդարները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: