Գիրք` 25. Առակներ

Գլուխ 18

   
1․ Ով ցանկանում է բարեկամներից հրաժարուել, պատճառներ է փնտռում. այդպիսին ամէն
ժամանակ նախատինք պիտի կրի: 
2․ Իմաստութիւնը պակասամիտի համար ոչ մի բանի պէտք չէ, քանի որ նա կը վարուի առաւել անզգամութեամբ:
3․ Ամբարիշտն արհամարհում է չարիքները, երբ հասնում է դրանց խորքերը, բայց իր վրայ էլ
անարգանք ու նախատինք են հասնում:
4․ Խորհուրդը խոր ջուր է մարդու սրտում, բխող գետ է եւ կեանքի աղբիւր: 
5․ Վայել չէ աչառու լինել ամբարշտի նկատմամբ, եւ ոչ էլ դատաստանի ժամանակ արհամարհել արդարի իրաւունքը:
6․ Անզգամի շուրթերը նրան հասցնում են չարիքների, եւ նրա յանդուգն բերանը մահ է հրաւիրում իր վրայ:
7․ Անզգամի բերանը կործանում է նրա համար, եւ նրա շուրթերը որոգայթ են իր հոգու համար: 
8․ Վատին կործանում է վախը, իսկ կնաբարոյ անձինք պիտի քաղցի մատնուեն:
9․ Ով իր հոգին չի բուժում իր գործով, նա իրեն ապականողի եղբայրն է: 
10․ Տիրոջ անունը յայտնի է նրա զօրութեան մեծութիւնից, եւ դէպի նա ընթացող արդարները բարձրանում են:
11․ Մեծատուն մարդու հարստութիւնն ամուր քաղաք է նրա համար, եւ նրա փառքը մեծ հովանի ունի:
12․ Տղամարդու սիրտը գոռոզանում է կործանումից առաջ եւ խոնարհւում է փառքի հասնելուց առաջ: 
13․ Ով առանց բան լսելու պատասխան է տալիս, դա անզգամութիւն է նրա համար եւ նախատինք: 
14․ Իմաստուն ծառան մեղմացնում է մարդու ցասումը, բայց ո՞վ կարող է դիմանալ մարդուս նեղսրտութեանը: 
15․ Խելացի սիրտը ձեռք է բերում ճանաչում, իմաստունների ականջները փնտռում են ուսանելի խորհուրդներ: 
16․ Ընծաներն ընդլայնում են մարդուս շրջապատը եւ նրան նստեցնում իշխանների հետ: 
17․ Արդարն ինքն իր մասին չարախօսում է իր խօսքի սկզբին, երբ սկսում է յանդիմանուել ոսոխի կողմից:
18․ Լուռումունջ մնալը մեղմացնում է հակառակութիւնները եւ զօրեղների միջեւ վճռում է հարցը:
19․ Եղբօրից օգնութիւն ստացած եղբայրը նման է ամուր քաղաքի. նա հզօր ու բարձր է
ինչպէս հաստատուն թագաւորութիւնը: 
20․ Մարդ իր բերանի պտղով պիտի կշտացնի իր փորը եւ իր շուրթերի պտղով պիտի յագենայ: 
21․ Մահն ու կեանքը լեզուի ձեռքին են, եւ ով յաղթահարում է այն, պիտի վայելի նրա պտուղը:
22․ Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել եւ ուրախութիւն է ստացել Աստծուց: Ով հեռացնում է բարեբարոյ կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարոյ կին ունի, նա անմիտ է եւ ամբարիշտ: 
23․ Աղքատն աղաչում է ողոքիչ խօսքով, բայց հարուստը յանդուգն պատասխան է տալիս:
24․ Տղամարդը լկտիութեան պատճառով է բոզանոց գնում: Մօտիկ բարեկամը լաւ է հեռաւոր եղբօրից: