ԽՐԱՏ ՈՐԴԻՆԵՐԻՆ
2. Լսեցէ՛ք ինձ՝ ձեր հօրը, որդինե՛ր, եւ արէ՛ք այդպէս, որպէսզի փրկուէք.
3. քանզի Տէրը փառաւորում է հօրն իր զաւակների նկատմամբ եւ հաստատում մօր իրաւունքները որդիների վրայ:
4. Ով պատւում է հօրը, քաւում է իր մեղքերը, եւ ով յարգում է իր մօրը, նման է գանձ դիզողի:
5. Ով պատւում է հօրը, ինքն էլ կ՚ուրախանայ իր որդիներով, եւ նրա աղօթքը լսելի կը լինի:
6. Ով փառաւորում է հօրը, երկարակեաց կը լինի:
8. Ով լսում է Տիրոջը, կը հանգստացնի իր մօրը եւ իր ծնողներին կը ծառայի այնպէս, ինչպէս տէրերին:
9. Գործով եւ խօսքով պատուի՛ր քո հօրը, որպէսզի նրա կողմից օրհնութիւն գայ քեզ վրայ:
11.Հօր օրհնութիւնը ամրացնում է որդիների տները, իսկ մօր անէծքը խարխլում է հիմքերը:
12. Մի՛ փնտռիր փառք քո հօր անարգանքի մէջ, որովհետեւ քո հօր անարգանքը փառք չէ քեզ համար:
13. Արդարեւ, մարդու փառքը իր հօր պատուից է գալիս, որդիների նախատինքը՝ մօր անպատուութիւնից:
14. Որդեա՛կ, զօրավի՛գ եղիր քո հօրը ծերութեան ժամանակ եւ նրան մի՛ տրտմեցրու իր կեանքի ընթացքում:
15. Եւ եթէ պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով:
16. Ով հոգատար է հօր հանդէպ, Աստուած չի մոռանայ նրան:
17. Դրա փոխարէն չարը կը ներուի քեզ, քո նեղութեան օրը Տէրը կը յիշի քեզ եւ, ինչպէս սառոյցն է հալւում ջերմութիւնից, այնպէս էլ կը հալուեն քո մեղքերը:
18. Ով լքում է հօրը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մօրը, անիծուած է Տիրոջից:
ՀԱՄԵՍՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՒԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ
19. Որդեա՛կ, քո գործը հեզութեա՛մբ կատարիր եւ կը սիրուես ընտիր մարդկանցից:
20. Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրո՛ւ քո անձը, եւ շնորհ կը գտնես Տիրոջ առջեւ, քանզի մեծ է Տիրոջ զօրութիւնը, եւ նա փառաւորում է իր կամքը կատարող խոնարհներին:
22. Քո ուժերից վեր բաներ մի՛ ձեռնարկիր, եւ այն, ինչ հզօր է քեզանից, մի՛ քննիր: Մտքիդ մէջ պահի՛ր այն, ինչ հրամայուեց քեզ,
23. քանզի քեզ պէտք չեն գաղտնի բաներ:
24. Աւելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետեւ աւելի իմաստութիւն է տրուած քեզ, քան շատ մարդկանց:
26. Արդարեւ, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, եւ դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը:
27. Ով որ սիրում է տագնապը, նրա մէջ էլ պիտի կորչի:
28. Յամառ սիրտը ի վերջոյ չարաչար պիտի կործանուի,
29. քանզի դաժան սիրտը ցաւերով կը ծանրանայ, եւ մեղաւորը մեղքերի վրայ մեղքեր կ՚աւելացնի:
30. Ամբարտաւանի հարուածներից բժշկութիւն չկայ, որովհետեւ չարութեան բոյսը արմատաւորուեց իր մէջ:
31. Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը. իմաստունի ցանկութիւնն է, որ լինի լսող ականջ:
33. Ջուրը հանգցնում է բորբոքուած կրակը, եւ ողորմածութիւնը քաւում է մեղքերը:
34. Ով բարիք է հատուցում, պիտի յիշուի յետագայում, իսկ սայթաքելիս նեցուկ պիտի գտնի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: