Գիրք` 26. Ժողովող

Գլուխ 7

    ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

  1. Ի՞նչ է մարդու առաւելութիւնը, եւ ո՞վ գիտէ, թէ ինչն է լաւ նրա ունայն կեանքի սակաւաթիւ օրերին, որ անցնում են ստուերի նման, որովհետեւ ո՞վ պիտի պատմի մարդուն, թէ ինչ է լինելու նրանից յետոյ արեգակի ներքոյ:
  2. Բարի անունը լաւ է հոտաւէտ իւղից, եւ մահուան օրը՝ ծննդեան օրից:
  3. Խնջոյքի տուն գնալուց լաւ է սգոյ տուն գնալը, որովհետեւ դա է ամէն մարդու վախճանը, եւ դա կենդանի մարդու սրտին բարութիւն է տալիս:
  4. Տխրութիւնը լաւ է ծիծաղից, որովհետեւ դէմքի վշտալի տեսքից զուարթանում է սիրտը:
  5. Իմաստունի սիրտը սգոյ տանն է, իսկ յիմարի սիրտը՝ ուրախութեան տանը:
  6. Աւելի լաւ է մարդ լսի իմաստունի յանդիմանութիւնը, քան թէ յիմարի երգը:
  7. Արդարեւ, յիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մէջ ճարճատող փշերի ձայնին: Բայց սա եւս ունայնութիւն է:
  8. Զրպարտութիւնը խռովում է իմաստունին եւ կործանում նրա ազնիւ սիրտը:
  9. Գործի վախճանը լաւ է նրա սկզբից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց:
  10. Մի՛ շտապիր հոգուդ մէջ բարկանալ, որովհետեւ բարկութիւնը հանգչում է յիմարների ծոցում:
  11. Մի՛ ասա, թէ ի՛նչ կատարուեց, թէ ինչո՛ւ առաջուայ օրերն այս օրերից լաւ էին, որովհետեւ իմաստութեամբ չէ, որ հարցնում ես այդ մասին:
  12. Իմաստութիւնը ժառանգութեան պէս լաւ բան է եւ առաւելութիւն արեգակը տեսնողների համար:
  13. Արեգակի հովանու ներքոյ իմաստութիւնը նման է արծաթի հովանու ներքոյ լինելուն, բայց գիտութեան օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստութիւն ստացողին:
  14. Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է Աստուած:
  15. Քո լաւ օրը բարիքների մէ՛ջ ապրիր, բայց յիշի՛ր, որ վատ օր էլ կայ: Եւ տե՛ս, որ Աստուած դրանք միահիւսեց իրար, որպէսզի մարդ այնուհետեւ խօսելու բան չունենայ:
  16. Ես իմ ունայնութեան օրերին տեսայ ամէն ինչ. արդար կայ, որ իր արդարութեան մէջ կորչում է, ամբարիշտ էլ կայ, որ ապրում է իր չարութեամբ:
  17. Չափազանց արդար մի՛ լինիր եւ ոչ էլ շատ ճարտար, որ չլինի թէ սխալուես:
  18. Շատ ամբարիշտ մի՛ լինիր եւ մի՛ լինիր խստաբարոյ, որ չլինի, թէ տարաժամ մեռնես:
  19. Լաւ է, որ մէկը բռնես եւ միւսից էլ ձեռքդ չքաշես, որովհետեւ ով երկնչում է Աստծուց, նա կ՚ազատուի ամէն բանից:
  20. Իմաստութիւնն աւելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնուող տասը իշխան:
  21. Երկրի վրայ չկայ արդար մի մարդ, որ բարի գործ անի եւ չմեղանչի:
  22. Բայց դու ամբարիշտների ասած ամէն խօսք սրտիդ շատ մօտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անէծքը չլսես, երբ նա քեզ անիծի:
  23. Ծառան շատ անգամ քեզ կարող է վատութիւն անել եւ շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես:
  24. Այս ամէնը փորձեցի իմաստութեամբ եւ ասացի. «Ահա իմաստուն դարձայ». բայց իմաստութիւնը հեռու էր ինձնից:
  25. Եւ ո՞վ կարող է իմանալ նրա խորութեան չափը:
  26. Ես սրտով շրջեցի ամէն տեղ, որ իմանամ, քննեմ եւ որոնեմ իմաստութիւնն ու հանճարը, հասկանամ ամբարիշտների ուրախութիւնը, նրանց խռովքներն ու յուզմունքները:
  27. Եւ ես գտայ ու պիտի ասեմ, որ մահից աւելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կայ, իսկ ձեռքերի մէջ՝ կապանքներ: Ով հաճելի է Աստծու առջեւ, նա պիտի ազատուի այդ կնոջից, իսկ ով մեղաւոր է, պիտի նրանից բռնուած լինի:
  28. Ահա այս բոլորը գտայ, - ասում է Ժողովողը, - մէկ առ մէկ հաշուելով՝ գտնելու համար խորհուրդները. հոգիս փնտռեց, բայց չգտայ. հազարի մէջ մի տղամարդ գտայ, բայց կին ամենեւին չգտայ:
  29. Բայց ահա գտայ այն, որ Աստուած մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտռեցին: Ո՞վ է ճանաչում իմաստուններին, եւ ո՞վ կարող է այս հարցերի մեկնութիւնը տալ: