Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 9

ԽՈՀԵՄՈՒԹԵԱՆ ԽՐԱՏՆԵՐ
   
1. Մի՛ խանդիր սրտակից կնոջդ եւ չար խորհուրդներ մի՛ յարուցիր քո նկատմամբ:
2. Քո սիրտը կնոջ մի՛ տուր, որպէսզի նա չիշխի քեզ վրայ:
3. Մի՛ ընդառաջիր բոզ կնոջը, որպէսզի յանկարծ նրա որոգայթների մէջ չընկնես:
4. Մի՛ յաճախիր երգող ու կաքաւող կնոջ մօտ, որպէսզի յանկարծ կուլ չգնաս նրա լրբութեանը:
5. Երկար մի՛ նայիր կոյսին, որպէսզի չգայթակղուես նրա հմայքով:
6. Քո անձը մի՛ տուր պոռնիկներին, որպէսզի չկորցնես քո ունեցուածքը:
7. Դէս ու դէն մի՛ գցիր աչքերդ քաղաքի փողոցներում եւ մի՛ թափառիր նրա աւերակների մէջ:
8. Աչքդ հեռացրո՛ւ գեղեցիկ կնոջից եւ երկար մի՛ նայիր օտարի գեղեցկութեանը:
9. Շատերը մոլորուեցին կնոջ գեղեցկութիւնից. դրանից կրակի նման սէր է բորբոքւում:
12. Ամենեւին մի՛ նստիր ամուսնացած կնոջ մօտ եւ նրա հետ գինի մի՛ խմիր. գուցէ քո անձը շեղուի դէպի նա, եւ քո հոգով կորստեան մատնուես:
14. Մի՛ լքիր հին բարեկամին, քանզի նորը հաւասար չէ նրան:
15. Նոր գինի՝ նոր բարեկամ. երբ հնանայ, ուրախութեա՛մբ վայելիր:
16. Մեղաւորի փառքին մի՛ նախանձիր, որովհետեւ չգիտես, թէ ինչպիսին կը լինի նրա կործանումը:
17. Հաւանութիւն մի՛ տուր ամբարիշտների հաւանած բանին. յիշի՛ր, որ մինչեւ դժոխք չես արդարանայ:
18. Հեռո՛ւ մնա այն մարդուց, որ սպանելու իշխանութիւն ունի, եւ դու չես տագնապի մահուան երկիւղից:
19. Եթէ մօտ էլ լինես, զգո՛յշ եղիր սխալ գործելուց, որպէսզի նա չխլի կեանքդ.
20. համարի՛ր, թէ որոգայթների միջով ես անցնում եւ քաղաքի պարիսպների վրայով ես քայլում:
21. Ըստ քո կարողութեան ճանաչի՛ր մերձաւորիդ եւ իմաստունների հետ խորհրդակցի՛ր:
22. Արդարները թող քո սեղանակիցները լինեն, եւ Տիրոջ երկիւղը՝ քո պարծանքը:
23. Զրուցի՛ր իմաստունների հետ, եւ քո բոլոր զրոյցները թող լինեն Բարձրեալի Օրէնքի մասին:
24. Ճարտար վարպետները գովաբանւում են իրենց ձեռքի գործով, իսկ ժողովրդի առաջնորդը՝ իր իմաստուն խօսքով:
25. Լեզուանի մարդը ահաւոր է իր քաղաքում, եւ ատելի է նա, ով յանդուգն է իր խօսքով: