Գիրք` 29. Սիրաք

Գլուխ 26

ԵՐՋԱՆԻԿ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
   
1. Երանելի է բարի կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիւը:
2. Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղութեամբ:
3. Բարի կինը մի բարի բաժին է, որ Տէրը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թէ աղքատ՝
4. նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դէմքը միշտ ուրախ է:
   
ԶԳՈՒՇԱՆԱԼ ՉԱՐ ԿԱՆԱՆՑԻՑ
   
5. Երեք բանի վրայ կասկածեց իմ սիրտը, բայց կայ մի չորրորդը, որի համար աղօթում եմ վախից:
6. Դրանք են՝ քաղաքի բանսարկութիւնը, ամբոխի վրդովմունքը
7. եւ սուտ չարախօսութիւնը, որոնք մահից աւելի դաժան են:
8. Բայց սրտի ցաւ եւ սուգ է այն կինը, որ չարանախանձ է մէկ այլ կնոջ,
9. լեզուանի գազան է, որ խոցում է բոլորին:
10. Չար կինը եզան երերացող լուծ է. ով բռնի այն՝ իժ 569 է բռնում:
11. Մեծ խայտառակութիւն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամօթը:
12. Կնոջ պոռնկութիւնը իմացւում է նրա շարժուձեւերից, նրա աչքերի հայեացքից եւ նրա արտեւանունքներից:
13. Անամօթ դստեր վրայ հսկողութի՛ւն հաստատիր, որպէսզի համարձակութիւն ստանալով՝ նա ինքնագլուխ չլինի:
14. Լիրբ կնոջ աչքից զգո՛յշ եղիր եւ մի՛ զարմացիր, եթէ քո դէմ էլ յանցանք գործի:
15. Ինչպէս ծարաւած ճանապարհորդը, նա բերանը բացում եւ խմում է ամէն տեսակ մօտիկ ջրերից, նստում է ամէն տեսակ վրանի առջեւ եւ կապարճի պէս բացւում առաջին իսկ նետի դէմ:
   
ԳՈՎՔ ԿԱՏԱՐԵԱԼ ԿՆՈՋ
   
16. Կնոջ շնորհը հրճուանք է նրա ամուսնուն, եւ նրա ողջախոհութիւնը զօրացնում է նրա ոսկորները:
17. Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին:
18. Շնորհների վրայ շնորհ է ամօթխած կինը,
19. եւ համարժէք կշիռ չկայ նրա զուսպ հոգու համար:
20. Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է
21. բարի կնոջ գեղեցկութիւնն իր տան յարդարանքի մէջ:
22․ Ինչպէս լուսատու ճրագն է մաքուր աշտանակի վրայ, այնպէս էլ երեսի գեղեցկութիւնն է հանդարտ հասակի վրայ 570:
23․ Ինչպէս ոսկեղէն սիւներն են արծաթեղէն խարիսխների վրայ, այնպէս էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրայ:
25․ Սիրտս տխուր է երկու բանի համար, եւ կայ մի երրորդ բան, որից իմ մէջ ցասում առաջացաւ:
26․ Դրանք են՝ պատերազմող մարդը, որն աղքատութեան պատճառով է թշուառ, եւ իմաստուն մարդիկ, որոնք արհամարհուած են:
27․ Բայց ով արդարութիւնից դառնում է դէպի մեղքը, Տէրը նրա համար սուր է պատրաստում:
28․ Դժուար թէ վաճառականը խուսափի յանցանքներից, եւ պանդոկապանը արդարանայ մեղքերից: