Գիրք` 30. Յոբ

Գլուխ 39

   

1․ Գիտես քարայծների ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետե՞ւլ ես եղնիկների երկունքին:
2․ Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց:
3․ Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից:
4․ Ազատութիւն կ՚ունենան նրանց ձագերը, ծնելով՝ կը բազմանան, դուրս կը գան ու այլեւս չեն վերադառնայ:
5․ Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա:
6․ Նրան իբրեւ կայան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները:
7․ Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքներն հարկահանների:
8․ Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտռելու:
9․ Միեղջերուն յօժար կը լինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ:
10․ Չուանով նրան լուծ կը կապե՞ս, կամ նա ակօս կը քաշի՞ քո դաշտում:
11․ Յոյսդ կը դնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կը թողնե՞ս գործերդ քո բոլոր:
12․ Կը հաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում:
13․ Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսան 628 էլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել,
14․ որովհետեւ նէեսան իր ձուերը գետին է դնում, հողով տաքացնում է
15․ ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կը գան, եւ անապատի գազանները կը կոխոտեն դրանք:
16․ Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա,
17․ որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան:
18․ Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ, կը ծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ:
19․ Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ,
20․ պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրել ու խիզախութիւն տուել նրան:
21․ Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ:
22․ Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա:
23․ Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում՝ վահանն ու նիզակը:
24․ Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում: Չի հաւատում մինչեւ փողը չհնչի:
25․ Իսկ երբ հնչում է փողը, «վա՜շ-վա՜շ» է կանչում: Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով:
26․ Քո խելքի՞ց է որ բազէն թեւերը տարածելով կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը,
27․ «կամ քո՞ հրամանով է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բոյնի վրայ,
28․ մնում է այնտեղ ու կեր է փնտռում:
29․ Նրա աչքերը դիտում են հեռուից,
30․ իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած: Ուր որ դիակ գտնեն՝ իսկոյն այնտեղ են յայտնւում»:
31․ Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց.
32․ «Միթէ մէկը պիտի կարողանա՞յ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տայ»:
33․ Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց.
34․ «Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ: Տիրոջից եմ լսում այդ բաները ես: Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձուեմ:
35․ Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»: