1․ Աստծու պատգամը, ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթոթում ապրող քահանաներից էր:
2․ Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք, վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում,
3․ նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին:
ԵՐԵՄԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ ԿՈՉՈՒՄԸ
4․ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.
5․ «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»:
6․ Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»:
7․ Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասա, թէ՝ «Մանուկ եմ ես». ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս, ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես:
8․ Չվախենաս նրանցից, - ասում է Տէրը, - քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»:
9․ Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի:
10․ Ահա քեզ այսօր իշխանութիւն տուի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»:
ԸՆԿՈՒԶԵՆՈՒ ԳԱՒԱԶԱՆԸ ԵՒ ԵՌԱՑՈՂ ԿԱԹՍԱՆ
11․ Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»:
12․ Տէրն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետեւում եմ, որպէսզի իմ ասածները կատարուեն»:
14․ Տէրն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրայ չարիքները հիւսիսից են բորբոքուելու:
15․ Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից, - ասում է Տէրը. - գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: