զ) ԹՌՉՈՂ ԳԵՐԱՆԴՈՒ ՏԵՍԻԼՔԸ
1․ Դարձեալ բարձրացրի աչքերս եւ տեսայ. ահա մի թռչող գերանդի:
2․ Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»: Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ եւ տասը կանգուն լայնութեամբ»:
3․ Ասաց ինձ. «Դա այն անէծքն է, որ տարածւում է ամբողջ երկրի երեսին, որովհետեւ ամէն գողի մահացու պատիժը դրանով պիտի իրագործուի, եւ դրանով պիտի լինի բոլոր նրանց մահացու վրէժը, ովքեր սուտ են երդւում»:
4․ «Ես պիտի հանեմ դա, - ասում է Ամանակալ Տէրը, - եւ այն պիտի մտնի գողերի տունը եւ նրանց տունը, որոնք սուտ երդում են անում իմ անունով. պիտի մնայ նրանց տանը եւ պիտի սպառի այն, նրա փայտն ու քարերը»:
է) ԿԱՊԱՐԷ ԿՇԵՌՔԻ ՏԵՍԻԼՔԸ
5․ Եւ Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, վեր կացաւ եւ ասաց ինձ. «Նայի՛ր քո աչքով եւ տե՛ս այն, ինչ դուրս է գալիս»:
6․ Ես ասացի. «Ի՞նչ է»: Ասաց ինձ. «Դա կշռաչափ է, որ ելնում է». եւ շարունակեց. «Դա նրանց անիրաւութիւնն է ամբողջ երկրով մէկ»:
7․ Եւ ահա մի կապարէ կշեռք բարձրացաւ. մի կին նստած էր նրա մի թաթի մէջ:
8․ Հրեշտակն ասաց. «Դա է անիրաւութիւնը»: Եւ նրան գցեց կշեռքի մէջ ու կապարէ քարը դրեց նրա բերանին:
9․ Ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ. ահա երկու կանայք էին ելնում. հողմ կար նրանց թեւերի մէջ, եւ նրանց թեւերը յոպոպի թեւերի պէս էին: Նրանք կշեռքը բարձրացրին երկնքի ու երկրի միջեւ:
10․ Ես ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ո՞ւր են տանում նրանք կշեռքը»:
11․ Նա ասաց ինձ. «Տանում են բաբելացիների երկիրը՝ նրանց համար տուն շինելու, տեղ պատրաստելու. եւ այն դնելու են այնտեղ՝ պատրաստուած իր տեղի վրայ»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: