ԱՆԻՐԱՒ ՏՆՏԵՍԻ ԱՌԱԿԸ
1․ Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը:
2․ Տէրը կանչեց նրան եւ ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասին. տո՛ւր քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող»:
3․ Տնտեսը իր մտքում ասաց. «Ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ:
4․ Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները»:
5․ Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով՝ առաջինին ասում է՝ «Իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես»:
6․ Եւ սա ասում է՝ «Հարիւր տակառիկ ձէթ». եւ տնտեսը նրան ասում է՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու անմիջապէս գրի՛ր՝ յիսուն»:
7․ Ապա դարձեալ միւսին ասում է՝ «Դու ինչքա՞ն պարտք ունես». եւ սա ասաց՝ «Հինգ հարիւր պարկ ցորեն»: Տնտեսը նրան ասաց՝ «Ա՛ռ քո մուրհակը եւ նստի՛ր ու գրի՛ր՝ չորս հարիւր»:
8․ Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ»:
ԴՐԱՄԻ ԽԵԼԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9․ «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ:
10․ Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է. իսկ քչի մէջ անիրաւը, շատի մէջ էլ անիրաւ է:
11․ Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը:
12․ Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ:
13․ Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին էլ կ՚արհամարհի: Չէք կարող ե՛ւ Աստծուն ծառայել, ե՛ւ մամոնային»:
ԸՆԴԴԷՄ ԱՐԾԱԹԱՍԷՐ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԻ
(Մատթ. 11.12-13, 5.31-32, Մարկ. 10.11-12)
14․ Երբ փարիսեցիները լսում էին այս բոլորը, նրան պախարակում էին, քանի որ արծաթասէր էին:
15․ Եւ նրանց ասաց. «Դուք էք, որ մարդկանց առաջ ձեզ արդար էք ձեւացնում, սակայն Աստուած ձեր սրտերը գիտէ. որովհետեւ այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է:
16․ Օրէնքն ու մարգարէները մինչեւ Յովհաննէսն էին. այնուհետեւ աւետարանւում է Աստծու արքայութիւնը, եւ ամէն ոք բռնի է ուզում ձեռք բերել այն:
17․ Աւելի հեշտ է, որ երկինք ու երկիր անցնեն, քան թէ օրէնքից մէկ նշանախեց ընկնի:
18․ Ով որ իր կնոջն արձակում է եւ մի ուրիշին առնում, շնանում է. իսկ ով որ արձակուածին է առնում, շնանում է»:
ԱՂՔԱՏ ՂԱԶԱՐՈՍԻ ԱՌԱԿԸ
19․ «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում եւ ամէն օր առատապէս ուրախութիւն էր անում:
20․ Եւ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վէրքերով ծածկուած:
21․ Եւ ցանկանում էր լցնել իր որովայնը այն փշրանքներով, որոնք թափւում էին մեծահարուստի սեղանից: Եւ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վէրքերը:
22․ Երբ աղքատը մեռաւ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռաւ եւ թաղուեց:
23․ Եւ դժոխքում, մինչ սա տանջանքների մէջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռուից տեսաւ Աբրահամին եւ Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած:
24․ Եւ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ եւ ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով եւ զովացնի լեզուս, որովհետեւ այս տապից պապակում եմ»:
25․ Եւ Աբրահամը նրան ասաց. «Որդեա՛կ, յիշի՛ր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կեանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարւում է, իսկ դու այդտեղ պապակում ես:
26․ Եւ այս բոլորից բացի, մեծ վիհ կայ մեր եւ ձեր միջեւ. եթէ ուզենան այստեղից ձեզ մօտ անցնել, չեն կարողանայ. ոչ էլ այդտեղից մէկը կարող է մեզ մօտ անցնել»:
27․ Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հօր տունը,
28․ որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, - որպէսզի նրանց վկայութիւն տայ, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»:
29․ Եւ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսէս եւ մարգարէներ, թող նրա՛նց լսեն»:
30․ Եւ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ. բայց եթէ մեռելներից մէկը նրանց մօտ գնայ, նրանք կ՚ապաշխարեն»:
31․ Եւ Աբրահամը նրան ասաց. «Եթէ Մովսէսին եւ մարգարէներին չեն լսում, մեռելներից մէկն էլ եթէ յարութիւն առնի, չպիտի համոզուեն»»:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: