Գիրք` 8. Պօղոս Առաքեալի երկրորդ թուղթը կորնթացիներին

Գլուխ 11

ՊՕՂՈՍԸ ԵՒ ՍՈՒՏ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ
   
1. Լաւ կը լինէր, եթէ մի փոքր հանդուրժէիք իմ անմտութիւնը. եւ անշուշտ կը հանդուրժէք.
2. ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծու նախանձախնդրութեամբ. որովհետեւ ձեզ նշանեցի մի մարդու՝ որպէս մի անբիծ կոյս Քրիստոսին ներկայացնելու համար:
3. Բայց երկիւղ եմ կրում, թէ մի գուցէ, ինչպէս օձն իր խորամանկութեամբ խաբեց Եւային, ձեր միտքը ապականուի ու շեղուի Քրիստոսի հանդէպ ձեր ունեցած պարզամտութիւնից 1126.
4. որովհետեւ, եթէ որեւէ մէկը գայ ու քարոզի մի ուրիշ Քրիստոս, որին մենք չքարոզեցինք, կամ առնէք ուրիշ հոգի, որը չառաք մեզնից, կամ ուրիշ աւետարան, որը չընդունեցիք մեզնից, շատ լաւ պիտի անսայիք նրան:
5. Բայց ես այնպէս եմ կարծում, թէ ոչ մի բանով պակաս չեմ գերընտիր առաքեալներից:
6. Թէպէտեւ անվարժ եմ խօսքի մէջ, բայց ոչ՝ գիտութեամբ. սակայն ամէն ինչում մեր գիտութիւնը ամբողջովին ցոյց տուինք ձեզ:
7. Եւ մի մե՞ղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, քանի որ Աստծու Աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ:
8. Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի՝ թոշակ առնելով, որպէսզի ձե՛զ ծառայեմ:
9. Եւ երբ եկայ ձեզ մօտ, թէպէտեւ կարիքի մէջ էի, ձեզնից ոչ ոքի բեռ չեղայ. քանի որ իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները: Եւ ամէն կերպ, առանց ձեզ բեռ լինելու, ինքս ինձ պահեցի եւ պիտի պահեմ,
10. որովհետեւ իմ մէջ կայ Քրիստոսի ճշմարտութիւնը: Այս պարծանքը չի վերանայ ինձնից Աքայիայի կողմերում էլ:
11. Ինչո՞ւ: Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ: Աստուած գիտէ այդ:
12. Ինչ որ անում եմ ես, ինչ որ անելու եմ, նրա համար է, որ վերացնեմ պատճառաբանութիւնները նրանց, որ պատճառ են փնտռում, որպէսզի պարծենան, թէ իրենք էլ իբր մեզ նման աշխատում են.
13. որովհետեւ այդպիսիները՝ սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, կերպարանաւորւում են Քրիստոսի առաքեալների կերպարանքով.
14. եւ դա զարմանալի բան չէ. քանզի ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ:
15. Եւ տարօրինակ չէ, որ նրա պաշտօնեաներն էլ կերպարանաւորուեն որպէս արդարութեան պաշտօնեաներ, որոնց վախճանը կը լինի ըստ իրենց գործերի:
   
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՇՏՕՆԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ
   
16. Դարձեալ ասում եմ. ոչ ոք ինձ յիմար թող չհամարի, - կամ գոնէ իբրեւ յիմար ընդունեցէք ինձ, - որպէսզի ես էլ մի փոքր պարծենամ:
17. Եւ ինչ որ խօսում եմ, ոչ թէ ըստ Տիրոջ ուզածի եմ խօսում, այլ՝ որպէս մի յիմար, որ պարծենալու վիճակի մէջ է գտնւում:
18. Եւ որովհետեւ շատերն են պարծենում մարդկային նկատումներից առաջնորդուած, ես էլ եմ պարծենալու:
19. Դուք՝ իմաստուններդ, անմիտներին սիրով էք հանդուրժում,
20. քանի որ հանդուրժում էք, եթէ մէկը խաբում է ձեզ, եթէ մէկը ծառայի տեղ է դնում ձեզ, եթէ մէկն ուտում է ձեր ունեցուածքը, եթէ մէկը վերցնում է, ինչ որ ձերն է, եթէ մէկը յոխորտում է, եթէ մէկը հարուածում է ձեր երեսին:
21. Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչ բանի մէջ համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու:
22. Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ.
23. Աբրահամի՞ սերունդ են՝ ես էլ. Քրիստոսի՞ պաշտօնեաներ են (առաւել յանդգնութեամբ կ՚ասէի, թէ)՝ ես առաւե՛լ եւս: Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւե՛լ եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի՛ քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ:
24. Հրեաներից, հինգ անգամ, քառասունից մէկով պակաս ծեծ կերայ.
25. երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի:
26. Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ՝ աւազակներից. վտանգներ՝ ազգակիցներից. վտանգներ՝ հեթանոսներից. վտանգներ՝ քաղաքում. վտանգներ՝ անապատում. վտանգներ՝ ծովում. վտանգներ՝ սուտ եղբայրներից:
27. Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան:
28. Մէկ կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն իմ վրայ էր
կուտակւում 1127. կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը:
29. Կա՞յ տկար մէկը, որի հետ ես էլ տկարացած չլինեմ. կա՞յ գայթակղուած մէկը, որի համար իմ սիրտը այրուած չլինի:
30. Եթէ պարծենալ է պէտք, իմ տկարութեանը վերաբերող բաներով պիտի պարծենամ:
31. Աստուած եւ մեր Տէր Յիսուսի հայրը, որ օրհնեալ է յաւիտեանս, գիտէ, որ չեմ ստում:
32. Դամասկոսում Արետաս արքայի կառավարիչը հսկողութեան տակ էր պահում Դամասկոս քաղաքը՝ ինձ բռնելու համար.
33. բայց պատուհանից զամբիւղով ինձ կախեցին պարսպից ներքեւ, եւ ես փախայ նրա ձեռքից: