ՆՈՐ ՈՒԽՏԻ ՊԱՇՏՕՆԵԱՆ
1. Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտեւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ՝ պահանջելու ձեզնից.
2. այլ մեր թղթերը դուք էք՝ գրուած մեր սրտերում, ճանաչուած եւ կարդացուած բոլոր մարդկանցից:
3. Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ:
4. Այսպիսի մի վստահութիւն ունենք առ Աստուած՝ Քրիստոսի միջոցով.
5. մենք անձամբ մեզնից որեւէ բան խորհելու կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողութիւնը,
6. որը եւ կարող դարձրեց մեզ նոր Ուխտի պաշտօնեաներ լինելու՝ ոչ թէ գրով, այլ հոգով, քանի որ օրէնքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում:
7. Արդ, եթէ քարեղէն տախտակների վրայ գրով դրոշմուած մահուան ծառայող օրէնքը տրուեց այնպիսի փառքով, որ իսրայէլացիները չկարողացան նայել Մովսէսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ վաղանցուկ էր,
8. որչա՜փ եւս առաւել հոգու ծառայութիւնը փառքով կը լինի.
9. արդարեւ, եթէ օրէնքը, որ դատապարտելու պաշտօնն ունէր, փառաւոր էր, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի հոգին, որ արդարացնելու պաշտօն ունի.
10. քանի որ այն, որ փառաւոր էր, անփառունակ դարձաւ նրա՛ առաջ, որի փառքը գերազանց էր.
11. որովհետեւ, եթէ, ինչ որ վաղանցուկ էր, տրուեց փառքով, որչա՜փ եւս առաւել փառաւոր կը լինի այն, որ գալու էր:
12. Եւ արդ, քանի որ այսպիսի յոյս ունենք, մեծ համարձակութիւն ենք ունենում մեր վարմունքի մէջ.
13. եւ ոչ Մովսէսի նման, որ քող էր գցում իր երեսին, որպէսզի իսրայէլացիները չտեսնեն այն փառքը, որ վաղանցուկ էր:
14. Բայց նրանց միտքը կուրացաւ. քանի որ մինչեւ այսօր նոյն քողը ձգուած մնում է Հին Կտակարանի ընթերցուածների վրայ եւ չի վերանում, որովհետեւ Քրիստոսի միջոցով է վերացուելու:
15. Եւ մինչեւ այսօր, երբ Մովսէս են կարդում, նոյն վարագոյրը մնում է նրանց սրտերի վրայ:
16. Իսկ երբ դառնան Տիրոջը, ապա վարագոյրը կը վերացուի,
17. որովհետեւ Տէրն ինքը Հոգին է. ուր որ Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատութիւն է:
18. Եւ մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպէս հայելու մէջ, նոյն պատկերով ենք նորոգւում փառքից փառք, որպէս թէ Տիրոջ Հոգով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: