Գիրք` 23. Յովհաննէս Առաքեալի առաջին թուղթը

Գլուխ 3

ԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆԵՐԸ
   

1. Տեսէ՛ք ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծու որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց:
2. Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու: Գիտենք, որ, երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ:
3. Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ 1229, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա՛ է մաքուր:
4. Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրէնութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրէնութիւն է:
5. Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ:
6. Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել:
7. Որդեակնե՛ր, թող ոչ ոք ձեզ չխաբի. ով արդարութիւն է անում, արդար է, ինչպէս որ նա՛ է արդար:
8. Եւ ով մեղք է գործում, այդ՝ Սատանայից է, քանի որ Սատանան մեղանչող է ի սկզբանէ: Աստծու Որդին հէնց նրա համար յայտնուեց, որ քանդի Սատանայի գործերը:
9. Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած:
10. Սրանո՛վ են տարբերւում միմեանցից Աստծու որդիները եւ Սատանայի որդիները: Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս նա՝ ով չի սիրում իր եղբօրը:

   
ՍԻՐԵԼ ՄԻՄԵԱՆՑ
   

11. Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց.
12. ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը: Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի:
13. Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ:
14. Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ:
15. Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի:
16. Սէրը նրանո՛վ ճանաչեցինք, որ Յիսուս իր կեա՛նքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը:
17. Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ:
18. Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ:
19. Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ Նրա առաջ կանգնելու վստահութիւն կ՚ունենան մեր սրտերը:
20. Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան:
21. Սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը մեզ չդատապարտեն, համարձակութիւն կ՚ունենանք Աստծու առաջ.
22. եւ ինչ էլ որ հայցենք, կը ստանանք նրանից, որովհետեւ պահում ենք նրա պատուիրանները եւ կատարում նրան հաճելի բաները:
23. Եւ նրա պատուիրանը այս է. որ հաւատանք իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի անուանը եւ սիրենք միմեանց, ինչպէս որ նա՛ պատուիրեց մեզ:
24. Եւ ով պահում է նրա պատուիրանները, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած՝ նրա մէջ: Եւ մեր մէջ Աստծու բնակուելը իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որը նա տուեց մեզ: