ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ
1. Այդ որտեղի՞ց պատերազմներ եւ որտեղի՞ց կռիւներ ձեր մէջ. չէ՞ որ ձեր այն ցանկութիւններից, որոնք կռիւ են մղում ձեր անդամների մէջ:
2. Ցանկանում էք, բայց չունէք, ուստի եւ՝ սպանում էք, նախանձում եւ չէք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում էք, կռւում եւ ձեռք չէք բերում, որովհետեւ չէք խնդրում:
3. Խնդրում էք եւ չէք ստանում, որովհետեւ չարամտօրէն էք խնդրում, որպէսզի այն ծառայեցնէք ձեր ցանկութիւններին:
4. Շնացողնե՛ր, չգիտէ՞ք, որ սէրը այս աշխարհի հանդէպ՝ թշնամութիւն է Աստծու դէմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կ՚անի:
5. Կամ թէ՝ առ ոչինչ էք համարում, ինչ որ Գիրքն ասում է.
- «Աստուած նախանձախնդրութեամբ
պահանջում է այն հոգին,
որ բնակեցրեց մեր մէջ»:
6. Եւ այդ նրա համար, որ է՛լ աւելի շնորհ տայ. դրա համար ասում է.
- «Տէրն ամբարտաւաններին հակառակ է,
բայց խոնարհներին շնորհ է տալիս»1214:
7. Հնազանդուեցէ՛ք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցէ՛ք Սատանային, ու նա կը փախչի ձեզանից:
8. Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ: Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը.
9. տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան:
10. Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կը բարձրացնի:
11. Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէ՛ք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր:
12. Կայ մէ՛կ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՐԾԵՆԱԼՈՒՑ
13. Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կը գնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կը մնանք այնտեղ, կը վաճառենք եւ կը վաստակենք»:
14. (Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում):
15. Մինչդեռ դուք ասելու էք. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»:
16. Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ: Այսպիսի ամէն պարծանք չար է:
17. Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: